Մատչելիության հղումներ

Իշխանական պատգամավորները քննադատում են Ռուսաստանին և ռուս խաղաղապահներին


«Քաղաքացիական պայմանգրի» նախագիծը ներկայացրեց խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
«Քաղաքացիական պայմանգրի» նախագիծը ներկայացրեց խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները այսօր սուր քննադատության ենթարկեցին Ռուսաստանին ու Լաչինի միջանցքում տեղակայված ռուս խաղաղապահ ուժերին, խոսեցին նրանց միջազգային այլ ֆորմատի ուժերով փոխարինելու հնարավորության մասին, ավելին՝ ռազմավարական դաշնակցին մեղադրեցին Հայաստանին պատերազմի մեջ ներքաշելու մտադրության մեջ։

Իշխող մեծամասնությունն այսօր մերժեց քննարկել Լաչինի միջանցքի փակման շուրջ ընդդիմության հայտարարության նախագիծը։ Փոխարենը արտահերթ նիստում ընդդիմության բացակայությամբ քննարկեց և ընդունեց իշխող «Քաղաքացիական պայմանագրի» հայտարարության տեքստը Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ հարուցելու մասին։

Ալեն Սիմոնյան
Ալեն Սիմոնյան

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նախ նկատեց, որ նիստը բոյկոտած խորհրդարանական ընդդիմությունը իր ներկայացրած հայտարարության նախագծում զորակցություն է հայտնում ռուս խաղաղապահներին. - «Հարգելի գործընկերներ, խնդրեցի, մոռացեք իրանց [ընդդիմադիր պատգամավորների] մասին։ Իրանք բերել են մի նախագիծ, որտեղ, ստեղ պարոն Թորոսյանը, պարոն Խաչատրյանը, պարոն Աղազարյանը ասում են մենք պահանջում ենք, բան, իրանց նախագծի մեջ գրած էր՝ մեր զորակցությունն ենք հայտնում ռուս խաղաղապահներին... Ի՞նչ էիք սպասում մարդկանցից։ ՌԴ խաղաղապահների մանդատը, անկախ նրանից, թե մենք այս պահին բավարարված ենք թե բավարարված չենք, այնուամենայնիվ սա ևս մեկ անգամ ի ցույց է դնում, որ այդ խաղաղապահ ուժերը այնտեղ անհրաժեշտ են, պետք է երկարաձգվի։ Եվ միգուցե մենք պետք է դիտարկենք ոչ միայն Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների, այլ նաև միջազգային այլ ֆորմատների միջոցով այնտեղ հսկողություն իրականացնելու համար։ Մեր հարևան երկրներում, և ոչ միայն անմիջական հարևան երկրներում, դեռ չեն հասկացել, որ Հայաստանի Հանրապետությունում կան կարմիր գծեր։ Էդ կարմիր գծերը մեր համար հստակ են, և մենք դրա մասին խոսել ենք, և նման գործողություններով մեզ բան պարտադրել չի լինի»։

Վիգեն Խաչատրյան
Վիգեն Խաչատրյան

Իշխանական պատագմավոր Վիգեն Խաչատրյանն ավելի հեռուն գնաց՝ հայտարարելով, թե Ռուսաստանը ցանկանում է Հայաստանի ներքաշել պատերազմի մեջ. - «Բոլորիս աչքի առաջ ռուս խաղաղապահները, մինչև ատամները զինված, նայում էին ոնց էին մի քանի բաշիբոզուկ վրաններ տեղադրում։ Դուք տեսա՞ք, որևէ մի խաղաղապահ մոտեցա՞վ, ասե՞ց ճանապարհը մի փակեք։ Այսինքն՝ ես ավելի քան համոզված եմ, որ Ռուսաստանի Դաշնությունը մեզ ուզում է ներքաշի պատերազմի մեջ Ադրբեջանի հետ, անհամբեր սպասում է, թե երբ պիտի ղարաբաղցիները չդիմանան, մի հատ նռնակ պայթեցնեն։ Եվ սա ընդամենը, իմ կարծիքով, Ռուսաստանը փորձում է հրաժարվի Ղարաբաղից, փոխարենը Հայաստան ստանա Ադրբեջանից»։

Իշխանական պատգամավորներն ասում էին, թե խորհրդարանի հայտարարության տեքստում, ռուս խաղաղապահաներին ոչ թե պետք է կոչ անել կատարել իրենց պարտավորությունը, այլ պահանջել։

«Եվ էդտեղ որևէ սարսափելի բան չկա, որովհետև մենք իրավունք ունենք պահանջելու», - ասաց Հովիկ Աղազարյանը։

«Առնվազն Ռուսաստանի Դաշնության ուղղված մեր խոսքի մասում կոչ ենք անում բառերի փոխարինել Ռուսաստանի Դաշնությունից պահանջում ենք», - նշեց Արսեն Թորոսյանը։

«Եթե Միացյալ Նահանգների դեսպանատունը Բաքվում կոչ է անում Ադրբեջանին էդ վայրագություններին վերջ տալ, ինձ հասկանալի չի Ռուսաստանի դեսպանության լռումը, լուռ կեցվածքը Բաքվում, և հասկանալի չի Ռուսաստանի դեսպանի պահվածքը Հայաստանում։ Թող վեր կենա գնա Լաչին։ Իրանց պետությունն ա խայտառակվում», - նշեց Վիգեն Խաչատրյանը։

Ընդդիմությունն այսօր բոյոկտեց խորհրդարանի արտահերթ նիստը, քանի որ իշխող մեծամասնությունը մերժել էր քննարկել Լաչինի միջանցքը փակելու հարցի շուրջ իրենց հայտարարության նախագիծը։

Սեյրան Օհանյան
Սեյրան Օհանյան

Ազգային ժողովի խորհրդի նիստից հետո ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը տեղեկացրեց՝ իշխանությունը դեմ է, որ խորհրդարանի հայտարարության տեքստում խոսվի Արցախի ինքնորոշման իրավունքի մասին. - «Իրենք ասում են չասել, չխոսել Արցախի ինքնորոշման մասին, որ Ադրբեջանի այսպիսի գործողությունների ընթացքում անընդունելի է, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում։ Ընդունելի է՞... Արցախը եթե լինի Ադրբեջանի կազմում, և այս բոլոր սադրանքները Արցախի ժողովրդի նկատմամբ երբ որ շարունակվեն, երբ որ այնտեղ խաղաղապահներ չլինի, Հայաստանը որևէ հանձնառություն չունենա, Արցախում որևիցե մեկը կմնա՞ հայ բնակիչներից»։

Ինչո՞ւ է իշխող ուժը դեմ, որ Ադրբեջանի գործողությունները դատապարտող տեքստում խոսվի Արցախի ինքնորոշման իրավունքի մասին։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը պարզաբանում է, թե խորհրդարանի ընդունած հայտարարությունը պետք է համապատասխանի այն ուղերձներին, որոնք որ պաշտոնական Երևանը հղում է միջազգային հանրությանը։

«Ազատության» հարցին, թե արդյոք իրենք դեմ են ինքնորոշման իրավունքի հիշատակմանը հայտարարության տեքստում, Կոնջորյանը արձագանքեց. - «Այս պարագայում մենք ոչ թե կարգավիճակից ենք բխեցնում անվտանգությունը և իրավունքները Լեռնային Ղարաբաղի հայության, այլ Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և իրավունքներից ենք բխեցնում կարգավիճակը։ Եվ դրանից ելնելով, մենք գտնում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման լավագույն մեխանիզմը կլինի Բաքու - Ստեփանակերտ ուղիղ երկխոսությունը»։

Այսօր ընդունած հայտարարության մեջ իշխանությունը նշում է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու և գազամատակարարումը դադարեցնելու սադրիչ և հակամարդկային գործողությունների արդյունքում Արցախում հումանիտար աղետ է սկսվում։ Ելնելով ստեղծված իրավիճակից, խորհրդարանի իշխող ուժը կոչ է անում Ռուսաստանին իրականացնել անհրաժեշտ գործողություններ՝ ապահովելու նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների լիակատար իրականացումը ռուս խաղաղապահների վերահսկղության գոտում։ Միջազգային հանրությանը կոչ են անում խոստորեն դատապարտել Ադրբեջանի գործողությունները և միջոցներ ձեռնարկել հումանիտար աղետը կանխելու համար։

Իշխող ուժի ընդունած հայտարարության մեջ ոչինչ նշված չէ Հայաստանի քայլերի մասին։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG