Մատչելիության հղումներ

Բլինքենը բանակցում է, Փարիզը պատրաստվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ հրավիրել


Ֆրանսիան Լեռնային Ղարաբաղում ստեղծված կացության առթիվ Անվտանգության խորհրդի անհապաղ նիստ հրավիրելու առաջարկով հանդես կգա, իսկ Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը բանակցություններ է անցկացնում՝ «Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացվող աղաղակող գործողությանը վերջ տալու նպատակով»։ Այս մասին հաղորդում է AFP գործակալությունը՝ վկայակոչելով անանուն մնալ ցանկացած ամերիկացի պաշտոնյաներից մեկին։

«Այն բանից հետո, երբ երկուշաբթի օրը բացվեց մարդասիրական ճանապարհը, մենք հույս ունեինք, որ ի վիճակի կլինենք անցնել ավելի երկարաժամկետ խնդիրների [լուծմանը]։ Այս միջադեպը, սակայն, ամեն ինչ շատ վտանգավոր և ահավոր է դարձնում», - նշել է ամերիկացի պաշտոնյան АFP-ի հետ զրույցում։

Այս հաղորդագրությունից քիչ անց Հայաստանի կառավարությունը տեղեկացրել է վարչապետ Փաշինյանի և Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջև կայացած հեռախոսազրույցի մասին։ Դրա ընթացքում կողմերը ընդգծել են ուժի կիրառման անթույլատրելիությունը։ Դրանից քիչ անց Փաշինյանը իրավիճակը քննարկել է նաև Ֆրանսիայի նախագահի հետ։

Ֆրանսիայի ԱԳՆ ադրբեջանական հարձակումը դատապարտող հայտարարությամբ հանդես եկավ մի քանի ժամ առաջ՝ տեղեկացնելով նաև, որ Փարիզը պատրաստվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ գումարելու նախաձեռնությամբ հանդես գալ։

«Չկա որևէ պատրվակ, որ կարող է արդարացնել նման միակողմանի գործողությունը», - անդրադառնալով ադրբեջանական հարձակմանը՝ նշում է Ֆրանսիայի ԱԳՆ-ն։

Գերատեսչությունը նաև ընդգծում է, որ Ադրբեջանի կողմից ձեռնարկված հարձակումը «սպառնում է հազարավոր խաղաղ բնակիչներին, որոնք արդեն տուժել են ապօրինի շրջափակումից, և որը հակասում է հարցը բանակցությունների միջոցով կարգավորելու միջազգային հանրության ջանքերին»:

Ֆրանսիայի ԱԳՆ-ն նաև նշել է, թե Փարիզը սերտորեն աշխատում է եվրոպացի և ամերիկացի գործընկերների հետ «այս անընդունելի հարձակմանը վճռական պատասխան ձևակերպելու համար, պատասխան, որ համարժեք կլինի այն վտանգներին, որ ներկայացնում է [այդ հարձակումը] տարածաշրջանի անվտանգության համար», - նշված է հայտարարության մեջ։

Գրեթե նույնաբովանդակ կարճ գրառմամբ քիչ առաջ սոցիալական ցանցերում հանդես է եկել Ֆրանսայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնան՝ նշելով. «Հարձակումը պետք է անհապաղ կերպով դադարեցվի»։

ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձություններին անհատապես սկսեցին արձագանքել Ստեփանակերտի և մյուս հայկական բնակավայրերի ռմբակոծությունների մեկնարկից մի քանի ժամ անց։ Երևանի և Բաքվի միջև ընթացող բանակցություններում ԵՄ գլխավոր միջնորդ, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը մի քանի ժամ առաջ X սոցիալական ցանցում կարճ գրառում կատարեց՝ կոչ անելով դադարեցնել ռազմական գործողությունները և ձեռնամուխ լինել դիվանագիտական քայլերի։

«Սարսափելի լուրեր են ստացվում նախկին Լեռնային Ղարաբաղի մարզից, Ադրբեջանի ռազմական գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն, որպեսզի Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև իրական երկխոսություն ապահովվի», - գրել է Միշելը։

ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի գրասնեյակը ևս հանդես եկավ հայտարարությամբ նշելով. «Եվրոպական միությունը դատապարտում է շփման գծի երկայնքով և Ղարաբաղի մյուս վայրերում տեղի ունեցող ռազմական էսկալացիան։ ԵՄ-ը ցավում է էսկալացիայի հետևանքով մարդկային կյանքերի կորստի կապակցությամբ։ Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական բախումները, իսկ Ադրբեջանին՝ դադարեցնել ներկա ռազմական գործողությունները»։

ԵՄ բարձագույն ներկայացուցիչը հավելել է. - «Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև երկխոսության վերադառնալու հրատապ անհրաժեշտություն կա: Այս ռազմական էսկալացիան չպետք է որպես պատրվակ օգտագործել՝ տեղի բնակչությանը զանգվածային արտագաղթ պարտադրելու նպատակով։ Բռնությունները պետք է դադարեցվեն, որպեսզի ստեղծվի խաղաղության հաստատմանն, ինչպես նաև կարգավորմանն ուղղված բանակցությունների համար բարենպաստ միջավայր ստեղծվի»։

«Հարկավոր է ապահովել բոլոր կողմերի անկեղծ հանձնառությունն՝ աշխատելու բանակցված արդյունքի ուղղությամբ: ԵՄ-ն շարունակում է երկխոսությանն աջակցելու ուղղությամբ իր լիարժեք ներգրավվածությունը», - նշել է Բորելը:

Ավելի վաղ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի մասին հայտարարությամբ էր հանդես եկել Հարավային Կովկասում ԵՄ բանագնաց Տոյվո Կլաարը՝ նախ և առաջ իր պարտքը համարելով անդրադառնալ ոչ թե Ստեփանակերտի և ղարաբաղյան մյուս բնակավայրերի ռմբոկոծությանն, այլ ադրբեջանցիների՝ ականի պայթյունից զոհվելու մասին լուրին։

«Ողբերգական հաղորդագրություններ ականների պայթյուններից ադրբեջանցիների զոհվելու մասին: Այնուհանդերձ, շարունակվող ռազմական գործողությունը միայն կվատթարացնի իրավիճակը», - X-ում (նախկին Twitter-ում) գրել է Կլաարը՝ հավելելով. «Անմիջապես հրադադար հաստատելու հրատապ անհրաժեշտություն կա՝ Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև իրական երկխոսության հնարավորություն ստեղծելու համար։ Դա է խաղաղ գոյակցության հասնելու միակ ճանապարհը»:

Ադրբեջանական հարձակման թեման չի շրջանցել նաև ԵԱՀԿ ղեկավարությունը։ Կազմակերպության գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտգործնախարար Բույար Օսմանին X-ում արված գրառման մեջ նշել է, որ առաջիկա ժամերին Նյու Յորքում կհանդիպի Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ։ Հիշեցնենք, որ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը Միացյալ Նահանգներում են ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG