Մատչելիության հղումներ

«Ազատության» բանտարկված լրագրող Ալսու Կուրմաշևան՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մրցանակի թեկնածու


Ալսու Կուրմաշևան դատարանում, արխիվ
Ալսու Կուրմաշևան դատարանում, արխիվ

Չեխիան և 22 այլ երկրներ Ռուսաստանում 2023 թվականի ամռանը կալանավորված «Ազատություն» ռադիոկայանի թաթար-բաշկիրական ծառայության լրագրող Ալսա Կուրմաշևային առաջադրել են ՅՈՒՆԵՍԿՕ/Գիլերմո Կանո համաշխարհային մրցանակի՝ մամուլի ազատության գործում ներդրած ավանդի համար: Այս մասին հայտնել է Չեխիայի արտաքին գերատեսչությունը:

Ալսու Կուրմաշևան կալանքի տակ է ավելի քան 120 օր։ Փետրվարի 1-ին Կազանի քաղաքային դատարանը երկարացրել է նրա կալանքը մինչև ապրիլի 5-ը։

Ռուսական իշխանությունները նրան մեղադրում են «օտարերկրյա գործակալի» պարտականությունները չկատարելու, մասնավորապես՝ իր կարգավիճակի մասին իշխանություններին չտեղեկացնելու համար:

Ընդ որում Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարությունը Կուրմաշևային «օտարերկրյա գործակալի» կարգավիճակ չի շնորհել։

Ավելի ուշ նրա դեմ նոր քրեական գործ է հարուցվել՝ ռուսական բանակի մասին «ֆեյքեր» տարածելու հոդվածով։ Առիթը դարձել է Idel.Realii-ի խմբագիրների կողմից հրատարակված «Ոչ պատերազմին. Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումը դատապարտող 40 ռուսաստանցիների պատմությունները» վերնագրով գիրքը:

«Ազատություն» ռադիոկայանը և բազմաթիվ իրավապաշտպան կազմակերպություններ Ալսուի դեմ գործը համարում են քաղաքական դրդապատճառներով հարուցված, ինչի նպատակն է ճնշում գործադրել անկախ մամուլի վրա։

ՅՈՒՆԵՍԿՕ/Գիլերմո Կանո մրցանակը շնորհվում է ամեն տարի այն անձին կամ կազմակերպությանը, որը «զգալի ներդրում է ունեցել ամբողջ աշխարհում մամուլի ազատության պաշտպանության կամ խրախուսման գործում, հատկապես, երբ նման գործունեությունը ներառում է ռիսկ կամ հաշվեհարդար»:

Մրցանակակիրն ընտրվում է 12 անդամներից կազմված անկախ ժյուրիի առաջարկությամբ: Թեկնածուները կարող են առաջադրվել մամուլի ազատության հարցերով աշխատող տարածաշրջանային և միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ պետությունների կողմից:

Երկու երեխաների մայր Կուրմաշևան Պրահայից Կազան է մեկնել 2023 թվականի մայիսի կեսերին՝ ընտանեկան հանգամանքների բերումով:

Հունիսի 2-ին՝ Պրահա վերադառնալու օրը, նա ձերբակալվել է Կազանի օդակայանում: Նրա ամերիկյան և ռուսական անձնագրերն առգրավվել են (Ալսու Կուրմաշևան ունի երկու քաղաքացիություն՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի)։

Մի քանի օր անց լրագրողի նկատմամբ քրեական գործ է հարուցվել երկրորդ քաղաքացիության մասին չհայտնելու մեղադրանքով (ՌԴ ՔՕ 330.2-րդ հոդված), և նրան կարգադրել են ստորագրել քաղաքից չհեռանալու պարտավորագիր: Այս գործով հետաքննությունը ձգվում է արդեն մի քանի ամիս։ 2023 թվականի հոկտեմբերին Կազանի մագիստրատուրայի դատարանը նրան մեղավոր է ճանաչել և տուգանել 10 հազար ռուբլով։

Դատավճռից մեկ շաբաթ անց Ալսուն կալանավորվել է, և նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա չի դիմել իշխանություններին իրեն «օտարերկրյա գործակալ» գրանցելու համար (ՌԴ ՔՕ 330.1-րդ հոդվածի 3-րդ մաս): Դրանից հետո էլ Ալսու Կուրմաշևայի նկատմամբ հարուցվել է բանակի մասին «կեղծիքներ» տարածելու գործը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG