Մատչելիության հղումներ

«Աշոցքի ձմեռ» միջոցառմանը սպասվածից շատ մարդ էր մասնակցում


Ցրտաշունչ Աշոցքում այսօր արտասովոր աշխուժություն էր. սպասվածից ավելի շատ մարդ էր մասնակցում «Աշոցքի ձմեռ» միջոցառմանը, ճանապարհին նույնիսկ խցանում էր։

Շիրակի մարզպետը խոստովանում է՝ Աշոցքը ձմեռային տուրիզմի մեծ ներուժ ունի, բայց այն լիարժեք չի օգտագործվում։

«Մեր մարզի հյուսիսն, իհարկե, խնդիրներ ու չլուծված հարցեր ունի, որոնց լուծմանն են միտված մեր ջանքերը, բայց նաև մեծ ներուժ ունի, որը պետք է մենք օգտագործենք», - հայտարարեց Մուշեղ Մուրադյանը:

Աշոցքը դահուկային սպորտի համար է նախընտրելի վայր։ Հենց այստեղից են դահուկային սպորտի օլիմպիական մասնակիցները։ Աշոցքցիները ևս նկատում են, որ հնարավորություն կա տուրիզմի զարգացման, բայց այն չի օգտագործվում։

Վերջին տարիներին Աշոցքում արկածային ու էքստրիմ տուրիզմի հնարավորություններ են ստեղծվել։ «Հյուսիս արկածային ակումբի» հիմնադիր Տիգրան Պետրոսյանն ասում է՝ Աշոցքը մեծ ու չբացահայտված պոտենցիալ ունի՝ «հատկապես արկածային և նրա ձմեռային բաղադրիչով»: «Աշոցքը, վստահ եմ, դառնալու է Հայաստանի արկածային և ձմեռային տուրիզմի ամենաթունդ կետերից մեկը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Պետրոսյանը:

Համայնքապետ Կարեն Մանուկյանը Աշոցքը ճանաչելի դարձնելու համար կարևորում է նման միջոցառումների անցկացումը։ Այսօր զարմացել էր հյուրերի թվից։ Համայնքապետն ասում է՝ լուրջ ներդրումների դեպքում Աշոցքը կարող է մարտահրավեր նետել նույնիսկ Ծաղկաձորին։

Աշոցքում, ի դեպ, օրերս գրանցվել էր այս տարվա ամենացուրտ եղանակը՝ -32 աստիճան ըստ Ցելսիուսի։

«Ազատության» հեռուստառեպորտաժը՝ ստորև.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG