Մատչելիության հղումներ

Ըստ Մարությանի խմբակցության՝ իշխանությունը փորձում է նրան այլընտրանքային քաղաքապետի հնարավորությունից զրկել. ՔՊ-ից հերքում են


Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին ու ընդդիմադիր «Մայր Հայաստանի» ավագանու ևս չորս անդամների մանդատից զրկելու հարցը կքննարկվի երկու օրից արտահերթ նիստում։

Մինչ ընդդիմադիրները պնդում են՝ իշխանությունն իր քննադատներին ուզում է հեռացնել ավագանիից, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը հակադարձում է՝ նրանք կա՛մ բացակայում են նիստից, կա՛մ բոյկոտում, իսկ օրենքն, ասում է, արգելում է խրոնիկ բոյկոտները:

«Նույնիսկ իրենց ընդդիմադիր գործառույթները չեն իրականացնում, որովհետև պետք է գալ նիստերին, խոսել, քննադատել, հարց տալ, ելույթ ունենալ, իսկ իրենք անընդհատ բացակայում են, հետևաբար իրենք են իրենց զրկում այդ իրավունքից, ոչ թե մենք», - ասաց նա։

«Ազատության» դիտարկմանը, որ Սոնա Աղեկյանի անունն էլ կա ցանկում, մինչդեռ նա հաճախում է նիստերին, Գալջյանն արձագանքեց. - «Նիստերին գալը մի բան է, բոյկոտելը՝ մի բան։ Դու կարող ես լինել շենքում, կարող ես լինել դահլիճում, բայց փաստացի չքվեարկես, չգրանցվես, ըստ էության բոյկոտի տրամաբանության մեջ լինես, իսկ օրենքը այս շեմերը սահմանում է, որպեսզի պարբերաբար բոյկոտ չլինի»։

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Հայկ Գրիգորյանի կարծիքով՝ իշխանությունը փորձում է Հայկ Մարությանին այլընտրանքային քաղաքապետի հնարավորությունից զրկել:

«Եթե ինչ-որ մի փուլում մենք ստանանք այնպիսի իրավիճակ, որ ՔՊ-ն քաղաքական ճգնաժամի մեջ լինի, և հրաժարական տա Ավինյանը, կամ քվորում չկայանա, այսօրվա ձայների բաշխվածության պայմաններում դա կարող է տեղի ունենալ ցանկացած պահի, և ըստ էության երբ դա տեղի ունենա, կանգնելու է հարց, թե ով է լինելու քաղաքապետին փոխարինող, ու այդ ցցուն կերպարը, որ կարող էր այլընտրանքային կերպար լինել, Հայկ Մարությանն էր։ Այդ դեպքում դա ևս քաղաքական բաղադրիչ ունի, և դրանով եմ ես նաև պայմանավորում այս գործընթացը», - ասաց նա։

Գալջյանն, արձագանքելով Մարությանի թիմակցին, ասաց. - «Պարոն Մարությանն այդ շանսը կորցրել է ընտրությունների արդյունքում, այսինքն՝ եթե ընտրություններից հետո քաղաքապետ չի դարձել, ապա հետագայում քիչ հավանական է, որ կդառնար, հատկապես որ ինքը, ըստ էության, չի մասնակցում ավագանու աշխատանքներին, ավագանու նիստերին, և ինքն իրեն զրկում է անգամ ավագանու անդամ լինելու հնարավորությունից, էլ ուր մնաց քաղաքապետի մասին»։

Երևանի ավագանին գործում է արդեն շուրջ 5 ամիս, այս ընթացքում կայացած նիստերից միայն մեկի ավարտին է դահլիճ մտել Մարությանն ու սուր քննադատել իշխանությանը:

Իսկ թե ինչու է Մարությանը բացակայել նիստերից, Հայկ Գրիգորյանն ասաց՝ այդ հարցին ինքը՝ Մարությանը պետք է պատասխանի, բայց ընդգծեց՝ դրանք հարգելի են եղել: Ընդդիմադիրներն առհասարակ իշխանականների այս քայլն այլակարծության ճնշում են որակում։

Հեղափոխությունից հետո Երևանի քաղաքապետ ընտրված ու իշխանության կողմից պաշտոնանկ արված Մարությանից բացի, նաև «Մայր Հայաստան» խմբակցությունից Նարինե Հայրապետյանի, Զարուհի Փոստանջյանի, Սոնա Աղեկյանի և Գևորգ Ստեփանյանի մանդատից զրկելու հարցն է դրված:

«Հանրային ձայնից» հեռացված հետախուզվող նախկին ոստիկան Վարդան Ղուկասյանն առանց անուններ նշելու պնդել էր, թե ավագանու այդ խմբակցության անդամների վրա ճնշումներ են բանեցվում, որ մասնակցեն նիստին: 2 օրից կայանալիք նիստի օրակարգում նաև «Հանրային ձայն» խմբակցության ղեկավար Վահան Ավագյանի նախագիծն է ներկայացված:

«Ազատությունը» հետաքրքրվեց՝ գնալո՞ւ է նիստի կամ մասնակցելու է քվեարկությանը: Հենց այս մեկ ձայնն է որոշիչ դեր ունենալու քվորում ապահովելու հարցում, բայց Ավագյանը հստակ պատասխան չտվեց. - «Ես իմ գաղափարների դեմ երբեք չեմ գնացել ոչ մի շանտաժի կամ ճնշումների ներքո, մենք դեմ ենք թե ներկաներին, թե նախկիններին, մենք բոլորին համարում ենք մեր դեմ ֆրակցիաներ, մենք ոչ մեկի հետ ոչ կոալիցիա ենք, ոչ էլ բանակցում ենք։ Կորոշենք գնալ, չգնալ, հանենք, չհանենք, առաջարկենք այս ինչ նախագիծը, թե չէ, մենք քիչ ենք, բայց որոշիչ ենք, իսկ կգնամ, թե չեմ գնա, արդեն այդ օրը կերևա»։

«Հանրային ձայնն» իր ներկայությամբ վճռորոշ դեր ունեցավ ինչպես Տիգրան Ավինյանի քաղաքապետ ընտրվելու, այնպես էլ մայրաքաղաքի կենտրոնում կարմիր գծերի թանկացման նախագիծը ընդունելու հարցում։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG