Մատչելիության հղումներ

Վրաստանում շարունակում են մեկնաբանել Ղարիբաշվիլիի հրաժարականը


«Իրակլիների փոփոխությունից իրավիճակը չի փոխվում», - պնդում է վրացական ընդդիմությունը՝ մեկնաբանելով երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեի փոխատեղման մասին երեկ հրապարակված որոշումը։

«Որպես վարչապետ իմ երկրորդ պաշտոնավարումը մեկնարկեց բարդագույն մի ժամանակաշրջանում՝ արտաքին և ներքին քաղաքականության, տնտեսության և սոցիալական ոլորտներում ծագած ճգնաժամերի պայմաններում։ Ես բարեխղճորեն ծառայում էի իմ երկրին՝ անզիջում կերպով պաշտպանելով մեր պետության և ժողովրդի շահերը», - երկուշաբթի երեկոյան հնչեցրած հրաժեշտի ճառում հայտարարել է Իրակլի Ղարիբաշվիլին։

Իշխող կուսակցությանը մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ Ղարիբաշվիլիի պաշտոնանկության և նրա ջանքերը՝ կուսակցական, ավելի ճիշտ նախընտրական խնդիրների լուծման վրա կենտրոնացնելու որոշումը կայացվել է «Վրացական երազանքի» քաղաքական խորհրդի հունվարի 24-ին կայացած նիստի ժամանակ։

Ուշագրավ է, ի դեպ, որ ընդամենը մեկ ամիս առաջ կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին քաղաքականության վերադարձի մասին իր ելույթի և դրան հաջորդած հարցազրույցի ընթացքում երեք անգամ կրկնել էր՝ «վարչապետի փոփոխություն չի լինելու»։

«Վրացական երազանքի» ղեկավար անդամները, սակայն, գերադասում են օգտագործել ոչ թե «վարչապետի պաշտոնանկություն», այլ «տեխնիկական փոխատեղում» տերմինը՝ ընդգծելով, որ այս որոշումը վերջնականապես կհաստատվի իշխող կուսակցության՝ փետրվարի 1-ին կայանալիք համագումարի ժամանակ, որից հետո միայն կմեկնարկի նոր կառավարության ձևավորման ֆորմալ փուլը։ Այն, որ Իրակլի Կոբախիձեն առանց լուրջ խնդիրների կհաստատվի խորհրդարանական մեծամասնության կողմից, Թբիլիսիում չեն կասկածում։ Այլ հարց է, որ Կոբախիձեն, ի տարբերություն Ղարիբաշվիլիի, իր քաղաքական ողջ կարիերան ծավալել է կամ հանրային սեկտորում, կամ էլ խորհրդարանում և գործադիր իշխանության ներսում աշխատանքի փորձ ընդհանրապես չունի։ Կարծես փորձելով լրացնել այս բացը՝ Կոբախիձեն երեկ՝ վարչապետի պաշտոնանկությունից հաշված ժամեր անց, որոշեց անդրադառնալ տնտեսական թեմաներին՝ Ֆեյսբուքում ծավալուն մի գրառում կատարելով։

«Հարկ է նկատել, որ կենսամակարդակի առումով Վրաստանի և զարգացած պետությունների միջև տարբերությունը աստիճանաբար կրճատվում է», - գրել է Կոբախիձեն՝ պնդելով, թե «Վրաստանը միանգամայն ի վիճակի է մինչև 2030 թվականը ամբողջությամբ վերացնել չքավորությունը՝ համալրելով բարձր եկամուտ ունեցող երկրների շարքը»։

Վրաց ընդդիմադիրները, սակայն, վստահ են՝ իշխող կուսակցության ներսում ծավալված գործընթացները շարքային քաղաքացիների կյանքի բարելավմանը որևէ կերպ չեն նպաստի։

«Իրականում ժողովրդի և պետության համար որևէ բան չի փոխվելու։ Ուղղակի մեկ ուրիշ Իրակլի է լինելու մեր վարչապետը՝ փոքր-ինչ ավելի բարձրահասակ և այլ սանրվածքով», - հեգնել է «Քաղաքացիներ» կուսակցության առաջնորդ Ալեքո Էլիսաշվիլին։

Նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցներին միավորող «Ազգային միացյալ շարժման» ղեկավար Լևան Խաբեիշվիլին ևս վստահ է՝ վերջին կադրային փոփոխությունները վկայում են իշխող ուժի ներսում առկա խնդիրների և Բիձինա Իվանիշվիլիի՝ կուսակցության ներսում դիրքերն ամրապնդելու, այլ ոչ թե իրական բարեփոխումների ցանկության մասին։

«Մենք պետք է հասկանանք, որ այսօրվա իշխանության նպատակը ոչ թե ժողովրդին ծառայելն է, այլ Բիձինա Իվանիշվիլիի հետագա հարստացմանը նպաստելը», - ասել է Խաբեիշվիլին։

Վրաստանի երրորդ նախագահ Սաակաշվիլին վարչապետի հերթական փոփոխությանն անդրադարձավ այսօր՝ սոցիալական ցանցերում արված գրառմամբ տեղի ունեցածը «վրաց ժողովրդի ծաղր անվանելով»։

Անկախ փորձագետների համոզմամբ, սակայն, կադրային փոփոխությունները շատ ավելի հեռուն գնացող խորքային պատճառներ ունեն, իսկ Իրակլի Ղարիբաշվիլիի քաղաքական մահվան մասին խոսելն ընդհանրապես վաղաժամ է։

«Կարծում եմ, որ Ղարիբաշվիլիին պարզապես ազատել են ոչ մեծ ժողովրդականություն վայելող ինչ-ինչ որոշումների կայացման բեռից։ Բոլոր գործողությունները՝ լավ թե վատ, այսուհետ վերագրվելու են նոր վարչապետին։ Իսկ Ղարիբաշվիլին տեղափոխվում է կուսակցության նախագահի աթոռին, ինչը նշանակում է, որ նա էլ հենց կղեկավարի «Վրացական երազանքի» նախընտրական շտաբը և կձևավորի ապագա նախընտրական ցուցակները։ Ավելին, կարծում եմ, որ Իվանիշվիլին Ղարիբաշվիլիին շատ ավելի է վստահում, քան Կոբախիձեին», - «Ազատության» վրացական ծառայության հետ զրույցում նշել է թբիլիսցի քաղաքագետ Վախթանգ Ձաբիրաձեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG