Մատչելիության հղումներ

Բաքվի և Փարիզի միջև լարվածությունը հասավ դիվանագետների արտաքսմանը


Ֆրանսիայի և Ադրբեջանի նախագահներ Էմանյուել Մակրոնի և Իլհամ Ալիևի հանդիպումը Փարիզում, 20-ը հուլիսի, 2018թ.
Ֆրանսիայի և Ադրբեջանի նախագահներ Էմանյուել Մակրոնի և Իլհամ Ալիևի հանդիպումը Փարիզում, 20-ը հուլիսի, 2018թ.

Ադրբեջանից այս շաբաթ արտաքսված ֆրանսիացի դիվանագետներին Բաքուն ապօրինությունների մեջ է մեղադրում։ Արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը պնդում է՝ Ադրբեջանի պետական կառույցներն ունեն ապացույցներ։

Թե կոնկրետ ինչ մեղադրանքների մասին է խոսքը, ովքեր են դիվանագետներն ու ինչ պաշտոններ են զբաղեցնում, ադրբեջանական կողմը չի հստակեցնում։ Բայրամովը միայն նշել է՝ ֆրանսիական կողմին հորդորել են հետաքննել Բաքվի դեմ ֆրանսիացի դիվանագետների քայլերը:

«Եթե ֆրանսիական պետությունը վստահ էր իր աշխատակիցների անմեղության մեջ, պետք է արձագանքեր մեր կոչին», - երեկ հայտարարել էր Ադրբեջանի արտգործնախարարը:

Պաշտոնական Փարիզը ոչ միայն չի պատրաստվում հետևել Ադրբեջանի իշխանությունների հորդորին, այլև անընդունելի է համարում մեղադրանքները՝ ի պատասխան արտաքսելով երկու ադրբեջանցի դիվանագետի:

«Ֆրանսիան կտրականապես հերքում է այն պնդումները, որոնցով Ադրբեջանը հիմնավորել է իր որոշումը։ Որպես պատասխան միջոց՝ Ֆրանսիան անցանկալի անձ է հայտարարել Ադրբեջանի դեսպանատան երկու աշխատակցի», - ասվում է Ֆրանսիայի արտգործնախարարության հաղորդագրությունում։

«Հայերից ավելի հայ»

Ֆրանս - ադրբեջանական դիվանագիտական այս սկանդալը տեղի է ունենում երկու երկրների միջև արդեն տևական ժամանակ լարված հարաբերությունների ֆոնին։

Ադրբեջանի իշխանությունները, այդ թվում՝ նախագահ Իլհամ Ալիևը, Ֆրանսիայի հասցեին պարբերաբար կոշտ մեղադրանքներ են հնչեցնում, մասնավորապես՝ Հայաստանի հետ սերտ հարաբերությունների համար:

Անցած օրերին Ալիևը հերթական անգամ քննադատելով Եվրոպայում ամենամեծ հայկական սփյուռքն ունեցող Ֆրանսիային՝ պնդել էր, թե այդ երկիրը փորձում է «հայերից ավելի հայ լինել»։

Ֆրանսիայի՝ Հայաստանին աջակցելու պատրվակով Ալիևը վերջին շրջանում բոյկոտել է հայ - ադրբեջանական բանակցային բոլոր այն հանդիպումները, որոնց մասնակցելու էր Էմանյուել Մակրոնը։

Թեև Ադրբեջանն ավելի մեծ աջակից ունի ի դեմս Թուրքիայի, որը Բաքվի քաղաքական հենարանը լինելուց բացի նաև զինել է Ադրբեջանին 44-օրյա պատերազմի ժամանակ, Ադրբեջանի իշխանությունները դատապարտում են Հայաստանին զենք վաճառելու Ֆրանսիայի որոշումը` այն որակելով «Ադրբեջանի նկատմամբ թշնամական քայլ»։

Ֆրանսիայի հասցեին Բաքվի մեղադրանքներն այդքանով չեն սահմանափակվում։

Համաժողովներ՝ նվիրված ֆրանսիական գաղութատիրությանը

Վերջերս Ադրբեջանում հատուկ համաժողով էր կազմակերպվել՝ նվիրված ֆրանսիական գաղութատիրությանը։ Ալիևը Բաքու էր հրավիրել ֆրանսիական նախկին գաղութների ներկայացուցիչների, որոնք պատմում էին ճնշումների մասին։ Օրինակ՝ Գվիանայի ներկայացուցիչը նկարագրում էր, թե ինչպես է Ֆրանսիան փորձում ասիմիլյացիայի ենթարկել գվիանացիներին դպրոցներում ֆրանսերենով դասավանդելու միջոցով։

Ադրբեջանական մամուլն այս հայտարարությունից հետո շտապեց եզրահանգել՝ Ֆրանսիան գաղութատիրական երկիր է, որը փորձում է «սերմեր ցանել » նաև Հարավային Կովկասում։

Բաքուն Ֆրանսիային մեղադրում է նաև իսլամաֆոբիայի մեջ։ Այս տարվա ամռանը, երբ Ֆրանսիայում բողոքի ցույցեր էին տեղի ունենում ֆրանսիացի ոստիկանների կողմից ալժիրցի դեռահասի սպանության պատճառով, Ադրբեջանի իշխանությունները լրագրողական խումբ էին գործուղել Փարիզ՝ լուսաբանելու այդ ցույցերը։

Իլհամ Ալիևը, որը երբեք չի հանդուրժել սեփական երկրում բողոքի ցույցերը և ոստիկանական կոշտ ուժի կիրառմամբ մշտապես ցրել է նույնիսկ խաղաղ և ոչ մարդաշատ հավաքները, անձամբ է աջակցություն հայտնել Ֆրանսիայում տեղի ունեցած անկարգությունների մասնակիցներին։ «Ֆրանսիական ոստիկանության կողմից ծագումով ալժիրցի 17-ամյա երիտասարդի սպանությունը ռասիզմի և իսլամաֆոբիայի ևս մեկ դրսևորում է այդ երկրում »,- հայտարարում էր Ադրբեջանի նախագահը։ Այս հայտարարությունը հնչում էր այն նույն օրերին, երբ Գետաբեկի շրջանի Սոյուդլու գյուղում ոստիկանությունը ծեծում և բերման էր ենթարկում բնակիչներին, որոնք փողոց էին դուրս եկել ընդդեմ ոսկու հանքի շահագործման։ Շաբաթներ շարունակ գյուղը շրջափակած ոստիկաններն արգելում էին ոչ միայն լրագրողների մուտքը, այլև գյուղի բնակիչների ելքը:

Ի վերջո, որքա՞ն հեռու կարող է գնալ Բաքուն Եվրամիության ազդեցիկ անդամներից Ֆրանսիայի հետ հարաբերություններում, արդյո՞ք երկու երկրների միջև տնտեսական համագործակցությունը ևս վտանգված է։

Երկու երկրները շարունակում են ակտիվ տնտեսական համագործակցությունը

Չնայած Փարիզի և Բաքվի միջև լարվածությանը՝ երկու երկրները շարունակում են ակտիվ տնտեսական համագործակցությունը, Ադրբեջանի պաշտոնական տվյալներով՝ Ֆրանսիան այդ երկրի առաջատար առևտրային գործընկերներից է։ Անցած հուլիսին էլ հայտնի դարձավ, որ ֆրանսիական խոշոր ընկերություններից մեկը՝ TotalEnergies-ը Ադրբեջանի պետական նավթային ընկերության՝ SOCAR-ի հետ համատեղ սկսում է ադրբեջանական «Աբշերոն» գազային կոնդենսատային հանքավայրում արդյունահանում իրականացնել։

Արտգործնախարար Բայրամովը, երեկ փաստելով, որ ֆրանս - ադրբեջանական հարաբերությունները գտնվում են ամենացածր մակարդակում, միաժամանական ընդգծեց՝ տնտեսական համագործակցության ոլորտում ռիսկեր չի տեսնում։

«Total ընկերությունը տարիներ առաջ հետաքրքրություն է ցուցաբերել Աբշերոնի հանքավայրի նկատմամբ և հաղթել մրցույթում։ Կա պայմանագիր։ Հարյուրավոր ընկերություններ ներդրումներ են կատարում Ադրբեջանում, ստանում եկամուտ և շահույթ», - ասաց Ադրբեջանի դիվանագիտության ղեկավարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG