Մատչելիության հղումներ

Հարավային Կորեայի նախագահը 450 հազար մարդու ներում է շնորհել


Հարավային Կորեայի նախագահ Յուն Սուկ Յոլը Լուսնային նոր տարվա կապակցությամբ 450 հազար մարդու ներում է շնորհել, ներառյալ պաշտպանության նախկին նախարարին և նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարին։

Yonhap News գործակալության փոխանցմամբ՝ Յուն Սուկ Յոլն ասել է, որ ցուցակը նախապատրաստվել է հաշվի առնելով տնտեսությունը աշխուժացնելու ցանկությունը՝ վարչական տույժերից ու տուգանքներից ազատվել են վարորդներ, ձկնորսներ, ռեստորանային և սպասարկման այլ ոլորտների աշխատողներ, ուղևորափոխադրումներ ու բեռների փոխադրումներ կատարող օպերատորներ։

«Կառավարությունը կշարունակի օգտակար միջոցներ ձեռնարկել ամենօրյա տնտեսական գործունեության համար։ Հուսով եմ, որ տոնին ընդառաջ այս ներումները կենսունակություն կհաղորդեն ժողովրդական տնտեսությանը», - ասել է Հարավային Կորեայի նախագահը։

Հարավային Կորեայի կառավարությունը Լուսնային նոր տարվա և օգոստոսի 15-ի Ազատագրման օրվա կապակցությամբ հաճախ է ներումներ շնորհում քաղաքական գործիչներին, գործարարներին ու տարբեր խավի մարդկանց։

Լուսնային տարին նշվելու է փետրվարի 10-ին։

Նախագահի ներումներից բացի, երկուշաբթի օրը դատարանը արդարացրեց Samsung Electronics ընկերության նախագահ Լի Ջէ Յոնին բաժնետոմսերի արժեքի կեղծման և խարդախության մեղադրանքներից, որ հարուցվել էին 2015 թվականին Cheil Industries Inc. և Samsung C&T Corp ընկերությունների միաձուլման վիճահարույց գործարքի հետ կապված։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG