Մատչելիության հղումներ

Հունգարիան արգելափակել է ԵՄ հայտարարությունը Ուկրաինայում պատերազմի երկրորդ տարելիցի կապակցությամբ


Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբան, արխիվ
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբան, արխիվ

Հունգարիան արգելափակել է Եվրամիության անունից հայտարարությունը Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժման երկրորդ տարելիցի կապակցությամբ։ Այդ մասին հաղորդում է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը՝ վկայակոչելով Բրյուսելի աղբյուրները։

ԵՄ բոլոր երկրների անունից ընդհանուր հայտարարության փոխարեն, ըստ աղբյուրների, կհրապարակվի Եվրահանձնաժողովի, ԵՄ խորհրդի և Եվրախորհրդարանի ղեկավարների կողմից ստորագրված հայտարարություն։ ԵՄ պաշտոնական հայտարարության հրապարակման համար անհրաժեշտ է բոլոր 27 անդամ երկրների համաձայնությունը։

Ինչպես նշում է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը, նախկինում Հունգարիան հաճախ է արգելափակել նմանօրինակ հայտարարությունների ընդունումը: Վերջին անգամ դա տեղի է ունեցել անցած շաբաթ, երբ Բուդապեշտը հավանություն չի տվել Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքում գործողություն իրականացնելու Իսրայելի ծրագրերը դատապարտող հայտարարությանը։ Նախկինում Հունգարիան նաև վետո է դրել Ադրբեջանին, Չինաստանին և Ռուսաստանին դատապարտող հայտարարությունների վրա։

Ըստ ԵՄ երկրներից մեկի դիվանագետի՝ Ուկրաինա ներխուժման տարելիցին նվիրված հայտարարության առաջարկված տեքստը Բուդապեշտի գնահատմամբ «չափազանց կոշտ» է, ինչը նշանակում է, որ այն պարունակել է կոշտ քննադատություն Ռուսաստանի հասցեին:

Հունգարիայի իշխանությունները հատուկ դիրքորոշում են որդեգրել ուկրաինական պատերազմի վերաբերյալ: Այն տարբերվում է ԵՄ երկրների ճնշող մեծամասնության դիրքորոշումից։ Հունգարիան ռազմական օգնություն չի ցուցաբերում Ուկրաինային և պաշտոնապես կոչ է անում խաղաղ բանակցություններ վարել առանց նախապայմանների, ինչը Կիևի համար անընդունելի է։

Այս շաբաթվա սկզբին Եվրամիությունը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 13-րդ փաթեթին, որը համընկնում է պատերազմի մեկնարկի երկրորդ տարելիցին։ Հունգարիան համաձայնել է այն հաստատել՝ նշելով, որ քննարկման փուլում իր մեկնաբանությունները հաշվի են առնվել։

XS
SM
MD
LG