Մատչելիության հղումներ

Գազայի հատվածում զոհված պաղեստինցիների թիվը գերազանցել է 31 հազարը


Գազայի հատվածում իսրայելան ռազմական գործողությունների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը գերազանցել է 31 հազար 300-ը: Նոր տվյալները Տելեգրամի իր ալիքում հրապարակել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը, որը ենթարկվում է ԱՄՆ-ում և Եվրամիությունում ահաբեկչական կառույց ճանաչված «Համաս»-ին:

«Գազայում իսրայելական ագրեսիայի զոհերի թիվը հասել է 31 հազար 341-ի, առնվազն 73 հազար 134 մարդ վիրավորվել է։ Անցած 24 ժամում զոհվել է 69 մարդ, վիրավորվել՝ 110-ը»,- նշվում է հաղորդագրությունում:

Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ սրվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին, երբ «Համաս»-ի զինյալները Գազայի հատվածից անսպասելիորեն հարձակվել են հրեական խաղաղ ավանների վրա: Այդ գրոհների հետևանքով սպանվել է մոտ 1200 իսրայելցի, ևս ավելի քան 250 իսրայելցի պատանդառվել է:

Իսրայելի կառավարությունը հայտարարել է, որ Գազայի հատվածն ամբողջությամբ մաքրելու է «Համաս»-ի ահաբեկիչներից: Մեծ թվով երկրներ անհամաչափ են համարում Իսրայելի պատասխան գործողությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG