Մատչելիության հղումներ

Եռակողմ հանդիպումից հետո Միրզոյան-Բայրամով բանակցությունները Բեռլինում շարունակվում են


Գերմանիայի արտգործնախարարի մասնակցությամբ եռակողմ հանդիպումից հետո Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները Բեռլինում շարունակվել են, X սոցիալական ցանցում գրում է ՀՀ ԱԳՆ խոսնակը:

Անի Բադալյանի փոխանցմամբ՝ «քննարկումները շարունակվելու են վաղը, ինչպես ծրագրված է»:

Ավելի վաղ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիման ընթացքում, ՀՀ ԱԳՆ լրատվական վարչության փոխանցմամբ, քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հարցեր:

Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել գերմանական կողմին հանդիպումն ու բանակցությունները հյուրընկալելու համար:

Գերմանիայի ԱԳ նախարարը հանդես է եկել մամուլի համար կարճ հայտարարությամբ:

Ավելի վաղ կայացել էր Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի ղեկավարած պատվիրակությունների հանդիպումը, ինչպես նաև Անալենա Բերբոքի առանձին երկկողմ հանդիպումները նախարարների հետ։

Գերմանիայի կանցլերի միջնորդությամբ Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի մյունխենյան եռակողմ հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Միրզոյան-Բայրամով հանդիպման մասին, նույնաբովանդակ հայտարարություն արեց նաև Իլհամ Ալիևը՝ նշելով, որ առաջիկայում նաև սահմանազատման հարցերի հանձնաժողովների նիստ կլինի։

XS
SM
MD
LG