Մատչելիության հղումներ

ԱԳ նախարարների երկկողմ հանդիպում անցկացնելու Բաքվի առաջարկին Երևանը դեռ չի արձագանքում


Հայ-ադրբեջանական սահմանին արտգործնախարարների երկկողմ հանդիպում անցկացնելու Բաքվի առաջարկին պաշտոնական Երևանը դեռ չի արձագանքում: Ադրբեջանի դիվանագիտության ղեկավարը երեկ ասել էր՝ Բաքուն կողմ է խաղաղության պայմանագրի շուրջ ուղիղ՝ առանց միջնորդի բանակցություններին։

Ջեյհուն Բայրամովի այս հայտարարությունից 3 օր առաջ ադրբեջանական կողմը Երևանին էր փոխանցել խաղաղության պայմանագրի նախագծի 7-րդ տարբերակը: Երեկ Բայրամովը մի կողմից խոսում էր փաստաթղթում խաղաղության գործընթացին խոչընդոտող դետալներից, մյուս կողմից հայտարարում, թե հայկական կողմի դիրքորոշումներում արդեն փոփոխություններ են տեսնում:

«Կրճատվում է այն կետերի թիվը, որոնց շուրջ կան տարաձայնություններ։ Առաջընթաց կա առաջարկությունների փաթեթում, որը մենք ստացել ենք նոյեմբերի 21-ին։ Դժվար է ասել, թե որքանով է այն խաղաղությանը մոտ կամ հեռու: Ես կարծում եմ, որ եթե լուրջ քաղաքական կամք լինի, ապա կարելի է արագ խաղաղության համաձայնություն կնքել։ Հակառակ դեպքում գործընթացը կձգձգվի», - ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը:

Թե ինչ առաջընթացի մասին է խոսքը, Բայրամովը փակագծեր չի բացել: Երևանի առաջարկությունների փաթեթը Բաքվին է փոխանցվել Լեռնային Ղարաբաղի հայաթափումից մոտ երկու ամիս անց: Արդյոք դրանում արցախահայերի իրավունքների և անվտանգությանն առնչվող դրույթի հնարավոր բացակայությունն է Բաքուն գնահատել առաջընթաց, հստակ չէ: Ամեն դեպքում հայաստանցի պաշտոնյաները, նրանց թվում՝ վարչապետ Փաշինյանը ուղիղ հայտարարում են՝ իրենց խնդիրը Հայաստանն է, իսկ Ղարաբաղի հայերի վերադարձի, իրավունքների և անվտանգության մասին կառավարությունը հստակ ոչինչ չի ասում:

Փոխարենը Ազգային ժողովի նախագահն օրերս պնդել էր, թե խաղաղությունը երբեք այսքան մոտ չի եղել: Ալեն Սիմոնյանը պայմանագրի շուրջ քննարկումներից է նման եզրակացության հանգել: Դրանք, նրա գնահատմամբ, կառուցողական են:

Եվ մինչ այս ֆոնին պաշտոնական Երևանը դեռ առ դեմ բանակցելու շուրջ չի շտապում դիրքորոշում հայտնել, «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Արման Եղոյանը չի բացառում երկկողմ շփումները:

«Կարող է լինել միջնորդներով բանակցություն՝ ոչ արդյունավետ, տարբեր միջնորդներով, որևէ մեկին չեմ ակնարկում, և կարող է լինել առանց միջնորդների բանակցություն՝ արդյունավետ կամ ոչ արդյունավետ: Այսինքն, այստեղ կարևոր է ոչ այնքան սենյակում գտնվող մարդկանց թիվը, այլ՝ սենյակում գտնվող մարդկանց վերաբերմունքը քննարկվող թեմաներին», - ասաց Եղոյանը:

Ուղիղ՝ առանց միջնորդի բանակցությունների մասին Բաքուն խոսում է արևմտյան հարթակներում տարբեր պատճառաբանություններով առաջնորդների երկու և արտգործնախարարների մեկ հանդիպում տապալելուց հետո:

Երկկողմ բանակցությունները, քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանի գնահատմամբ, կարող են արդյունավետ լինել այն դեպքում, երբ կողմերի նպատակն իսկապես խաղաղությունն է:

«Այս պարագայում երկկողմ բանակցությունները չենք կարող հանգեցնել վերջնական խաղաղության, դրա համար էլ շատ կարևոր է միջնորդների մասնակցությունը, ընդ որում, այնպիսի միջնորդների, որոնք իրական լծակներ կունենան, որպեսզի կողմերին ստիպեն կատարել արդեն իսկ ձեռք բերված համաձայնությունները», - ասաց Բաղդասարյանը:

Խաղաղության պայմանագրի կնքման համար Երևանը կարևորում է տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման, Խորհրդային միության վերջին քարտեզներով սահմանազատման և ինքնիշխանության հարգմամբ տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման սկզբունքները։ Ադրբեջանը մինչ օրս հրապարակային չի հայտարարել, որ ճանաչում է Հայաստանի 29 հազար 800 քառակուսի կիլոմետրը, հստակ չէ նաև քարտեզների և ենթակառուցվածքների ապաշրջափակման շուրջ Բաքվի դիրքորոշումը:

Քաղաքական վերլուծաբանն ասում է՝ եթե անգամ երկկողմ ձևաչափով բանակցություններ լինեն այս փուլում, ստորագրումն այդուհանդերձ պետք է լինի միջնորդների մասնակցությամբ:

«Հակառակ դեպքում կստացվի, որ այդ փաստաթղթով Ադրբեջանը կստանա իր ուզածը արդեն փաստաթղթավորված՝ առանց Հայաստանին տրամադրելու, ինչպես իշխանություններն են ասում, Հայաստանի կադաստրի թուղթը: Այսինքն՝ կստացվի, որ իրենք արձանագրեցին, որ Արցախի հարցն այլևս գոյություն չունի, դա Ադրբեջանի անբաժանելի մասն է, սակայն առանց Հայաստանի տարածքային ամբողջականությունը թվային պարամետրերով արձանագրելու», - նշեց Արմեն Բաղդասարյանը:

Թեև իշխանությունը շարունակում է խոսել երաշխիքների ինստիտուտի կարևորության մասին, սակայն մինչ օրս հստակ չէ՝ կա՞ն պայմանագրում այդպիսի մեխանիզմներ, իսկ եթե չկան, որ փուլում են կողմերը այդ հարցով փորձելու համաձայնության հասնել:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG