Մատչելիության հղումներ

Արմեն Մելիքբեկյանը վերընտրվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ


Չնայած սկանդալներին, վերջնագրերին ու փոխադարձ մեղադրանքներին` Արմեն Մելիքբեկյանը, ձայների ճնշող մեծամասնությամբ, այսօր վերընտրվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում։

Ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող 25 ակումբից 20-ը, փակ գաղտնի քվեարկությամբ, նրան ձայն տվեց։ Մելիքբեկյանը ևս երեք տարի կպաշտոնավարի։

«Ես վստահեցնում եմ ձեզ, որ մենք ավելի ակտիվ ենք աշխատելու մեր շահառուների հետ», - ասաց Մելիքբեկյանը։

Ընտրություններին նախորդող շրջանում ֆուտբոլային գերատեսչության շուրջ կրքերն ավելի թեժացան։ Ավելի սրվեցին Հայաստանի ամենատիտղոսակիր ակումբի՝ «Փյունիկ»-ի հետ հակասությունները, գործող չեմպիոն «Ուրարտու»-ն էլ անվստահություն հայտնեց ՀՖՖ ղեկավարությանը։

Այսօրվա ժողովին հետևում էին նաև ՖԻՖԱ-ի, ՈՒԵՖԱ-ի պատվիրակները։ Իրենց ելույթներում նրանք նաև լրագրողներին ողջունեցին, սակայն, ՀՖՖ դահլիճում լրատվամիջոցների և ոչ մի ներկայացուցիչ չկար, նախապես որոշվել էր՝ լրագրողներ չեն լինելու։ Լրագրողներն ընտրություններին հետևում էին ուղիղ հեռարձակմամբ՝ հարցեր ուղղելու հնարավորություն չունենալով։

Ընդդիմախոսները ՀՖՖ ղեկավարությանը մեղադրում են մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումը տապալելու համար


Ընդդիմախոսները ՀՖՖ ղեկավարությանը մեղադրում են մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումը տապալելու, տեղացի երիտասարդ կադրեր քիչ պատրաստելու համար։ Ինքը՝ Մելիքբեկյանը հայտարարում է՝ իր ղեկավարման օրոք ֆուտբոլ խաղացող երեխաների թիվը կրկնապատկվել է։

Հայաստանի տարբեր տարիքային հավաքականները, մինչդեռ, շարունակում են անհաջող ելույթների շարքը. մինչև 21 տարեկանների հավաքականն ավելի քան երկու տարի որևէ հաղթանակ չի տարել ու հաճախ խոշոր հաշվով պարտություններ է կրում, մինչև 19 տարեկանների հավաքականը վերջին 10 խաղերից 8-ում պարտվել է, մինչև 17 տարեկաններինն էլ վերջին 5 խաղերում 18 գնդակ Է բաց թողել՝ խփելով միայն 2-ը:

Ինչո՞ւ է որոշել շարունակել պաշտոնավարել. ՀՖՖ նախագահի խոսքով՝ իրենք կարողացել են լավ հիմք գցել. - «Ես ու ոչ միայն ես, տեսնում ենք, որ վերջին չորս տարիների ընթացքում ապագայի համար լավ սերմեր են ցանվել, գալիք երեք տարիներին էլ հողը պետք է ջրվի և արագահաս պտուղները քաղվեն», - ասաց Մելիքբեկյանը։

«Ուզում եմ Հայաստանում էլ բարձր ստանդարտներ կիրառվեն»


Նախագահի մյուս թեկնածուն անցած ամիս ֆուտբոլիստի կարիերան ավարտած Հայաստանի ազգային հավաքականի նախկին խաղացող Արաս Օզբիլիսն էր։

Նիդեռլանդներում ֆուտբոլային կրթություն ստացած Օզբիլիսը քվեարկությանն ընդառաջ ասաց՝ ինքն ուրիշ ֆուտբոլ է տեսել, ուզում է Հայաստանում էլ բարձր ստանդարտներ կիրառվեն։

«Կարող եմ դեպի դրականը փոխել մեր ֆուտբոլը։ Ես վճռկան եմ, որ հայկական ֆուտբոլը թափանցիկ լինի, որ խոսելուց անգամ որևէ մեկը չասի՝ խաղը ծախված էր», - ասաց Օզբիլիսը։

Օզբիլիսը երեք ձայն ստացավ, ակումբներից երկուսն էլ՝ «Շիրակն» ու «Նոան» ընտրություններին ընդհանրապես չէին ներկայացել։

Մելիքբեկյանը պատրաստ է համագործակցել իրեն անվստահություն հայտնած ակումբների հետ


Վերընտրվելուց հետո Մելիքբեկյանի առաջին իսկ ելույթն իրեն անվստահություն հայտնած ակումբներին էր ուղղված, ասաց՝ պատրաստ է համագործակցել։

«Ուղղակի մենք կցանկանայինք, որպեսզի որոշակի քայլեր տեսնենք նաև երկու ակումբների կողմից», - ասաց ՀՖՖ վերընտրված նախագահը։

«Տարիուկես մեր մեջ որևէ հանդիպում չի եղել, մենք փորձել ենք, երկրպագուներն էլ են փորձել մեզ նստեցնել մի սեղանի շուրջ, բայց հետո այն կողմը հրաժարվել է, ես պատրստ էի, ես հատուկ եկա Երևան, երեք օր սպասեցի, բայց նրանք ժամանակ չգտան հանդիպելու», - ասաց «Փյունիկ»-ի սեփակնատեր Արթուր Սողոմոնյանը։

Լարվածության ֆոնին ինչպե՞ս է կազմակերպվելու ֆուտբոլային կյանքը


Այս լարվածության պարագայում ինչպե՞ս է կազմակերպվելու Հայաստանի ֆուտբոլային կյանքը։ Հնարավո՞ր է մեղմել դրությունը։ Ֆեդերացիան, ըստ էության, ակումբերից է առաջին քայլն ակնկալում։

ՀՖՖ -ի հետ ավելի քան մեկ տարի առճակատման մեջ գտնվող «Փյունիկ»-ի սեփականատերն էլ արձագանքում է՝ ինքը բաց է, բայց այս պայմաններում աշխատել հնարավոր չէ։

«Ես բաց եմ և ունեմ մեկ նպատակ՝ զարգացնել ֆուտբոլը, բայց, ցավոք սրտի, այսօր էսպես է մեր դրությունը՝ ես պետք է կա՛մ լռեմ ու համաձայնեմ ամեն ինչի հետ, կա՛մ դուրս գամ էդտեղից», - «Ազատության»-ն ասաց Սողոմոնյանը։

Կողմերն այժմ դատարանում են «շփվում»։ «Փյունիկ»-ը ֆեդերացիայի ղեկավարությանը շարունակ մեղադրում է Հայաստանի ֆուտբոլային կյանքը ոչ պրոֆեսիոնալ կազմակերպելու համար։ ՀՖՖ ղեկավարությունն էլ իր հերթին Արթուր Սողոմանյանին դատի է տվել՝ պահանջելով ներողություն խնդրել զրպարտության համար։ Դատարանը դեռ որոշում չի կայացրել։

«Իմ կարծիքով պրոֆեսիոնալ ու սիրողական մոտեցումը նրանով է տարբերվում, որ պրոֆեսիոնալ մոտեցման համար կարևորն արդյունքն է, այն մարդը, ով ղեկավարում է, պետք է պատասխան տա արդյունքների համար։ Ցավոք սրտի, մեր ֆուտբոլը ցույց տվեց, որ էսօր ինքը դառնում է սիրողական ֆուտբոլ», - ասաց «Փյունիկ»-ի սեփականատերը։

«Փյունիկ»-ը պնդում է՝ իրենց նկատմամբ խտրական վերաբերմունք է դրսևորվում։

Անցած շաբաթ «Ազատության» հետ զրույցում ՀՖՖ-ից չհերքեցին՝ ակումբը Աբովյան քաղաքի մարզադաշտում խաղալու հնարավորությունից զրկվել է հայտարարություների համար՝ ասացին, թե «Փյունիկ»-ը, շարունակ վարկաբեկում է իրենց։ Երևանում սեփական մարզադաշտը չունեցող «Փյունիկ»-ը անցնող ամիսներին ահազանգում էր՝ ՀՖՖ որոշման հետևանքով բարդ կացության մեջ են:

Կրքերն ավելի թեժացան, երբ երկու շաբաթ առաջ ակումբի սեփականատերը հայտարարեց՝ եթե Մելիքբեկյանը վերընտրվի, 1700 սան ունեցող «Փյունիկ»-ն իր թիմերին չի հայտավորի հաջորդ մրցաշրջանի համար։

Աղմակահարույց այս խոսքերից հետո նաև հենց «Փյունիկ»-ի երկրպագուները դիմեցին Սողոմոնյանին՝ կոչ անելով հետ կագնել մտադրությունից։ Սեփականատերը, սակայն, չի մտափոխվել, ասում է՝ այլընտրանք չկա։

Մելիքբեկյանի չորս տարվա աշխատանքը

ՀՖՖ նախագահն իր չորս տարվա աշխատանքները ներկայացնելիս հատկապես ենթակառուցվածքների զարգացումն էր մատնացույց անում, շեշտում՝ մեծ ներդրումներ են անում մարզիչներին կրթելու համար։

«Վերջին չորս տարիների ընթացքում մենք կարողացել ենք վերակառուցել Արմավիրի, Վանաձորի, Աբովյանի մարզադաշտերը», - ասաց ՀՖՖ վերընտրված նախագահը։

Մելիքբեկյանի ղեկավարման չորս տարիներին Հայաստանի ազգային հավաքականը երկու արտասահմանցի գլխավոր մարզիչ ունեցավ, ուկրաինացի Ալեքսանդր Պետրակովը շարունակում է աշխատանքը։ Ընտրանին, սակայն, այդպես էլ չկարողացավ հաղթահարել Եվրոպայի կամ աշխարհի առաջնության ընտրական փուլերը։ Այս աշնանն ընտրանին նախավերջին տեղում ավարտեց Եվրո 24-ի ընտրական փուլը, ֆուտբոլային հանրությունն, այդուհանդերձ, թիմի խաղը դրական գնահատեց։ ՀՖՖ ղեկավարությունը վստահեցնում է՝ երիտասարդական հավաքականում էլ իրավիճակը կշտկեն։

Արմեն Մելիքբեկյանի հայտարարություններից մեկը, մինչդեռ, «Փյունիկ»-ի սեփականատիրոջն ապշեցրել է։

«Իրեն բավարարում է, ասում է՝ դե, ոչինչ, մինչև էդ էլ էին պարտվում։ Ցավոք սրտի, իր էդ խոսքերից հետո ես հասկանում եմ, որ ոչինչ չի փոխվի», - ասաց Սողոմոնյանը։

«Փյունիկ»-ՀՖՖ առճակատմանը զուգահեռ շարունակվում է Հայաստանի առաջնությունը։ Երևանյան ակումբը մրցաշարի միանձնյա առաջատարն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG