Մատչելիության հղումներ

Դատախազությունը պնդում է՝ «Հրազդան» մարզադաշտն արժեքից 200 անգամ էժան է վաճառվել, Աղաբաբյանը հակադարձում է


Երևանի «Հրազդան» մարզադաշտը, արխիվ
Երևանի «Հրազդան» մարզադաշտը, արխիվ

Հայկական ֆուտբոլի խոշոր հաղթանակները տեսած «Հրազդան» մարզադաշտը վերածվել է հնոտու շուկայի։ Այստեղ լռությունը խախտվում է միայն հանգստյան օրերին, երբ տոնավաճառն է բացվում։ Վերջին անգամ «Հրազդան»-ը որպես մարզադաշտ օգտագործվել է տասը տարի առաջ՝ Հայաստան-Դանիա խաղի ժամանակ, հետո արդեն 50 հազար մարդ տեղավորող ստադիոնն ամայացավ։

Մարզադաշտի շուրջ քննարկումներն ակտիվացան վերջերս, երբ Դատախազությունը հայտարարեց՝ 20 տարի առաջ պետության այս գույքն իր իրական արժեքից մոտ 200 անգամ էժան է վաճառվել, ու հիմա ելքեր են փնտրում այն Երևանին վերադարձնելու համար։

«Ինքը շատ բան ա ուզում, ես 30 տարի ստեղ եմ եղել, իմ կյանքը 30 տարի ստեղ ա անցել, 15 միլիոնից ավել փող եմ դրել ես էս ստադիոնի վրա, հասկանում ե՞ք: Հիմի ո՞նց կարա իմ ձեռից վերցնի Դատախազությունը», - «Ազատության» հետ զրույցում ասաց մարզադաշտի սեփականատերը՝ հանրապետական նախկին պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը:

Ժամանակին Կառավարությունը Աղաբաբյանին 88 միլիոն դրամով է վաճառել մարզադաշտը, հիմա իրավապահները պնդում են, թե շուկայական արժեքը 11.5 միլիարդ էր։ Այժմ մարզադաշտի կադաստրային գինն անցնում է 16 միլիարդը։

Դատախազ Էդուարդ Գասպարյանն ասում է՝ կամ ստադիոնը պետք է վերադարձվի պետությանը, կամ էլ պետք է վերականգնվի քսանամյա գործարքի պատճառով պետության կրած վնասը։

«Պետական գույքի կառավարման կոմիտեում՝ լիազոր պետական մարմնում, 900 հազար ԱՄՆ դոլար ներդրումների վերաբերյալ որևէ տվյալներ չեն եղել», - «Ազատությանն» ասաց Գասպարյանը:

Ըստ իրավապահների՝ Կառավարությունը 2004 թվականին՝ Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք պետական գույքը մասնավորին է վաճառել, երբ Պետական գույքի կառավարման վարչությունից հայտնել են, որ մասնավորն արդեն խոշոր ներդրում է արել մարզադաշտում։ Նման տվյալներ, սակայն, Դատախազությունը չի գտել։

Աշոտ Աղաբաբյանը հակադարձում է՝ ինքը բոլոր փաստաթղթերն ունի. - «Մեր արխիվը բարձրացրել ենք և մենք բոլոր փաստաթղթերն ունենք, որ մենք ճիշտ ենք աշխատել, ո՛չ պետության հետ, ո՛չ որևիցե մեկի հետ պարտք ու պահանջ չունենք»:

Մարզադաշտն, ի դեպ, հիմա գրավադրված է բանկում, իսկ Աղաբաբյանի ղեկավարած ընկերությունը ճանաչվել է սնանկ՝ չվճարված աշխատավարձերի, տարածքում տարիներով գործած տոնավաճառի փակման պատճառով։

Սեփականատերն ասում է՝ հիմնական պարտքը գոյացել է դեռ 2008 թվականի Հայաստան-Թուրքիա խաղի պատճառով, որ մարզադաշտն արժանապատվորեն դիմավորի ֆուտբոլային դիվանագիտության մեկնարկը տված բարձրաստիճան պաշտոնյաներին։ Մոտ 5 միլիոն դոլար վարկի մեծ մասն արդեն փակել է, մնացածից էլ չի հրաժարվում։ Նեղսրտում է՝ այս խնդիրները քիչ էին, հիմա էլ քրեական գործն ի հայտ եկավ:

«Բայց քրեական գործ հարուցելով հո չի, փաստերը պտի գան, տեղում ստուգեն, որ կարանան քրեական գործ հարուցեն: Ասում են՝ «շատ էժան եք գնել», էն ժամանակ ամեն ինչն էլ էժան վաճառում էին, բայց ծրագիր էին դնում իրանց առաջ՝ ներդրումային ծրագիր: Ուրեմն սաղ Երևան քաղաքից ինչքան քուրջ ու փալաս ծախող կար, սաղին հանին բերին մեր մոտ», - նշեց Աղաբաբյանը:

2019-ին մեկնարկած սնանկության գործը դեռ ընթացքում է, Աղաբաբյանի պարտատերերի թիվն անցնում է յոթ տասնյակը։ Մարզադաշտը տարիներ շարունակ աճուրդի է դրված, մեկնարկային գինը 4 միլիոն դոլար է։ Սնանկության գործով կառավարչի խոսքով՝ այդքանով հազիվ էլ վաճառվի՝ բանկը կվերցնի իր 3 միլիոնը, պարտատերերն էլ՝ մեկ միլիոն դոլարը։

Այս ամենից հետո ի՞նչ գումար է հետ բերելու Դատախազությունը։ Դատախազ Գասպարյանը շարունակում է պնդել, թե ամեն ինչ կանեն՝ վերականգնելու պետությանը պատճառված վնասը, սնանկության գործընթացն էլ խնդիր չէ՝ պետությունն էլ կարող է պարտատեր համարվել, եթե լինի արդեն ուժի մեջ մտած վճիռ։

«Անկախ ամեն ինչից՝ Դատախազությունը ամեն ինչ անելու է իր լիազորությունների սահմաններում, ամեն ինչ անելու ենք, որ պետությանը պատճառված վնասները վերականգնի, պետական շահերը պաշտպանվի: Եթե կհիմնավորվի արդեն պետության նկատմամբ ունեցած պարտավորությունները, էդ սնանկության վարույթի շրջանակներում, նաև Դատախազությունը միջոցներ կձեռնարկի էդ ուղղությամբ՝ պարտատեր գրանցվելու կամ այլ, կամ նաև քննարկվում է Կառավարության նախորդ որոշման կամ նախորդ վարչական ակտերի իրավաչափության հարցերը էս պահին», - ասաց Գասպարյանը:

Թեև ենթադրյալ հանցագործությունից 20 տարի է անցել, բայց, դատախազի պնդմամբ, դեռ վաղ է խոսել վաղեմության ժամկետն անցնելուց։ Դա կհստակեցնեն, երբ հայտնի լինեն մեղադրյալները։ Հակառակ դեպքում որևէ մեկը չի դատապարտվի։

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանն այս պատմության մեջ առավել կարևոր է համարում ոչ թե քրեական գործը, այլ՝ այն, որ «Հրազդան»-ը ի վերջո վերադարձվի Երևանին որպես մարզադաշտ. - «Քանդվի ու տեղը էլի բազմաբնակարան շատ լավ համալիր կարող ա լինի, չէ՞, կարող ա հետ են բերում, ու մի տարի հետո Ավինյանը օտարում ա, ըտեղ տալիս ա ահագին, չգիտեմ քանի հեկտար հող ա, բայց ահագին ա: Էս ա խնդիրը: Իրանց քայլերից ես շատ քիչ հավանական եմ համարում, որ իրանց նպատակն ա էտի հետ բերել ու պահպանել որպես արժեք, հա՞, որպես Երևանի ինչ-որ մշակութային կամ պատմական վայր»:

Ավագանու ընդդիմադիր անդամը թերահավատ է. օրինակները շատ են՝ մինչև իրավապահները քննեն գործը, հասնեն վերջնակետին, մարզադաշտն աճուրդով կարող է վաճառվել, հայտնվել մեկ ուրիշի ձեռքում, և հարց է՝ ինչի կվերածվի այն դրանից հետո։

«Նայեք, Հայաստանում նոր չի, 18 թվականից սկսած Հայաստանում հարուցվել են քրեական գործեր, որոնք անելանելի գործեր են, ուղղակի հարուցվել են, առաջինը, քաղաքական նպատակներով, և եղել են գործեր ուղղակի, որտեղ թույլ ա տրվել անփույթ զուտ վարքագիծ, այսինքն՝ հարուցվել են գործեր հարուցելու համար», - ընդգծեց Գրիգորյանը:

Աշոտ Աղաբաբյանը, որի սեփականությունը փաստացի տարիներով դադարել է գործել որպես մարզադաշտ, պնդում է, թե անում է ամեն ինչ «Հրազդան»-ը որպես ստադիոն պահելու համար։ Իսկ եթե վաճառվի, շատ կուզենա, որ նոր գնորդը ևս դրա նշանակությունը չփոխի։

XS
SM
MD
LG