Մատչելիության հղումներ

Ինչ սպասել Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպումից. մեկնաբանում է քաղաքագետը


Բրյուսելում ապրիլի 5-ին հանդիպելու են Հայաստանի վարչապետը, Միացյալ Նահանգների պետքարտուղարն ու Եվրոպական հանձնաժողովի նախագահը։

Միացյալ Նահանգների և Եվրոպայի բարձրաստիճան պաշտոնյաների հետ Հայաստանի ղեկավարի հանդիպման օրակարգի մասին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն է ընդհանուր տեղեկություններ հայտնել։ Նախատեսվում է քննարկել եռակողմ համագործակցության ուղիները։ Գրիգորյանի խոսքով՝ հանդիպումը նաև Հայաստանի դիմակայունությունն ամրապնդելու նպատակով է։

«Շատ կարևոր հանդիպում է, ըստ էության նույնիսկ կարող ենք ասել, որ աննախադեպ բան է, որ էս մակարդակի միջոցառում լինի այ հենց միայն Հայաստանի թեմայով, որ պետքարտուղարը, եվրոպական բարձր հանձնակատարները հանդիպում անցկացնեն Հայաստանի վարչապետի հետ՝ Հայաստանի թեմայով», - «Ազատության» հետ զրույցում ասաց քաղաքագետ Արեգ Քոչինյանը:

Մինչ Կառավարությունից մանրամասներ կհայտնեն, Քոչինյանն իր վերլուծությունն ունի՝ ինչ սպասել այս հանդիպումից։ Նրա գնահատմամբ՝ սա Հայաստան-Արևմուտք համագործակցության առավել գործնական փուլն է, երբ անվտանգային ու տնտեսական հարցերը պետք է քննարկվեն։

Քաղաքագետ Արեգ Քոչինյան, արխիվ
Քաղաքագետ Արեգ Քոչինյան, արխիվ

«Ես պատկերացնում եմ, որ ապրիլին կայանալիք գագաթնաժողովը հենց պետք է դառնա էն բովանդակային խոսակցությունը, որը որ պետք է կառուցի մեր նոր արտաքին քաղաքականությունը, պետք է կառուցի մեր նոր հարաբերությունները Արևմուտքի հետ», - նշեց քաղաքագետը:

Անցած նոյեմբերին ԱՄՆ Կոնգրեսում կայացած լսումների ընթացքում Հայաստան-Եվրամիություն-Միացյալ Նահանգներ եռակողմ քննարկումների մասին ակնարկել էր պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ'Բրայենը։

«Մեր պարտքն է Հայաստանի ժողովրդին՝ օգնել նրանց այս դժվարին իրավիճակում, որպեսզի այն ընտրությունները, որոնք նրանք կատարել են շատ խիզախորեն, կարողանան օգնել նրանց ունենալ ավելի անվտանգ, կայուն և բարեկեցիկ ապագա: Այսպիսով, մենք սերտորեն համագործակցում ենք Եվրամիության հետ՝ առաջիկա ամիսներին Հայաստանին աջակցության առաջարկ տրամադրելու ուղղությամբ», - հայտարարել էր ԱՄՆ փոխպետքարտուղարը:

Մինչ ապրիլյան հանդիպումը, վարչապետ Փաշինյանը, որն այսօր Բրյուսելում միջուկային էներգիայի գագաթնաժողովի է մասնակցում, հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, քննարկել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը վերաբերող հարցեր: Ֆրանսիայի նախագահի հետ էլ համագործակցության ընդլայնումն է քննարկել։ Մանրամասներ, սակայն, չկան։

Բրյուսելում է նաև Ազգային ժողովի նախագահը։ Նա էլ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում է խոսել Հայաստանի անվտանգության դիվերսիֆիկացիայի մասին։

«Մենք ծափահարում ենք Եվրամիությանը մեր համագործակցությունը խորացնելու հանձնառության համար», - հայտարարել է Ալեն Սիմոնյանը:

«Տարածաշրջանային անվտանգությունն ու Հայաստանի պաշտպանողական կարողությունները զարգացնելն ու դիվերսիֆիկացնելը մնում են առաջնահերթություն մեզ համար: Այս առումով մենք կարևորում ենք Խաղաղության եվրոպական գործիքի միջոցով Հայաստանին աջակցության տրամադրումը, միաժամանակ մենք աջակցություն ենք փնտրում ԵՄ անդամ բոլոր պետություններից», - ասել է ԱԺ նախագահը:

Իսկ անվտանգային ի՞նչ երաշխիքներ Արևմուտքը կարող է տալ Ռուսաստանից դեպի Եվրամիություն թեքվող Հայաստանին։ Պետք չէ չափազանց մեծ ակնկալիքներ ունենալ, ասում է քաղաքագետ Քոչինյանը։ Կլինեն ցնցումները մեղմող քայլեր, իսկ ցնցումներն անխուսափելի են արտաքին դիվանագիտության փոփոխության դեպքում։

«Ես տեսնում եմ, որ շատ մեծ ոգևորություն կա, և մենք ծայրահեղություն ենք որպես հասարակություն շատ հաճախ ընկնում: Չի լինելու իրավիճակ, երբ որ Արևմուտքը գալու է և մեր փոխարեն մեր բոլոր խնդիրները լուծելու է, չի լինելու իրավիճակ, որ, էսպես, գիտե՞ք, ձիերի վրա նստած, մեծ խաչերը բռնած գալու են մեզ փրկելու: Էդպես չի լինում պատմության մեջ, որևէ տեղ էդպես չի լինում», - ընդգծեց Արեգ Քոչինյանը:

Միաժամանակ, դրան զուգահեռ, քաղաքագետը տեսնում է «որոշակի պատրաստակամություն՝ աշխատելու մեզ հետ՝ մեղմելու համար էն միջավայրը, որում մենք գտնվում ենք, և ավելացնելու համար մեր ինքնապաշտպանական կարողությունները, որի մեջ մտնում է և՛ իրականում տնտեսությունը, և՛ քաղաքական դաշինքները, և՛ ռազմատեխնիկական համագործակցությունը, և այլն, և այլն»:

Բրյուսելում երկու շաբաթից սպասվող հանդիպման մասին մանրամասն կխոսեն առաջիկայում, խոստացել է Անվտանգության խորհրդի քարտուղարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG