Մատչելիության հղումներ

«Մենք հող հանձնող չենք». ուժային կառույցների ղեկավարներն ԱԺ-ում էին


Վարչապետ Փաշինյանի հայտարարությունից մեկ շաբաթ անց ի՞նչ է կատարվում Հայաստանի հյուսիսային սահմաններին։ Տավուշում պատերազմի սպառնալիք կա՞, ինչպես Փաշինյանն էր հայտարարել անցած շաբաթ։ Լրագրողներն այս հարցերի պատասխաններն Ազգային ժողովում այսօր փորձում էին լսել Գլխավոր շտաբի պետից։

Զինվորականների առջև այս պահին դրված խնդիրների մասին Գլխավոր շտաբի ղեկավարը ոչինչ չասաց։ Լրագրողների հարցերի տեղատարափին արձագանքում էր հպանցիկ ու կցկտուր։

«Դուք եթե հասկանում եք պատերազմ ասելիքը, պատերազմ կարող է լինել մեկ ժամ հետո, երկու ժամ հետո, մի տարի հետո, երկու տարի հետո, հինգ տարի հետո», - ասաց նա:

Լրագրողի հարցին, թե ինչպե՞ս է հասկացել Ոսկեպարում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ «եթե հողերը չհանձնենք պատերազմ կլինի», Ասրյանը պատասխանեց․ - «Մենք հող հանձնող չենք»։

Էդվարդ Ասրյանը Պաշտպանության նախարարության ղեկավար կազմի հետ խորհրդարանում էր կառավարության ծրագրի անցած տարվա կատարողականը զեկուցելու։ Նիստերի դահլիճից հեռացան այն մուտքից, որը նախատեսված է բարձրաստիճան պաշտոնյաների համար և այդպիսով խուսափեցին լրագրողների հարցերից։

Սուրեն Պապիկյանին ու գլխավոր շտաբի պետին հաջողվեց տեսնել մեքենաները նստելիս։ Պապիկյանն ընդհանրապես ոչ մի հարցի չպատասխանեց։

Պաշտպանության նախարարը կատարողականը զեկուցեց փակ դռների հետևում։ Կարճ նախաբանից հետո պահանջեց շարունակել առանց լրագրողների։ Իսկ տեսախցիկների առջև հայտարարեց, թե 2023-ը զինված ուժերի համար բարդ տարի էր։

«Տարվա ընթացքում զորքերը հիմնականում գտնվել են մարտական տարբեր պատրաստության աստիճաններում, իսկ կառավարման մարմիններն աշխատել են ուժեղացված աշխատանքային ռեժիմով: Մայիս և սեպտեմբեր ամիսներին անվտանգային իրավիճակի սրման հետ պայմանավորված զինված ուժերը բերվել են պատրաստականության կրկին տարբեր աստիճաններին», - հայտարարեց Պապիկյանը:

Այսօր խորհրդարանում էին նաև Ազգային անվտանգության ծառայության ղեկավարն ու ներքին գործերի նախարարը։ Ազգային անվտանգության նիստը դռնփակ անցավ, ոստիկանությանը՝ բաց։ Սակայն ուժային կառույցների երկու ղեկավարներն էլ խորհրդարանից հեռացան այն մուտքով, որով հիմնականում վարչապետն է այս դահլիճ մտնում։

Լրագրողներին մասնավորապես հետաքրքրում էր՝ ի՞նչ ճակատագրի է արժանացել ռուս սահմանապահներին «Զվարթնոց» օդանավակայանից հանելու կառավարության պահանջը։ Ռուսաստանից այս դիմումին արձագանքե՞լ են։ ԱԱԾ ղեկավարի տեղակալներից էլ չհաջողվեց պատասխանները լսել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG