Մատչելիության հղումներ

Արևմտյան մամուլը շարունակում է ռեպորտաժներ հրապարակել Կոռնիձորից


«Երկարատև և արյունալի հակամարտության ապշեցուցիչ արագ ավարտը», - ամերիկյան ամենահեղինակավոր պարբերականներից մեկը՝ The New York Times-ը այսպես է բնութագրում այն ամենն, ինչ այս օրերին կատարվում է Լեռնային Ղարաբաղի շուրջ։ Թերթի թղթակիցներն արդեն երկրորդ օրն է, ինչ աշխատում են Կոռնիձորում՝ զրուցելով սահմանային այս գյուղ ժամանող բռնի տեղահանվածների հետ։

«Սլավա Գրիգորյանը մեկն էր այն հազարավոր մարդկանցից, որ այս շաբաթ լքեց Լեռնային Ղարաբաղը։ Նա ասում է, որ իրերը հավաքել է ընդամենը 15 րոպեում՝ ադրբեջանցիների կողմից վերահսկվող նեղ լեռնային ճանապարհով ուղևորվելով Հայաստան։ Այդ ճանապարհին էլ Գրիգորյանն իր աչքով է տեսել, թե ինչպես են [ադրբեջանցի] զինվորականները չորս հայ տղամարդկանց դուրս բերում շարասյունից, տանում ինչ-որ տեղ», - գրում են ամերիկացի լրագրողները։

The New York Times-ի թղթակիցները նաև նշում են, որ սոցիալական ցանցերը հեղեղված են՝ «զանգվածային սպանությունների և բռնաբարությունների մասին չհաստատված տեղեկություններով, որոնք այժմ Լեռնային Ղարաբաղը լքող մարդիկ միմյանց են փոխանցում»։

The New York Times-ի զրուցակիցներից մեկն էլ պատմում է , որ Ղարաբաղը լքելուց առաջ ստիպված է եղել այրել 1988 թվականից նկարահանված իր 100 տեսաերիզները, որոնք պատկերում էին՝ «իր հայրենիքի պատմությունը՝ հաղթանակից մինչև ոչնչացում»: Ըստ ամերիկյան թերթի՝ «Արցախը թեև ջնջված է, բայց այդ գաղափարը դեռ բազմաթիվ կողմնակիցներ ունի»։

«Արցախը հետ բերելու համար մեզ նոր պատերազմ է հարկավոր», - 50-ամյա Կարլեն Նազարյանի խոսքերն է մեջբերում Financial Times-ը՝ նշելով, որ 90-ականների և 2020-ի պատերազմներին մասնակցած տղամարդը, որն այս օրերին Կոռնիձորում է, ծնունդով ղարաբաղցի չէ և սահմանին սպասում է իր մարտական ընկերներին։

«Երևանը դավաճանեց մեզ», - Financial Times-ի հետ զրույցում ասում է Լեռնային Ղարաբաղի 24-ամյա մի բնակչուհի, որ օրեր շարունակ անց է կացրել Ստեփանակերտի օդանավակայանում՝ բաց երկնքի տակ։

Թերթի զրուցակիցներից ևս մեկը՝ 47-ամյա Արթուր Պետրոսյանը խոստովանում է՝ սա առաջին անգամը չէ, որ իր ընտանիքը ստիպված է լքել հայրենի օջախը. - «Մանուկ հասակում այս մարդն ապրել է Բաքվում, սակայն հետագայում, ընտանիքի հետ ստիպված է եղել ապաստանել Լեռնային Ղարաբաղի փոքրիկ գյուղերից մեկում»։

«Ամենաշատն ինձ մտահոգում է, թե ինչ կլինի գերեզմանների հետ։ Մենք մեր հարազատներին ենք թողնում այդ հողում, և ես վախենում եմ, որ նրանց շիրիմները պարզապես կոչնչացվեն», - Financial Times-ի թղթակցին ասում է Պետրոսյանը։

«Այն ինչ գոյություն ուներ դարերով՝ կարող է վերանալ արդեն մի քանի օրից», - գրում է Washington Post-ը։

«Մի ամբողջ համայնք այսօր հայտնվել է իր բնօրրանը լքելու շեմին», - գրում է թերթը՝ հավելելով, - «հայերի գաղթը էթնիկ զտման վատ կանխազգացումներ է ծնում»։

Washington Post-ի բնորոշմամբ՝ Բաքվի նման պահվածքը հանդուրժում են քանի որ՝ «նավթով հարուստ Ադրբեջանի դիրքերը շատ ավելի ամուր են Արևմուտքի հետ էներգետիկ և անվտանգության ոլորտներում ունեցած սերտ կապերի շնորհիվ, այդ երկիրը իսրայելական զենքի խոշոր գնորդներից մեկն է, բացի այդ, ռազմավարական պատվար է հանդիսանում ընդդեմ Իրանի»։

«Այժմ էլ, ըստ երևույթին, Ադրբեջանը նաև Կրեմլի աջակցությունն է վայելում, համենայն դեպս այնքան ժամանակ, քանի դեռ [Հայաստանում] իշխանության ղեկին է Նիկոլ Փաշինյանը», - գրում է Washington Post-ի մեկնաբանը։

«Լեռնային Ղարաբաղի շուրջ ծագած ճգնաժամը ստիպում է Արևմուտքին վերաիմաստավորել Ադրբեջանի հանդեպ իր վերաբերմունքը», - պնդում է Լոնդոնում լույս տեսնող The Guardian-ը։

«Բրյուսելում և Վաշինգտոնում շատերը ցնցված են և իրենց խաբված են զգում», - թերթի հետ զրույցում պնդում է Քարնեգի հիմնադրամի ավագ փորձագետ Թոմաս դը Վաալը։

«Արևմտյան պաշտոնյաները վստահ են, որ Ղարաբաղում տեղակայված 2000 հոգանոց ռուսական խաղաղապահ զորախմբի անգործությունը Մոսկվայի և Բաքվի միջև ձեռք բերված պայմանավորվածության արդյունք էր», - պնդում է դը Վաալը՝ հավելելով, -«Արևմուտքը, չնայած հակամարտությունը կարգավորելու երկարատև ջանքերին, լուսանցք է մղվել։ Տարիներ շարունակ Ադրբեջանը հաջողությամբ ընդգծում էր իր կարևորությունը Արևմուտքի համար։ Վերջին իրադարձություններից հետո, սակայն, այստեղ կարծես Բաքվի կարևորության և նրա նկատմամբ տածած վստահության որոշակի վերանայում է տեղի ունենում»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG