Մատչելիության հղումներ

Վրաստանի ընդդիմությունը «լայնածավալ ակցիաներ» կսկսի Սաակաշվիլիին ազատ արձակելու պահանջով


Վրաստան - Նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի աջակիցների բողոքի ցույց Թբիլիսիում, հունվար, 2023թ.
Վրաստան - Նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի աջակիցների բողոքի ցույց Թբիլիսիում, հունվար, 2023թ.

Վրացական ընդդիմությունը խոստանում է այսօրվանից բողոքի լայնածավալ ակցիաներ սկսել երկրի ողջ տարածքում՝ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ազատ արձակման պահանջով։ Այս մասին նախօրեին՝Վրաստանի վարչապետի նստավայրի մոտ կազմակերպված սակավամարդ ցույցի ժամանակ հայտարարեց ընդդիմադիր «Ազգային միացյալ շարժում» կուսակցության նորընտիր առաջնորդ Լևան Խաբեիշվիլին։

«Բողոքի գործողությունները կլինեն ամենուր։ Որտեղ գտնվեն իշխանության ներկայացուցիչները, այնտեղ էլ ցույցեր կլինեն։ Բողոքի ակցիաներ են կազմակերպվելու Վրաստանի ողջ տարածքում, այդ թվում մայրաքաղաքում՝ Բիձինա Իվանիշվիլիի, Իրակլի Ղարիբաշվիլիի, արդարադատության նախարարի առանձնատների մոտ։ Բոլորը պետք է հասկանան՝ նման իրավիճակը պահպանվելու է այնքան ժամանակ, քանի դեռ Պուտինի հրամանով սպանում են Ռուսաստանի ղեկավարի դեմ մարտնչած գերագույն գլխավոր հրամանատարին», - հայտարարում էր Խաբեիշվիլին։

Ազգային միացյալ շարժումը պայքարի փողոցային մեթոդներին անցնելու մասին հայտարարեց այն բանից հետո, երբ երկուշաբթի երեկոյան Թբիլիսիի քաղաքային դատարանը մերժեց Միխեիլ Սաակաշվիլիին ազատ արձակելու և բուժման նպատակով արտերկիր մեկնումը թույլատրելու՝ նրա փաստաբանների ներկայացրած միջնորդությունը։

Չնայած այն հանգամանքին, որ վերջին շաբաթներին նախկին նախագահի առողջական վիճակը կտրուկ կերպով վատացել է, վրացական դատարանը որոշեց նրան թողնել անազատության մեջ՝ պնդելով, թե Վրաստանում՝ մասնավորաբար Թբիլիսիի «Վիվամեդ» բժշկական կենտրոնում ևս նրան կարող են որակյալ օգնություն ցուցաբերել։ Սրան ի պատասխան՝ Սաակաշվիլիի կողմնակիցները որոշեցին ոչ միայն փողոց դուրս գալ, այլև դադարեցնել խորհրդարանական գործունեությունը։

Շատերի կարծիքով, սակայն, բոյկոտի այս որոշումը կարող է հակառակ էֆեկտն ունենալ։ Այսպես, կուսակցության արդեն նախկին նախագահ Նիկա Մելիան վստահ է, որ խորհրդարանական բոյկոտը -«ոչ թե անհարմարություններ է պատճառելու իշխող մեծամասնությանը, այլ հակառակը՝ նրանց համար հարմարավետ վիճակ է ստեղծելու»։ «Մենք պետք ճշգրիտ գնահատենք իրականությունն ու գործենք՝ առաջնորդվելով պրագմատիկ ծրագրով։ Միայն այդ դեպքում պայքարը կարող է արդյունավետ լինել», - Facebook-ի իր էջում գրել է Մելիան։

Սաակաշվիլիի զինակիցներից ևս մեկը՝ Խաթիա Դեկանոիձեն նույնպես վստահ է՝ խորհրդարանական բոյկոտն ու բողոքի արմատական միջոցներն այս փուլում արդյունավետ լինել չեն կարող։

«Ես դեմ եմ խորհրդարանը բոյկոտելու անարդյունք քայլերին, դեմ եմ նաև մանդատներից հրաժարվելուն։ Ինչ վերաբերում է բողոքի ակցիաներին, ապա եթե դրանք սխալ ընթանան և հանգեցնեն գործընթացների մարգինալացմանը, դա լուրջ խնդիր է դառնալու թե՛ կուսակցության, թե՛ անձամբ Սաակաշվիլիի համար», - սոցիալական ցանցերում գրել է Դեկանոիձեն՝ ընդգծելով, որ նախկին նախագահին ազատ արձակելու միակ միջոցը միջազգային ճնշումն է։

Վերջին օրերին, ի դեպ, այդ ճնշումը գնալով ավելի նկատելի է դառնում։ Նախ, երկուշաբթի օրը Սաակաշվիլիին ազատ արձակելու կոչով հանդես եկավ Ուկրաինայի Գերագույն ռադան, երեկ էլ այդ կոչը կրկնեցին Լատվիայի և Լիտվայի արտգործնախարարները։

«Ազատ արձակել Միխեիլ Սաակաշվիլիին՝ Եվրոպայում բուժում ստանալու նպատակով։ Դա լավագույն լուծումը կլինի թե՛ անձամբ նրա, թե՛ նրա ընտանիքի և թե՛ Վրաստանի եվրոպական ապագայի համար», - նախօրեին Twitter-ում գրել էր Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG