Մատչելիության հղումներ

Իսրայելը վերջին պատրաստություններն է տեսնում Գազայում ցամաքային հարձակումից առաջ


Իսրայելի Պաշտպանության բանակի զինտեխնիկան Գազայի հատվածի սահմանի մերձակայքում, 9-ը հոկտեմբերի, 2023թ.
Իսրայելի Պաշտպանության բանակի զինտեխնիկան Գազայի հատվածի սահմանի մերձակայքում, 9-ը հոկտեմբերի, 2023թ.

Նոր հարվածներ Գազայի հատվածին և նոր տեղեկություններ խաղաղ բնակչության շրջանում զոհերի մասին։ Անցած գիշեր իսրայելական բանակի թիրախում էր Գազայի հարավում գտնվող փախստականների «Խան-Յունիս» ճամբարը, որտեղ, ըստ Reuters գործակալության, առնվազն 7 պաղեստինցի երեխա է զոհվել։

«Բոլորս քնած էինք։ Հանկարծ պայթյունի ձայն լսվեց, բոլորը սկսեցին փախչել, ամենուր մարդկային մարմիններ էին։ Մենք ապրում ենք փախստականների ճամբարում, որտեղ ոչ մի ամուր,բ ետոնապատ շինություն չկա։ Այստեղ միայն խաղաղ մարդիկ են՝ կանայք և երեխաներ։ Զինյալներ չկան, բայց միևնույն է՝ մեր գլխին տոննաներով ռումբեր են նետում», - նշում էր պայթյունի ականատեսներից մեկը՝ Խան Յունիսի բնակիչ Խալեդ Աբու Մուհայմերը։

Իսրայելական հարվածներին ի պատասխան՝ Գազայի հատվածը վերահսկող «Համաս» շարժումն այսօր կրկին հրթիռակոծեց Իսրայելի կենտրոնական շրջանները։ Օդային տագնապի ազդանշանները Թել Ավիվում հնչեցին օրվա երկրորդ կեսին։

Իսկ Գազայում Իսրայելի ցամաքային գործողության նախապատրաստական աշխատանքները մոտենում են ավարտին։ Դրա ևս մեկ վկայությունը դարձավ Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի այսօրվա այցը Գազայի հետ սահման։

«Այս ճակատամարտը շատ ծավալուն և ծանր է լինելու։ Մեր հարվածները, սակայն, լինելու են դիպուկ և մահաբեր։ Մենք ստիպված ենք լինելու որոշակի գին վճարել այս ամենի համար, բայց գործողությունը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ դրա բոլոր նպատակներն ի կատար չեն ածվել», - հայտարարում էր Իսրայելի ռազմական գերատեսչության ղեկավարը։

Այն որ Գազայում ցամաքային գործողություն անցկացնելու քաղաքական որոշումը կայացվել է՝ ակնհայտ է։ Մինչ այս պահը, այդուհանդերձ, հստակ չէ, թե որն է լինելու այդ հարձակման վերջնական նպատակը։ Reuters գործակալությունը, վկայակոչելով արևմտյան և մերձավորաևելյան միանգամից 8 իրազեկ աղբյուրներ, պնդում է, որ Իսրայելի բանակը ցամաքային հարձակման ընթացքում մտադիր է «ամբողջությամբ ոչնչացնել Գազայի ենթակառույցները` անգամ խաղաղ բնակչության շրջանում մեծ զոհերի գնով, խաղաղ բնակչությանը քշել դեպի Եգիպտոսի հետ սահման և պայթեցնել այն բոլոր ստորգետնյա անցումներն ու թունելները, որոնք ստեղծել է «Համաս»-ն իր գործունեությունն ապահովելու նպատակով»։ Reuters-ի աղբյուրները, սակայն, խոստովանել են, որ Իսրայելի ղեկավարությունը, գոնե այս պահին, որևէ հստակ պատկերացում չունի, թե ինչ է լինելու, երբ վերը թվարկված բոլոր քայլերը կյանքի կոչվեն։

Չնայած Իսրայելի այս կոշտ դիրքորոշմանը՝ արևմտյան առաջատար պետությունները շարունակում են իրենց անվերապահ աջակցությունը հայտնել Իսրայելի կառավարությանը։ Երեկ այդ երկրում էր Միացյալ Նահանգների նախագահը, այսօր արդեն Երուսաղեմ ժամանեց Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը։

«Ինձ համար կարևոր է, որ այդ սարսափելի հարձակումից հետո ես կարող եմ իմ համերաշխությունը հայտնել Իսրայելի ժողովրդին», - հայտարարում էր Մեծ Բրիտանիայի վարչապետը՝ անպատասխան թողնելով լրագրողներից մեկը հարցը, թե արդյոք ինքը ևս, հետևելով նախագահ Բայդենի օրինակին, իսրայելական իշխանություններին զսպվածության կոչ է ուղղելու։

Times of Israel պարբերականի տեղեկություններով՝ Ռիշի Սունակի և Իսրայելի նախագահի այսօրվա հանդիպումն անսպասելիորեն բավական ուշագրավ ընթացք է ստացել, երբ Իցխակ Հերցոգը սկսել է բողոքել բրիտանական ամենահեղինակավոր լրատվամիջոցից՝ BBC-ից՝ պնդելով, թե հեռուստաընկերության լրագրողները խուսափում են «Համաս»-ի անդամներին ահաբեկիչ անվանել՝ նրանց ներկայացնելով որպես զինյալների։ Հերցոգի այս հայտարարություններին, ըստ իսրայելական մամուլի, Մեծ Բրիտանիայի վարչապետն արձագանքել է «ժպիտով և համաձայնություն արտահայտող գլխի շարժումներով»։

Իսրայելցիների հետ, սակայն, Արևմուտքում ոչ բոլորն են համաձայն։ Չորեքշաբթի երեկոյան ձախ հայացքների տեր մոտ 200 ամերիկացի հրեաներ Վաշինգտոնում մուտք գործեցին Կոնգրեսի նստավայր՝ Կապիտոլիումի շենք, պահանջելով Բայդենի վարչակազմից Գազայում կրակի դադարեցման շուրջ անհապաղ բանակցություններ սկսել։

Չնայած այս կոչերին` Միավորված Ազգերի Կազմակերպության Անվտանգության խորհուրդը երեկ երեկոյան չկարողացավ հաստատել Բրազիլիայի կողմից շրջանառության մեջ դրված բանաձևի նախագիծը, որով կոչ էր արվում անհապաղ թույլ տալ մարդասիրական բեռների մուտքը Գազա, ինչպես նաև խստորեն դատապարտվում էին քաղաքացիական անձանց դեմ կիրառվող բռնությունները՝ թե՛ «Համաս»-ի, թե՛ Իսրայելի կողմից։ Անվտանգության խորհրդի մշտական հինգ անդամներից երկուսը՝ Ռուսաստանն ու Մեծ Բրիտանիան ձեռնպահ քվեարկեցին, իսկ Միացյալ Նահանգներն օգտվեց վետոյի իր իրավունքից՝ պնդելով,թե ՄԱԿ-ի նման բանաձևի ընդունումը «վաղաժամ է»։

Եվ մինչ միջազգային հանրությունն ի վիճակի չէ գործուն քայլեր ձեռնարկել Մերձավոր Արևելքում իրադրության կայունացման ուղղությամբ, աստիճանաբար լարվում է իրադրությունը նաև Իսրայելի և Լիբանանի սահմանին։ Ճիշտ է, այստեղ մարտական գործողությունների ինտենսիվությունն ավելի ցածր է, քան Գազայում, սակայն հրաձգային և հրետանային փոխհրաձգությունները Իսրայելի բանակի և Իրանի հովանավորությունը վայելող «Հեզբոլա» շարժման միջև գրեթե չեն դադարում։

Իսրայելը վերջին պատրաստություններն է տեսնում Գազայում ցամաքային հարձակումից առաջ
please wait

No media source currently available

0:00 0:05:06 0:00

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG