Մատչելիության հղումներ

Թուրք-ադրբեջանական կոռուպցիոն սկանդալ Նյու Յորքի քաղաքապետի անվան շուրջ


Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամս, արխիվ
Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամս, արխիվ

Նյու Յորքի բնակիչների 72 տոկոսը վստահ է՝ քաղաքապետ Էրիկ Ադամսը ինչ-ինչ ստվերային գործարքների է գնացել թուրքական իշխանությունների հետ։ Հանրային կարծիքի ուսումնասիրության Marist կենտրոնի հարցման՝ նախօրեին հրապարակված այս արդյունքներն ի հայտ եկան Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) կողմից իրականացվող լայնածավալ հետաքննությանը զուգահեռ։ Ամերիկացի իրավապահների մոտ լուրջ կասկածներ են ի հայտ եկել, թե Ադամսը 2021 թվականի ամռանը, Բրուկլինի թաղապետ աշխատելու ընթացքում, ճնշում է գործադրել Նյու Յորքի հրշեջ ծառայության ղեկավարների վրա՝ ստիպելով նրանց չարգելափակել Թուրքիայի գլխավոր հյուպատոսության նոր շենքի շահագործման պաշտոնական թույլտվության տրամադրումը։

Մի շարք աղբյուրների պնդմամբ, Մանհեթենում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանի հանդիպակաց մայթին գտնվող 35-հարկանի այս շինությունը թեև չէր համապատասխանում քաղաքում գործող հրշեջ անվտանգության կանոններին, սակայն Ադամսն արել է ամեն ինչ, որպեսզի դրա վերջնական շահագործման թույլտվության տրամադրումն արագացվի, և աշխատանքային այցով ԱՄՆ ժամանող Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանը 2021-ի սեպտեմբերի 20-ին անձամբ կարողանա կտրել հյուպատոսության կարմիր ժապավենը։ Դրա դիմաց, ըստ հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրների, թուրքական իշխանությունները Բրուկլինում գործող շինարարական ընկերություններից մեկի միջոցով ֆինանսավորել են Նյու Յորքի քաղաքապետի պաշտոնում առաջադրված Ադամսի ընտրարշավը։

2022-ի հունվարից Նյու Յորքը ղեկավարող Ադամսը, սակայն, այս մեղադրանքները կտրականապես հերքում է:

«Կեղծ դոնորներից ստացվող նվիրատվություններից մենք չեն օգտվում, մենք նաև ինչ-ինչ ծառայությունների դիմաց պատասխան ծառայություններ չենք մատուցում», - հայտարարում էր Ադամսը՝ չհերքելով, այդուհանդերձ, որ թուրքական հյուպատոսության շենքի հարցով որոշակի շփումներ Հրշեջ ծառայության ներկայացուցիչների հետ ունեցել է։ Քաղաքապետի խոսքով՝ իր հետաքրքրությունն այս հարցում ավելի քան բնական էր, քանի որ Բրուկլինը, որն ինքը ղեկավարել է շուրջ յոթ տարի, թուրքական հոծ բնակչություն ունի։

Թեև մինչ այս պահը Էրիկ Ադամսին որևէ մեղադրանք չի առաջադրվել, սակայն օրերս քննիչներն առգրավել են քաղաքապետին պատկանող էլեկտրոնային սարքավորումները՝ դրանցում Թուրքիայի հետ կոռուպցիոն սխեմաների ապացույցներ հայթայթելու հույսով։ Բացի այդ, Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակիցները խուզարկել են Ադամսի թիմակիցներից երեքի բնակարանները։

Խուզարկված տներից մեկը պատկանում էր Նյու Յորքի քաղաքապետարանի արտաքին կապերի բաժնի արարողակարգի ծառայության տնօրեն, ադրբեջանցի Ռանա Աբասովային։

The New York Times-ի տեղեկություններով` Աբասովան Ադամսի հետ բավական սերտ կապեր ունի դեռ 2015 թվականից։ Այդ կապերի վկայություններից մեկը հոկտեմբերի վերջին Թուրքիայի Հանրապետության հռչակման 100-ամյակի առթիվ Նյու Յորքում կազմակերպված տոնակատարությունն էր, որի ժամանակ քաղաքապետն ու նրա ադրբեջանցի ենթական բեմում կանգնած էին կողք-կողքի՝ թուրքական դրոշները ձեռքներին։

«Ես երևի այս քաղաքի միակ ղեկավարն եմ, որ ոչ թե մեկ, այլ վեց թե յոթ անգամ է այցելել Թուրքիա», - արարողության ժամանակ հայտարարում էր Էրիկ Ադամսը՝ հատուկ ընդգծելով. - «Նյու Յորքը Ամերիկայի Ստամբուլն է»։

Նյու Յորքի քաղաքապետի և նրա շրջապատի դեմ պաշտոնական հետաքննության մեկնարկի մասին, ի դեպ, հայտնի դարձավ այս արարողությունից մոտ տասն օր անց։

«Հետաքննության մեկնարկից անմիջապես հետո Ռանա Աբասովան ուղարկվել է հարկադիր արձակուրդ», - քաղաքապետարանում իր աղբյուրները վկայակոչելով գրում է մեկ այլ տեղական պարբերական՝ The New York Post-ը։ Այս թերթի տեղեկություններով ևս Ռանա Աբասովան ու Էրիկ Ադամսը վաղեմի կապեր ունեն։

«Պաշտոնական գրագրությունը վկայում է, որ Աբասովան դեռ 2017-ի ապրիլին՝ Բրուկլինի թաղապետարանում որպես կամավոր աշխատելու ընթացքում, փորձել էր կազմակերպել Թուրքիայի նախագահ Էրդողանի որդու կողմից հիմնադրված Тurken հիմնադրամի ներկայացուցիչների և Ադամսի հանդիպումը», - գրում է The New York Post-ը։

Հետաքնննությունների դաշնային բյուրոյի ուշադրության կենտրոնում հայտնված անձանցից ևս մեկը Նյու Յորքի քաղաքապետի՝ պաշտոնի ստանձնման ընթացքին հետևող հատուկ խմբի նախկին անդամ Ջենք Օջալն է։ Թուրքիայի նախկին այս քաղաքացին երկար տարիներ զբաղեցրել է «Թուրքական ավիաուղիներ»-ի Նյու Յորքի գրասենյակի ղեկավարի պաշտոնը։

Հետաքրքիր զուգադիպությամբ՝ քաղաքապետ Էրիկ Ադամսը հենց այդ շրջանում մի քանի անգամ հրապարակայնորեն հայտարարել էր, թե «Թուրքական ավիաուղիներ»-ն իր ամենասիրելի ավիաընկերությունն է։

Թուրք-ադրբեջանական կոռուպցիոն սկանդալ Նյու Յորքի քաղաքապետի անվան շուրջ
please wait

No media source currently available

0:00 0:04:38 0:00

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG