Մատչելիության հղումներ

Սալոմե Զուրաբիշվիլիի պաշտոնանկության փորձը տապալվեց


86 կողմ, 1 դեմ հարաբերակցությամբ Վրաստանի խորհրդարանի անդամներն այսօր քվեարկեցին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի պաշտոնանկության օգտին։ Քվեարկության նման արդյունքը նշանակում է, որ Զուրաբիշվիլին նախագահի պաշտոնը չի լքի, քանի որ նրա իմփիչմենթի համար անհրաժեշտ էին 150-հոգանոց վրացական խորհրդարանի պատգամավորներից առնվազն 100-ի քվեները։ Չնայած քվեարկության իրենց համար ոչ այնքան բարենպաստ արդյունքին, իշխող «Վրացական երազանքի» ներկայացուցիչները պնդում են՝ հաջողվել է հասնել ամենակարևորին՝ հանրության աչքում ապալեգիտիմացնել գործող նախագահին։

«Ժողովրդի կողմից ընտրված խորհրդարանի մեծ մասը այսօր հաստատեց, որ Սալոմե Զուրաբիշվիլիին երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնելուն արժանի անձ չի համարում։ Առաջիկա մեկ տարվա ընթացքում Զուրաբիշվիլին զուտ ֆորմալ կերպով կզբաղեցնի Վրաստանի նախագահի պաշտոնը։ Նա այլևս ոչ թե Վրաստանի, այլ «Ազգային միացյալ շարժման» նախագահն է լինելու», - քվեարկությունից անմիջապես հետո հայտարարել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն՝ կրկին թափանցիկորեն ակնարկելով, թե երկրի ղեկավարին համարում է ընդդիմադիր գլխավոր ուժի դրածո և քաղաքական դաշնակից։

Վրաստանի հինգերորդ նախագահի պաշտոնանկության շուրջ քննարկումները երկրի խորհրդարանում մեկնարկեցին այսօր առավոտյան՝ շարունակվելով շուրջ հինգ ժամ։ Խիստ սահմանափակ, զուտ արարողակարգային լիազորություններ ունեցող նախագահի իմփիչմենթի հարցը Վրաստանի խորհրդարանի օրակարգում հայտնվեց այն բանից հետո, երբ երկուշաբթի օրը երկրի Սահմանադրական դատարանը քվեների վեց կողմ, երեք դեմ հարաբերակցությամբ որոշեց հավանության արժանացնել մի խումբ վրաց օրենսդիրների հայցը։ Դրանում իշխանամետ պատգամավորները պնդում էին, թե Սալոմե Զուրաբիշվիլին, խախտելով Սահմանադրությամբ ամրագրված այն դրույթը, որի համաձայն երկրի նախագահն իր արտերկրյա այցերը պետք է համաձայնեցնի կառավարության հետ, օգոստոսին և սեպտեմբերին մեկնել էր եվրոպական շրջագայության:

«Գերմանիա, Ֆրանսիա և Բրյուսել կատարած նրա այցերը հակասում էին Վրաստանի սահմանադրությանը։ Չնայած դրան նախագահը որոշեց չչեղարկել դրանք, ինչը Սահմանադրության կոպտագույն խախտում էր։ Նման քայլը անարձագանք մնալ պարզապես չէր կարող։ Նախագահ Զուրաբիշվիլին այլևս չի կարող զբաղեցնել այդ պաշտոնը», - իմփիչմենթի շուրջ քննարկումների մեկնարկին հայտարարել է Իրակլի Կոբախիձեն։

Այս քննադատությունը Սալոմե Զուրաբիշվիլին անձամբ է լսել։ Նա այսօր ժամանեց խորհրդարան և անգամ հանդես եկավ պաշտպանական ճառով՝ իր դեմ նախաձեռնված գործընթացը «ֆարս» որակելով։

«Վրաստանի պատմության մեջ առաջին անգամ մենք նախագահի իմփիչմենթի գործընթացի ականատեսն ենք դարձել, և դուք հպարտ եք ձեր այդ քայլով»,-դիմելով խորհրդարանական մեծամասնության անդամներին՝ ասաց Զուրաբիշվիլին։

«Սահմանադրական դատարանի հոկտեմբերի 16-ին կայացրած որոշումը կհիշվի ոչ թե որպես օրենքի, այլ միակուսակցական համակարգի գերակայության հաղթանակ։ Սահմանադրական դատարանը, որ պետք է հանդիսանա ժողովրդավարական և իրավական պետության հիմքը, ամբողջությամբ դուրս եկավ այդ դերից և տեղափոխվեց քաղաքական դաշտ՝ չկարողանալով դիմակայել առանձին վերցված մեկ կուսակցության քաղաքական կամքին», - հավելեց նա։

Վրաստանի նախագահի այս ելույթից հետո մթնոլորտը նիստերի դահլիճում մի պահ թեժացավ։ Սալոմե Զուրաբիշվիլիի ելույթից հետո նրա հետ խորհրդարան ժամանած նախագահի աշխատակազմի մի շարք աշխատակիցներ սկսեցին ծափահարել: Դրան ի պատասխան խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին նախագահական օթյակում նստածներին նկատողություն արեց, թե նրանք գտնվում են սահմանադրական մարմին հանդիսացող խորհրդարանում և պետք է հարգեն այնտեղ գործող կանոնները։

Այսօրվա քննարկման մյուս առանձնահատկությունն այն էր, որ թեև ընդդիմադիր պատգամավորների զգալի մասը մասնակցում է նիստին, սակայն գործող նախագահին աջակցելու մեծ ցանկություն նրանք չէին ցուցաբերում։ Ավելին, երբ Զուրաբիշվիլին մտավ խորհրդարանի նիստերի դահլիճ, ընդդիմադիրներից միայն մի քանիսը ոտքի կանգնեցին։ Ճիշտ է՝ ընդդիմադիր մի շարք պատգամավորներ այսօր հանդես եկան կրակոտ ճառերով՝ նախագահի իմփիչմենթի գործընթացը «կատարյալ խայտառակություն» որակելով, սակայն նրանցից գրեթե ոչ ոք չմասնակցեց քվեարկությանը։ Միակ բացառությունը ընդդիմադիր «Քաղաքացիներ» կուսակցության առաջնորդ Ալեկո Էլիսաշվիլին էր, որին էլ և պատկանում էր Սալոմե Զուրաբիշվիլիի պաշտոնանկության դեմ տրված միակ քվեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG