Մատչելիության հղումներ

Ալիև․ «Ադրբեջանը կարող է վերանայել իր մասնակցությունը ԵԽ և ՄԻԵԴ աշխատանքներին»


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունում է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգին, Բաքու, 1-ը փետրվարի, 2024թ.
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունում է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգին, Բաքու, 1-ը փետրվարի, 2024թ.

«Եթե Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում ադրբեջանական պատվիրակության լիազորությունները չվերականգնվեն, Ադրբեջանը կվերանայի Եվրոպայի խորհրդի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի աշխատանքներին իր մասնակցության հարցը», - այսօր Բաքվում, Միջխորհրդարանական միության նախագահի հետ հանդիպման ժամանակ, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ մեկնաբանելով ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի ընթացքում անցած շաբաթ կայացված որոշումը, որով չէին հաստատվել այդ կառույցում ներկայացված ադրբեջանցի պատվիրակների լիազորությունները։

«ԵԽԽՎ-ում փոքրամասնություն կազմող խմբի նախաձեռնությամբ ընդունված այդ որոշումն իր բնույթով հակաադրբեջանական է և չի նպաստում երկխոսությանը։ Ավելին, այդ որոշումը հակասում է Վեհաժողովում ձևավորված ավանդույթներին», - հայտարարում էր Ալիևը։

Հանդիպման ընթացքում Ադրբեջանի նախագահը մեկ անգամ ևս կոշտ քննադատության է ենթարկել Ֆրանսիային՝ պնդելով, թե այդ երկիրը ցանկանում է «արավային Կովկասում առաջատար դերակատարություն ստանձնել և ամրապնդել իր դիրքերը»։ «Ֆրանսիայի այդ ջանքերը, սակայն, ապարդյուն են», - վստահեցնում էր Ադրբեջանի ղեկավարը։

«Ֆրանսիան տարածաշրջանում ապակառուցողական դերակատարություն է ստանձնել և գործում է կրակի վրա բենզին լցնելու մեթոդով», - դիմելով Միջխորհրդարանական միության ղեկավարին՝ հայտարարում էր Ալիևը։

Եվրոպացիներին ուղղված քննադատությամբ է մեկնարկել նաև Ադրբեջանի խորհրդարանի այսօր բացված գարնանային նստաշրջանը։

«Եվրոպայում գործող որոշ ուժեր ոչ մի կերպ չեն կարողանում համակերպվել Ադրբեջանի հաղթանակի հետ», - հայտարարել է Միլի մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովան։

«Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում ադրբեջանական պատվիրակության գործունեությունը որոշվել է դադարեցնել ի պատասխան այն չհիմնավորված ու մտացածին մեղադրանքների, որ հնչում են մեր երկրի հասցեին։ Ադրբեջանի հանդեպ նման կողմնակալ վերաբերմունքի պատճառները հայտնի են։ Եվրոպական որոշ ուժեր չեն կարողանում համակերպվել ադրբեջանական հաղթանակների և 44-օրյա պատերազմի ընթացքում մեր ինքնիշխանության վերականգնման փաստի հետ։ Դա լուրջ հարված է Հարավային Կովկասում ստեղծված նոր իրողություններին», - հայտարարում էր Գաֆարովան։

Դատելով ադրբեջանական խորհրդարանի գարնանային նստաշրջանի առաջին նիստից՝ արտահերթ նախագահական ընտրություններից յոթ օր առաջ Բաքվում որոշել են նոր թափ հաղորդել Արևմուտքին ուղղված քննադատությանը՝ կրկին Ֆրանսիան հիմնական թիրախ ընտրելով։ Միլի մեջլիսի այսօրվա նիստի ընթացքում այս առումով աչքի ընկավ պատգամավոր և գրող, Ֆրանսիա-Ադրբեջան խորհրդարանական խմբի անդամ Ագիլ Աբասը։

«Ես շատ կուզեի, որ Մակրոնին հրավիրեն Ադրբեջան։ Թող գա և տեսնի, թե հայերն այստեղ ինչպես են ապրում։ Մենք եկեղեցիներն ու սինագոգները չենք քանդում։ Թող Մակրոնը գա ու տեսնի, թե ինչպես են վերանորոգվում Շուշիի եկեղեցիները։ Չնայած, եթե ես նման հնարավորություն ունենայի, ոչ էլ կվերանորոգեի դրանք», - անկեղծանում էր ադրբեջանցի պատգամավորը։

Զարգացնելով իր միտքը՝ Ագիլ Աբասը հասավ նրան, որ հայտարարեց, որ ոչ թե Ադրբեջանը պետք է վախենա արևմտյան պատժամիջոցներից, այլ Արևմուտքը՝ նախևառաջ Փարիզը, ադրբեջանականներից։

«Պետք չէ մեզ պատժամիջոցներով սպառնալ։ Տեսեք՝ Ռուսաստանը Ֆրանսիային պարզապես քշեց Աֆրիկայից։ Իսկ Ֆրանսիային ուրան է հարկավոր, և նրանց միակ հույսն այժմ Ղազախստանն է։ Իսկ այդ երկրից [դեպի Ֆրանսիա] միայն երկու ճանապարհ գոյություն ունի՝ կամ Ռուսաստանով, կամ էլ Ադրբեջանով։ Ռուսաստանը դա թույլ չի տալիս, մնում է Ադրբեջանը։ Հիմա հարց է ծագում՝ իսկ ի՞նչ է անելու Ֆրանսիան, եթե մենք էլ պատժամիջոցներ սահմանենք», - հայտարարում էր ադրբեջանցի պատգամավորը։

Բայց եթե հանկարծ Արևմուտքն այնուամենայնիվ որոշի պատժամիջոցներ սահմանել Բաքվի դեմ, ապա դա էլ, ըստ պատգամավորի, այնքան էլ վախենալի չէ։

«Իրանի դեմ էլ պատժամիջոցներ սահմանեցին։ Դրա հետևանքով հիմա այդ երկիրն ամեն ինչ սեփական ուժերով է արտադրում՝ ընդհուպ մինչև բալիստիկ հրթիռները», - հայտարարում էր Աբասը։

XS
SM
MD
LG