Մատչելիության հղումներ

ՀՀ-ն ստիպված եղավ փնտրել այլընտրանքներ՝ լրացնելու փլուզված անվտանգային բացերը. Մարիա Կարապետյան


Հայաստանը ջանքեր է գործադրել իր անվտանգային գործընկերների հարցում դիվերսիֆիկացիա մտցնելու, և բրյուսելյան եռակողմ հանդիպումը հնարավորություն կստեղծի նաև տնտեսության հարցում նման քայլեր կատարել, «Ազատության»-ն ասաց «Եվրանեսթ» ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագրից» պատգամավոր Մարիա Կարապետյանը։

Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

«Ազատություն» - Հայաստանի վարչապետը իր մի հայտարարությամբ հանրային քննարկում սկսեց, թե արդյոք Հայաստանը պետք է Եվրամիության անդամակցության հայտ ներկայացնի։ Այսպիսով իշխող քաղաքական ուժը սկսեց մի գործընթաց, որի վերջնանպատակը, կարելի է ասել, ԵՄ-ին անդամակցելն է, սակայն դրա համար, իհարկե, տարիներ կպահանջվեն։ Մինչ այդ շատ ավելի հավանական կարող է դառնալ թեկնածու երկրի կարգավիճակ ստանալը։ Հիմա մենք կարո՞ղ ենք ասել, որ վարչապետը հենց այս հեռանկարը նկատի ուներ, երբ Եվրախորհրդարանում ասում էր, թե պատրաստ է մոտենալ Եվրամիությանը այնքան, որքան ԵՄ-ն նպատակահարմար կգտնի։

Մարիա Կարապետյան - Ես կառաջարկեի, որ մենք իրադարձություններից առաջ չընկնենք, այսինքն՝ արվել է հանրային քննարկումների հրավեր, և մենք հիմա գտնվում ենք այդ հանրային քննարկումների փուլում։ Իմիջիայլոց, այս առումով ասեմ, որ նաև Ազգային ժողովի եվրաինտեգրման հարցերով հանձնաժողովը լսումներ է հրավիրել։ Մենք ուշի ուշով հետևում ենք հանրային այդ քննարկումներին, տարբեր շրջանակների արձագանքներին, բայց ես կառաջարկեի, որ բուն փաստերի իմաստով մենք մնանք նրա սահմաններում, ինչ արձանագրվել է՝ մի կողմից վարչապետի հայտարարությունն է Եվրոպական միության խորհրդարանում, մյուս կողմից՝ ԵԽ բանաձևում արձագանքն է վարչապետի այդ խոսքին։

«Ազատություն» - Բրյուսելում կայանալիք եռակողմ (Փաշինյան- ֆոն դեր Լայեն- Բլինքեն) հանդիպումը կարող է եվրաինտեգրման ճանապարհին կարևոր լինել։ Հանդիպման օրակարգում Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման հարցերն են։ Ի՞նչ ակնկալիքներ կարող է ունենալ Հայաստանի հանրությունը, օրակարգում կարո՞ղ են նաև անվտանգային հարցեր լինել։

Մարիա Կարապետյան - Ապրիլի 5-ի հանդիպումը, օրինակ, շատ կոնկրետ հարցերի է նվիրված լինելու, և ինչպես նշեցիք, տնտեսական հարցերը գերակայելու են այդ օրակարգում, ընդ որում՝ հաշվի առնելով, որ տնտեսությունը նաև անվտանգության կարևոր բաղադրիչ է։ Այո, մենք հույս ունենք, որ ապրիլի 5-ի հանդիպման ընթացքում կարևոր որոշումներ կկայացվեն Հայաստանի տնտեսական հնարավորությունները ևս դիվերսիֆիկացնելու։

Ինչպես գիտեք, անցած ամիսների ընթացքում Հայաստանը ջանքեր է գործադրել իր անվտանգային գործընկերների հարցում դիվերսիֆիկացիա մտցնելու, և ահա այս հանդիպումը հնարավորություն կստեղծի նաև տնտեսության հարցում նման քայլեր կատարել։ Այո, կախվածությունը մեկ դերակատարից կամ քիչ թվով դերակատարներից լավ բան չէ ցանկացած պետության համար, և մենք քայլեր ենք ձեռնարկում, որ մեր հարաբերությունները աշխարհում իսկապես լինեն բազմազան, Հայաստանի արտադրողների առջև բացվեն նոր շուկաներ։

«Ազատություն» - Ռուսաստանը շարունակաբար մեղադրում էր եվրոպացիներին, որ նրանք ցանկանում են Հայաստանի միջոցով հակառուսական հարթակ ստեղծել Հարավային Կովկասում։ Հիմա ՌԴ արտգործնախարարը քննադատում է Նիկոլ Փաշինյանի կառավարությանը, ասում է, թե հայ-ռուսական հարաբերությունները կազմաքանդվում են, իսկ ԱԳՆ խոսնակն ասում է, որ բրյուսելյան հանդիպումն ուղղված է Հարավային Կովկասում նոր բաժանարար գծեր ստեղծելուն։

Մարիա Կարապետյան - Տևական ժամանակ Հայաստանը մեծ ջանք էր գործադրում՝ նույն բանն անելու, ասելու Ռուսաստանին, որ Հարավային Կովկասում ահա, Ռուսաստա՛ն, քո շահերը փոխկապակցված են Հայաստանի հետ, մենք մի ճակատագիր ունենք։ Այսինքն՝ այն խոսույթը, որը մենք այսօր լսում ենք Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաներից, օրինակ՝ հայ ժողովրդի շահեր, նման բան Հայաստանն էր տարիներ շարունակ ասում Ռուսաստանին, սակայն մենք տեսանք, որ Ռուսաստանը չվստահեց մեր այդ հրավերին, չարձագանքեց մեր այդ հրավերին։ Ընդ որում՝ կարևոր է շեշտել, որ Հայաստանի խոսելու պարագայում սրանք պարզապես պատմական դինամիկաներին հղումներ չէին, հղումներ էին կոնկրետ գործով իրավական փաստաթղթերին։

Սակայն, այդ արձագանքը չեղավ, և Հայաստանը, Հայաստանի ժողովուրդը գործնականում ցավով համոզվեց, ստուգեց, որ այդ հարաբերության վրա հույս դնել հնարավոր չէ, տարբեր դրվագներով, և դրանցից ամենացայտունը, թերևս, 2022թ. սեպտեմբերի ներխուժումն էր ՀՀ սուվերեն տարածք, երբ ոչ Ռուսաստանը, ոչ ՀԱՊԿ-ը չկարողացան քաղաքականապես գրանցել այդ փաստը և համապատասխան քաղաքական դիրքավորում որդեգրել։

Եվ ահա Հայաստանը, որպեսզի նոր առիթների, որպեսզի գործնականում ապացուցվի, որ մենք չենք կարող հույս դնել այդ հարաբերությունների վրա մեր անվտանգային կարիքները հոգալու համար, ստիպված եղավ փնտրելու այլընտրանքներ՝ այդ փլուզված անվտանգային ճարտարապետության բացերը լրացնելու համար։

XS
SM
MD
LG