Մատչելիության հղումներ

Փաշինյանը մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովի բացմանը, երկկողմ հանդիպումներ անցկացրել


Լուսանկարը՝ Կառավարության լրատվականի
Լուսանկարը՝ Կառավարության լրատվականի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովի բացման արարողությանը:

Համաժողովին մասնակցում են մի քանի տասնյակ երկրների նախագահներ, կառավարությունների ղեկավարներ ու արտաքին գործերի նախարարներ, ինչպես նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդը և այլք:

ՀՀ կառավարության լրատվականի փոխանցմամբ՝ Փաշինյանը համաժողովի շրջանակում հանդիպումներ է ունեցել Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտիի և Իրաքի վարչապետ Մոհամեդ Շիա Սաբար Ալիի, Amazon Web Services ընկերության փոխնախագահներ Մայքլ Փանքեի և Մաքս Պետերսոնի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո-Բասսոյի հետ:

Հայաստանի և Կոսովոյի վարչապետները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասի տարածաշրջանում և Բալկաններում առկա իրավիճակի ու տեղի ունեցող գործընթացների, անվտանգության ու կայունության ապահովման շուրջ:

Կոսովոյի վարչապետն իր զորակցությունն է հայտնել հայ ժողովրդին` վերջին տարիների իրադարաձությունների համատեքստում` նշելով, որ պատմականորեն երկու ժողովուրդներն անցնում են դժվարին ժամանակաշրջանով, ասված է պաշտոնական հաղորդագրությունում:

Հայաստանի և Իրաքի վարչապետները կարևորել են երկու երկրների բազմաոլորտ համագործակցությունը և ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական իրականացումը: Ընդգծվել է Իրաքի նախագահի` նախորդ տարի Հայաստան կատարած այցի և առաջիկայում ՀՀ նախագահի` Իրաք նախատեսվող այցի կարևորությունը:

Amazon Web Services-ի փոխնախագահների հետ Փաշինյանը քննարկել է ՀՀ կառավարության և ընկերության միջև փոխգործակցությանը, համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել թվայնացման ոլորտում ծրագրերի իրականացմանն ու այդ ուղղությամբ առաջիկայում նախատեսվող համատեղ աշխատանքներին:

ՎԶԵԲ նախագահի հետ հանդիպման ժամանակ վարչապետը կարևորել է բանկի տարեկան ժողովն այս տարվա մայիսին Երևանում անցկացելու որոշումը և վստահություն հայտնել, որ այն կանցնի բարձր մակարդակով:

Համաժողովի շրջանակում նախատեսված են Հայաստանի վարչապետի մի շարք այլ հանդիպումներ ևս, ասված է պաշտոնական հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG