Մատչելիության հղումներ

Վրացական կողմն հաստատել է «հատուկ բեռի» տարանցումը Հայաստան


Ֆրանսիական «Բաստիոն» զրահապատ մեքենաների տարանցման մասին «Ազատության» վրացական ծառայության հարցին ի պատասխան՝ APM Terminals Poti ընկերությունից, մասնավորապես, տեղեկացրել են՝ Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել «հատուկ բեռ»։

«Ուզում ենք ընդգծել, որ այս դեպքում բեռը եկել է ԵՄ երկրից՝ Ֆրանսիայից և ուղարկվել է Հայաստան՝ մի երկիր, որը պատժամիջոցների տակ չէ։ Բացի այդ, Վրաստանի կառավարության կողմից հստակ ցուցումների և միջազգային սահմանափակումների բացակայության դեպքում նավահանգիստը չի կարող անհիմն կերպով հրաժարվել պատժամիջոցների տակ չհայտնված բեռի ընդունումից», - պարզաբանել է վրացական Փոթի նավահանգիստը շահագործող ընկերությունը։

Ադրբեջանական լրատվամիջոցները նախօրեին գրել էին, թե Ֆրանսիան մեծ քանակությամբ «Բաստիոն» բազմաֆունկցիոնալ զրահամեքենաներ և դրանց համար նախատեսված սարքավորումներ է ուղարկել Հայաստան՝ Վրաստանով։

Ադրբեջանը «խստորեն դատապարտել էր» զրահատեխնիկայի առաքումը Հայաստան՝ շեշտելով՝ «նշված զինտեխնիկայի փոխանցումը նպաստում է տարածաշրջանում «Հայաստանի ռազմական ներուժի և ավերիչ գործողությունների ամրապնդմանը»։

Ցանկացած սպառազինության ձեռքբերում Հայաստանի հիմնարար իրավունքն է, և Երևանն այն կգնի՝ որ երկրից հնարավոր լինի՝ ինքնապաշտպանության համար, արձագանքելով Բաքվից հնչած հերթական կոշտ քննադատությանը, «Ազատությանն» ասել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:

«Բնականաբար, այս սպառազինությունները ագրեսիվ նպատակ չունեն, այդ սպառազինություններն ունեն պաշտպանական նպատակ, և դա Հայաստանի հիմնարար իրավունքն է: Այն պետք է իրացվի, այն իրացվել է, իրացվելու է և իրացվում է հենց հիմա, հետևաբար Ադրբեջանի նման հայտարարություններն ուղղակի զարմանալի են», - ասել է Մարուքյանը:

Պաշտոնական Երևանը դեռ չի հստակեցնում՝ ստացել են արդյոք ֆրանսիական զենքը։

Երևանն ու Փարիզը հոկտեմբերին ռազմական համագործակցության համաձայնագիր ստորագրեցին, ըստ որի՝ Ֆրանսիան Երևանին կմատակարարի GM 200 ռադիոտեղորոշիչ կայաններ, փոքր հեռահարության Mistral հրթիռներ, ինչպես նաև կօգնի ուսումնասիրել ու հասկանալ՝ որոնք են Հայաստանի հակաօդային պաշտպանության խոցելի կետերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG