Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ն «անհեթեթություն» է որակել ահաբեկչությանը Ուկրաինայի մասնակցության մասին ռուսական պնդումը


ԱՄՆ-ն «անհեթեթություն» է որակել Մոսկվայի մերձակայքում գտնվող «Crocus» համալիրում տեղի ունեցած ահաբեկչությանը Ուկրաինայի մասնակցության մասին Ռուսաստանի հայտարարությունները։

«Միանգամայն ակնհայտ է, որ «Իսլամական պետությունն» է միանձնյա պատասխանատվություն կրում անցյալ շաբաթ Մոսկվայում տեղի ունեցած սարսափելի հարձակման համար: Իրականում Միացյալ Նահանգները փորձել է օգնել կանխել այդ հարձակումը, և Կրեմլը գիտի դա», - հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Քիրբին:

Ամերիկացի պաշտոնյայի խոսքով՝ Վաշինգտոնը մարտի 7-ի առավոտյան ռուսաստանյան հետախուզական ծառայություններին գրավոր նախազգուշացում է փոխանցել հարձակման մասին։ «Բացի այդ, հաջորդ օրը՝ մարտի 8-ին, մենք հրապարակային նախազգուշացրում արեցինք՝ խնդրելով ամերիկացի քաղաքացիներին խուսափել Մոսկվայում մեծ հավաքներից և համերգներից», - ասել է Քիրբին։

Նա հավելել է, որ մարտի 22-ի հարձակումից առաջ ԱՄՆ կառավարությունը Ռուսաստանի իշխանություններին մանրամասն տեղեկություններ է տրամադրել Մոսկվայում խոշոր հավաքների և համերգների դեմ ահաբեկչական սպառնալիքի մասին։

Քիրբիի այս հայտարարությունը հաջորդում է ՌԴ քննչական կոմիտեի հաղորդագրությանը, որում գերատեսչությունը պնդում է, թե ապացույցներ է ձեռք բերել, որոնց համաձայն՝ ահաբեկչությունը կատարողները կապեր են ունեցել ուկրաինացի ազգայնականների հետ, «Ուկրաինայից մեծ գումարներ և կրիպտոարժույթ են ստացել» և այդ միջոցներն օգտագործել հանցագործությունը նախապատրաստելու համար։

Սպիտակ տան պաշտոնյան այս մեղադրանքները «անհեթեթություն և քարոզչություն» է անվանել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG