Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը «խորը մտահոգություն» է հայտնում օտարերկրյա գործակալի օրինագիծը Վրաստանում կրկին շրջանառելու առիթով


Վրաստան - «Օտարերկրյա գործակալի» մասին օրինագծի դեմ բողոքի ցույցը խորհրդարանի շենքի դիմաց, Թբիլիսի, 4-ը ապրիլի, 2024թ.
Վրաստան - «Օտարերկրյա գործակալի» մասին օրինագծի դեմ բողոքի ցույցը խորհրդարանի շենքի դիմաց, Թբիլիսի, 4-ը ապրիլի, 2024թ.

«Մենք խորապես մտահոգված ենք, որ Վրաստանի խորհրդարանում շրջանառության մեջ դրված օրինագիծը շեղում է Վրաստանին եվրոպական ուղուց և վնաս հասցնում քաղաքացիական հասարակության կազմակերպություններին՝ բարելավելու Վրաստանի քաղաքացիների կյանքը։ Մենք Վրաստանի կառավարությանը կոչ ենք անում առաջ տանել Եվրամիությանն անդամակցելու իրենց ձգտումները», - հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։ Հայտարարության տեքստը տարածել է Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը։

Վրաստանի իշխանությունների որոշումը քննադատել է նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ «Ես դեմ եմ Վրաստանի կառավարության ցանկացած փորձին՝ նորից կյանքի կոչելու օտարերկրյա գործակալի, կամ օտարերկրյա ազդեցության մասին օրինագիծը, քանի որ իրականում այդ գործողությունը դեմ է Վրաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը», - մամուլի ասուլիսում հայտարարել է Յենս Ստոլտենբերգը։

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն Վրաստանի իշխանություններին կոչ է արել հետ կանչել օրինագիծը։

Արևմտյան մի շարք երկրներ ևս քննադատել են այդ օրինագծին վերադառնալու Վրաստանի իշխանությունների քայլը։

Երեկ երեկոյան Վրաստանի խորհրդարանի մոտ բողոքի ակցիա է անցկացվել օրինագծի դեմ։ Ցուցարարները և ընդդիմությունը պնդում են, որ այն ռուսական նմանատիպ օրենքի կրկնությունն է, և պահանջում են հրաժարվել օրինագծից։

Անցած տարի, երբ առաջին անգամ վիճահարույց օրինագիծը շրջանառության մեջ էր դրվել, Վրաստանում զանգվածային բողոքի ցույցեր էին սկսվել, և իշխանությունները ստիպված հետքայլ կատարեցին՝ շրջանառությունից հանելով օրինագիծը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG