Մատչելիության հղումներ

Բաքուն կոշտացնում է հռետորաբանությունը, ԵՄ-ն ու ԱՄՆ-ը՝ կասկածի տակ դնում նրա մեղադրանքները


Սահմանին տևական ժամանակ հարաբերական կայունությունից հետո Երևանն ու Բաքուն միմյանց մեղադրում են հրադադարը խախտելու մեջ։

Նախ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն առավոտյան հայտարարեց, թե երեկ գիշերը՝ ժամը 10-ի հատվածում, հայկական զինված ուժերը շուրջ 20 րոպե հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Նախիջևանի ուղղությամբ։ Հայաստանի ռազմական գերատեսչությունն անմիջապես հերքեց Բաքվի մեղադրանքները՝ տեղեկացնելով, որ երեկ գիշերը՝ նույն ժամանակահատվածում, հենց ադրբեջանական զինուժն է կրակ բացել Գեղարքունիքի մարզի Կութ և Սյունիքի Տեղ գյուղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Հայկական կողմի այս հաղորդագրությունը Բաքուն մինչև այս պահը չի հերքել։

Կութում երեկ գիշերը լսել են ադրբեջանական զինուժի կրակոցները

Կութի գյուղապետ Գրիգորի Ավակյանը հաստատեց՝ գյուղում երեկ լսել են կրակոցների ձայները։

«Դիրքերը մոտ են, դրա համար ցանկացած կրակոց լսվում է: [Կրակոցները] մի քանի հոգի լսել են, կոնկրետ ես չեմ լսել, բայց զանգեցին, այդ պահին ասացին, ես տարածքում չէի: Հիմա ամեն ինչ կարևորը նորմալ է», - ասաց Ավակյանը:

Տեղ համայնքում կրակոցներ չեն լսել։ Համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը չի բացառում, որ դրանք ավելի հեռվում են հնչել. - «Միգուցե հեռու է եղել, մենք չենք լսել»։

Թեև տևական ժամանակ կողմերը հրադադարի խախտումների մասին տեղեկություններ չէին հաղորդում, Բաքուն վերջին օրերին պնդում էր, թե Հայաստանի բանակը սահմանի տարբեր հատվածներում անձնակազմի, զրահատեխնիկայի, հրետանային և կրակային այլ միջոցների կուտակումներ և ակտիվ տեղաշարժեր է իրականացնում: Հայաստանի պաշտպանության նախարարությունն ի պատասխան, արդեն երկու անգամ հերքել է Բաքվի այդ պնդումներն, ընդգծելով՝ դրանք իրականությանը չեն համապատասխանում։

«Հայաստանի սուվերեն տարածքում ինժեներական աշխատանքների իրականացումը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, դրանք կրում են բացառապես պաշտպանական բնույթ և միտված են Հայաստանի տարածքային ամբողջականության պաշտպանությանը», - հայտարարել է Հայաստանի ՊՆ-ն:

Պաշտոնական Վաշինգտոնը զգուշացնում է՝ «էսկալացիան ոչ մեկին ձեռնտու չէ»

Հրադադարի խախտման մասին կողմերի հայտարարությունից ժամեր առաջ պաշտոնական Վաշինգտոնը զգուշացրել է զերծ մնալ սրվող հռետորաբանությունից կամ սահմանի երկայնքով ռազմական գործողություններից: Ընդ որում՝ անդրադառնալով վերջին օրերին Ադրբեջանի շարունակական պնդումներին, թե Հայաստանը զինտեխնիկա և զորք է կուտակում սահմանին՝ սրելով իրավիճակը, Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերն, ըստ էության, կասկածի տակ է դրել Բաքվի այդ մեղադրանքները։

«Եվրամիության դիտորդական առաքելությունը երեկ ասել է, որ հայ-ադրբեջանական սահմանին հանգիստ է և խաղաղ, և զորքերի ու հրետանու արտասովոր տեղաշարժեր չկան՝ չնայած այդ հայտարարություններին», - նշել է Միլլերը:

«Մենք զգուշացնում ենք և կշարունակենք զգուշացնել զերծ մնալ սրվող հռետորաբանությունից կամ սահմանի երկայնքով ռազմական գործողություններից: Շարունակում ենք խրախուսել տարածաշրջանում արդար և արժանապատիվ խաղաղության պայմանների ստեղծումը, որտեղ հարգվում են բոլորի իրավունքները։ Կայուն խաղաղություն ապահովելու միակ ճանապարհը բանակցությունների սեղանն է», - ընդգծել է Պետդեպարտամենտի խոսնակը։

Արդյոք ԱՄՆ-ն կապ հաստատելու է Բաքվի հետ՝ էսկալացիան կանխելու համար, խոսնակն ասել է. - «Կշարունակենք հստակեցնել Հայաստանի և Ադրբեջանի համար, որ էսկալացիան ոչ մեկին ձեռնտու չէ»։

Լարվածության աճի այս ֆոնին՝ վարչապետ Փաշինյանն օրերս կրկին զգուշացրել էր Ադրբեջանի կողմից լայնածավալ պատերազմ սկսելու մտադրության մասին։

«Ադրբեջանը փորձում է գտնել պատրվակներ տարածաշրջանում նոր, լայնամասշտաբ պատերազմ մեկնարկելու համար», - նշել է Փաշինյանը։

Ադրբեջանը հող է նախապատրաստում նոր էսկալացիայի համար. վերլուծաբան

Քաղաքական վերլուծաբան Տիգրան Գրիգորյանի գնահատմամբ՝ Ադրբեջանն ինֆորմացիոն հող է նախապատրաստում էսկալացաիայի համար, իսկ պատճառը ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Բլինքեն- Ֆոն դեր Լայեն հանդիպումն է։ Ադրբեջանն, ըստ վերլուծաբանի, իր քայլերով մեսիջ է հղում թե՛ Արևմուտքին, թե՛ Հայաստանին։

«Ադրբեջանը հետաքրքրված չէ, որ արևմտյան դերակատարները ավելի մեծ ներգրավվածություն ունենան մեր տարածաշրջանում, և վերջին վեց ամիսների իրենց ողջ քաղաքականությունն ուղղված է հենց արևմտյան ազդեցության սահմանափակման ուղղությամբ, և նմանատիպ քայլերով նրանք ազդակ են հղում ոչ միայն Հայաստանին, այլև Միացյալ Նահանգներին ու Եվրամիությանը, որ պետք չէ գնալ նմանատիպ քայլերի։ Հայաստանին ուղղված գլխավոր ազդակը կայանում է նրանում, որ արտաքին դերակատարներն ի վիճակի չեն լինելու պաշտպանել ձեզ նոր էսկալացիաներից, ռազմական վտանգներից», - ասաց նա։

Նախօրեին անդրադառնալով Բրյուսելում ապրիլի 5 -ին նախատեսված եռակողմ հանդիպմանը՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակն ընդգծել է, որ այն Հայաստանի բարեփոխումների, ժողովրդավարության տնտեսության մասին է, և որ խաղաղ գործընթացն այդ հանդիպման օրակարգում չէ:

Բաքուն «կողմնակալ, երկակի ստանդարտների վրա հիմնված» էր որակել բրյուսելյան հանդիպումը՝ Երևանին, Բրյուսելին ու Վաշինգտոնին կոչ անելով ձեռնպահ մնալ քայլերից, որոնք կարող են վնասել խաղաղության ջանքերին, տարածաշրջանում էսկալացիայի և լարվածության նոր ալիք հրահրել։ Երևանից արձագանքել էին՝ հանդիպումը որևէ երրորդ կողմի դեմ չէ։

XS
SM
MD
LG