Մատչելիության հղումներ

Ըստ Ալիևի՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները մոտ ապագայում հանդիպում կանցկացնեն


Մոտ ապագայում հանդիպում կունենան Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները, ասել է Ադրբեջանի նախագահը։ Իլհամ Ալիևն այդ պայմանավորվածության մասին հայտնել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ այսօրվա զրույցի ընթացքում՝ ամփոփելով ՀՀ վարչապետի ու Գերմանիայի կանցլերի հետ եռակողմ հանդիպման արդյունքները։

Ըստ ԱՊԱ գործակալության՝ Ալիևը նշել է, որ Գերմանիայի կանցլերի նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում և օգտակար է եղել։

«Արդեն պայմանավորվածություններ են ձեռք բերվել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, սահմանների սահմանազատման և խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ վարելու ուղղությամբ»,- ըստ նույն աղբյուրի՝ ասել է Ադրբեջանի ղեկավարը։

Չնայած շաբաթասկզբի սահմանային լարվածությանը, որի պատճառով հայկական կողմը 4 զոհ ունեցավ, Ալիևը հայտարարել է, թե «տարածաշրջանում դե ֆակտո խաղաղություն է», և խաղաղության պայմանագրի ստորագրման պատրաստակամություն է հայտնել։

Ավելի քան կես տարվա դադարից հետո երեկ գերմանական Մյունխենում Օլաֆ Շոլցի միջնորդությամբ բանակցել են վարչապետ Փաշինյաննն ու Ալիևը: Արևմտյան հարթակում նրանք վերջին անգամ հանդիպել էին անցած տարվա հուլիսին:

Պաշտոնական Երևանը հաղորդել է՝ առաջնորդները քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը, տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովման քայլերը, կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքները խաղաղության պայմանագրի շուրջ:

XS
SM
MD
LG