Մատչելիության հղումներ

ՄԱԿ ՄԻ խորհուրդն ընդունել է «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը


ՄԱԿ Մարդու իրավունքների խորհուրդն այսօր ընդունել է Հայաստանի կողմից ներկայացված «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը, հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը: Երկու տարին մեկ ներկայացվող բանաձևը ՄԱԿ-ի անդամ երկրների ուշադրությունն է հրավիրում ոճրագործության կրկնության ռիսկերի և դրանք կանխելու անհրաժեշտության վրա:

Ըստ ԱԳՆ-ի, այս տարվա բանաձևի տեքստում, հաշվի առնելով ժամանակակից մարտահրավերները` ավելացվել են վաղ նախազգուշացման և ցեղասպանությունների հետ կապված ռիսկերի վերաբերյալ դրույթներ: Մասնավորապես, նման ռիսկերի շարքում նշվում են զինված հակամարտությունների օգտագործումը ցեղասպանություն իրականացնելու նպատակով և որպես պատերազմ վարելու արգելված միջոց խաղաղ բնակչությունը սովի մատնելու անթույլատրելիությունը:

Բանաձևն անպատժելիությունը որակում է որպես ցեղասպանությունների, պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների ռիսկի զգալի գործոն` ընդգծելով, որ այն պետք է հասցեագրվի հետաքննության, քրեական հետապնդման և պատժի միջոցով: Այն հատուկ նշում է Արդարադատության միջազգային դատարանի դերը ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժի հարցերում:

Փաստաթղթով նախատեսվում է ՄԻԽ 58-րդ նստաշրջանում պանելային քննարկում անցկացնել վաղ նախազգուշացման թեմայով. «Կոչ է արվում ՄԱԿ Մարդու իրավունքների բարձր հանձնակատարի գրասենյակին քաջալերել ինչպես անդամ պետությունների, այնպես էլ ՄԱԿ ԳՔ Ցեղասպանության կանխարգելման հարցով հատուկ խորհրդականի, պայմանագրային մարմինների, հատուկ ընթացակարգերի, քաղաքացիական հասարակության, մարդու իրավունքների ազգային ինստիտուտների, ակադեմիական շրջանակների և մասնավոր հատվածի մասնակցությունը միջոցառմանը»:

Բանաձևը լայն աջակցություն է վայելում, ինչի վկայությունն է բոլոր հինգ տարածաշրջանային խմբերը ներկայացնող երկրների կողմից դրա համահեղինակումը, նշված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG