Մատչելիության հղումներ

Թեհրանը սպառնում է պատասխանել Դամասկոսում Իրանի հյուպատոսարանին հասցված հարվածին


Սիրիա - Դամասկոսում Իրանի հյուպատոսարանի փլատակները հարվածից հետո, 2-ը ապրիլի, 2024թ.
Սիրիա - Դամասկոսում Իրանի հյուպատոսարանի փլատակները հարվածից հետո, 2-ը ապրիլի, 2024թ.

Թեհրանը սպառնում է անպատասխան չթողնել Դամասկոսում Իրանի հյուպատոսարանին հասցված օդային հարվածը, որի հետևանքով սպանվել են մի խումբ իրանցի բարձրաստիճան զինվորականներ, այդ թվում՝ «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» «Քուդս» ուժերի բարձրաստիճան հրամանատար, գեներալ Մոհամմադ Ռեզա Զահեդին և նրա տեղակալ Մոհամմադ Խադի Խաջի Ռահիմին:

Իրանի իշխանությունները «վախկոտ հանցագործություն» են որակում Իսրայելի օդուժի հարվածը, որն, ըստ ամենայնի, հասցվել է օկուպացված Գոլանի բարձունքներից՝ է՛լ ավելի բորբոքելով լարվածությունը տարածաշրջանում՝ Գազայի հատվածում Իսրայելի և Իրանի դաշնակից «Համաս» խմբավորման միջև վեց ամիս շարունակվող պատերազմի ֆոնին։

Իրանական և սիրիական պաշտոնական աղբյուրների համաձայն՝ հարձակումը տեղի է ունեցել երեկ երեկոյան․ Սիրիայում Իրանի դեսպան Հոսեյն Աքբարիի խոսքով՝ հարվածը հասցվել է F-35 կործանիչներից, որոնք 6 հրթիռ են արձակել շենքի վրա։ Հարձակումից հետո կանգուն է միայն հյուպատոսարանի շենքի դարպասը՝ «Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժին» գրությամբ։ Ամբողջովին ավերված հյուպատոսարանի տարածքում մինչ այս պահն էլ փրկարարները փլատակներում տուժածների են փնտրում։

Նեթանյահուի կառավարությունը սովորության համաձայն հրաժարվում է մեկնաբանել իրեն ուղղված մեղադրանքները։

Թեհրանում, մինչդեռ, կասկած չունեն՝ իրանական դիվանագիտական ներկայացուցչության դեմ հարձակման ետևում Իսրայելն է կանգնած: «Մենք կստիպենք նրանց զղջալ այս և մյուս հանցագործությունների համար» , - հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին։

Իրանի ամենաազդեցիկ ուժային կառույցի յոթ բարձրաստիճան զինվորականների՝ երկու գեներալի, հինգ սպայի կյանք խլած ավիահարվածը Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին «կույր ահաբեկչություն» է որակել՝ պնդելով, որ տեղի է ունեցել «միջազգային կանոնների բացահայտ խախտում», որն «անպատասխան չի մնա»։

Սիրիայի մայրաքաղաքում գտնվող իրանական դիվանագիտական կառույցին հասցված մահացու հարվածը Մոսկվայի նախաձեռնությամբ այսօր կքննարկվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում:

Մինչ այդ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է Իսրայելի հարվածը՝ ընդգծելով դիվանագիտական և հյուպատոսական կառույցների անձեռնմխելիության սկզբունքի հարգման անհրաժեշտությունը՝ միջազգային իրավունքին համապատասխան։

Տեղի ունեցածը մտահոգել է նաև Եվրամիությանը․ պաշտոնական Բրյուսելը հորդորել է «զսպվածություն դրսևորել՝ ծայրաստիճան պայթյունավտանգ տարածաշրջանում հետագա էսկալացիա թույլ չտալու համար»:

Սպիտակ տունը ևս հայտարարել է, որ տեղյակ է կատարվածի մասին, Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերն էլ ասել է, որ Վաշինգտոնին «մտահոգում է այն ամենը, ինչը կարող է էսկալացիայի տանել կամ մեծացնել տարածաշրջանում հակամարտությունների սրման վտանգը»։

Վերջին տարիների ընթացքում Իսրայելը բազմիցս է հարվածներ հասցրել Սիրիային՝ թիրախների, որտեղ իսրայելցի զինվորականների ենթադրությամբ կարող էին իրանական բազաներ լինել։

Հարձակումներն ահագնացան հատկապես Արևմուտքի կողմից ահաբեկչական կառույց ճանաչված «Համաս»-ի՝ անցած տարվա հոկտեմբերի 7-ին Իսրայելի դեմ հարձակումից հետո։

Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի ներկայացուցիչները պաշտոնական Դամասկոսի հրավերով Սիրիայում են 2011 թվականից՝ Ռուսաստանի հետ միասին ռազմական, քաղաքական աջակցություն ցուցաբերելու Բաշար Ասադին՝ ռեժիմի ընդդիմախոների և ապստամբ խմբավորումների դեմ պայքարում։

Հունվարին էլ Դամասկոսում կրկին հրթիռային հարվածներից սպանվեցին Իրանի հետախուզության ղեկավարները և Հեղափոխության պահապանների կորպուսի չորս անդամներ։ Այդ ժամանակ էլ Իրանը Իսրայելին մեղադրեց հարձակման համար։

Այսօր Թեհրանում հարյուրավոր մարդիկ փողոց էին դուրս եկել՝ դատապարտելու Իսրայելի հերթական ավիահարվածը, և կոչ էին անում Իրանի կառավարությանը կոշտ հակաքայլեր ձեռնարկել.

«Իսրայելը շատ ամբարտավան է դարձել, և շատ վատ է, որ Իսրայելը խախտել է Իրանի տարածքը։ Նրանք նաև հարձակվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան հրամանատարի վրա։ Իրանից շատ ավելի կոշտ պատասխան է ակնկալվում»:

«Կարծում եմ՝ Իրանը պետք է վճռական արձագանքի, քանի որ Իսրայելի շարունակական գործողությունները ոչ միայն Իրանի համար են շատ վտանգավոր, այլև տարածաշրջանի երկրների համար են սպառնալիքներ ստեղծում»։

Թե ինչպիսին կլինի Իրանի պատասխանը վաղեմի հակառակորդի հարվածին, Թեհրանը չի բացահայտում։ Արևմտյան մամուլում այսօր մտավախություններ են հնչում, որ Իսրայելի և Իրանի միջև առճակատումը կարող է վերածվել բացահայտ պատերազմի: Մինչ այդ, Թեհրանն աջակցում է «Հըզբոլլա» խմբավորմանը, որը փաստացի պատերազմ է մղում Իսրայելի դեմ Լիբանանի տարածքից։

XS
SM
MD
LG