Մատչելիության հղումներ

ԵՄ-ն, ԱՄՆ-ը, Կանադան մտահոգություն են հայտնել Ղրղըզստանում ՀԿ-ների մասին օրենքի կապակցությամբ


Ղրղըզստանի նախագահ Սադիր Ջապարով, արխիվ
Ղրղըզստանի նախագահ Սադիր Ջապարով, արխիվ

Եվրոպական միությունը, Միացյալ Նահանգները և Կանադան մտահոգություն են հայտնել Ղրղըզստանի խորհրդարանում ոչ առևտրային կազմակերպությունների մասին օրենքի ընդունման կապակցությամբ։

«Ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխությունների նախագծի դրույթները վտանգում են ՀԿ-ների ազատ գործելու հնարավորությունը և հակասում են միջազգային նորմերին»,- ասվում է Ղրղըզստանում ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Կանադայի դեսպանատների համատեղ հայտարարությունում:

Դիվանագետները նշում են, որ եթե փաստաթուղթը վավերացվի ներկայիս տեսքով, այն վնաս կհասցնի Ղրղըզստանի բնակչության առավել խոցելի հատվածին, նրանց, ովքեր կարիք ունեն այնպիսի հիմնական հարցերում, ինչպիսիք են սնունդը, առողջապահությունը և կրթությունը և աջակցություն են ստանում ոչ առևտրային կառույցներից։

«Հասարակական կազմակերպությունները Ղրղըզստանի հանրապետության համար ոչ թե հակառակորդներ են, այլ անփոխարինելի գործընկերներ՝ ժողովրդավարական, արդար և բարգավաճ երկիր կայացնելու գործում: Մենք կոչ ենք անում նախագահ Սադիր Ջապարովին՝ լսել երկրում և արտասահմանում արտահայտված այս մտահոգությունները և խորհրդարանի ղեկավարության հետ քննարկել օրինագիծը վերանայելու հնարավորությունը»,- նշվում է հայտարարությունում:

Ղրղըզստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ է ընդունել օրենքը ՀԿ-ների մասին: Այժմ օրենքը պետք է վավերացվի նախագահի ստորագրությամբ:

Օրենքով ներմուծվում է «օտարերկրյա ներկայացուցչի գործառույթներ կատարող ՀԿ» հասկացությունը։ Դրա համաձայն, արտասահմանից ֆինանսավորվող և քաղաքական գործունեությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունները կստանան «օտարերկրյա ներկայացուցչի» կարգավիճակ և կընդգրկվեն հատուկ գրանցամատյանում:

Օրինագծի շուրջ նամակներ են փոխանակել Ղրղըզստանի նախագահ Սադիր Ժապարովը և Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը: Վերջինս, մասնավորապես, մտահոգություն է հայտնել օրինագծի առնչությամբ։

Նրա խոսքով՝ «իր ներկայիս տեսքով օրենքը սպառնում է Ղրղըզստանի քաղաքացիների հասանելիությանն այնպիսի կենսական ծառայություններին, ինչպիսիք են առողջապահությունը և կրթությունը՝ ՀԿ-ների աջակցությամբ իրականացվող ծրագրերի միջոցով»:

Պատասխան նամակում Ժապարովը պարզաբանել է, որ օրինագծի նպատակն է կարգավորել Ղրղըզստանում գործող ՀԿ-ների գործունեությունը, և Վաշինգտոնին կոչ է արել չմիջամտել հանրապետության ներքին գործերին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG