Մատչելիության հղումներ

Ստեփանակերտը վերահաստատում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելությանն աջակցելու պատրաստակամությունը


Ստեփանակերտը վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ աջակցելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության հնարավորինս արագ իրականացումն Արցախում և հարակից շրջաններում։

Այսօր «Արցախի հոգևոր ու մշակութային ժառանգության պաշտպանության խնդիրներն ու վտանգները» խորագրով միջազգային գիտաժողովի մեկնարկին հայտարարեց Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը՝ բացարձակ ճշմարտություն համարելով Ադրբեջանի ձևավորումից ի վեր (1918 թ.) Բաքվի հակահայ պետական քաղաքականությունը, որի հիմքում, ըստ Արցախի ԱԺ նախագահի, եղել և շարունակում է մնալ հայ ինքնության և մշակութային արժեքների ոչնչացումը։

Ադրբեջանի կողմից մշակութային և հոգևոր ժառանգության՝ հանցավոր միտումնավորությամբ ոչնչացումը որակելով մարտահրավեր ողջ քաղաքակիրթ մարդկությանը՝ Թովմասյանը Արցախի օկուպացված տարածքներում վտանգված հայկական հոգևոր և մշակութային ժառանգության հետագա ոչնչացման կանխման միակ մեխանիզմը համարեց միջազգային հանրության դատապարտումն ու միջազգային հանրության և կառույցների ուշադրության հրավիրումը Արցախում հայկական մշակութային և հոգևոր ժառանգության դեմ Բաքվի անհանդուրժողականության դրսևորումներին։

Ադրբեջաներեն գրություններ Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու պատերին, նոյեմբեր, 2020թ․
Ադրբեջաներեն գրություններ Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու պատերին, նոյեմբեր, 2020թ․

Արցախի ԱԺ նախագահը կոչ արեց անհապաղ, գործուն և շարունակական քայլեր ձեռնարկել արդյունավետ մեխանիզմների մշակման հարցում՝ նպաստելու Ադրբեջանի կողմից այլ ժողովուրդների մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ ստանձնած միջազգային իրավական պարտավորությունների կատարմանը:

«Հակամարտության կարգավորումը, տարածաշրջանում տևական և կայուն խաղաղությունն անհնար է առանց Ադրբեջանի կողմից օկուպացված և փաստացի Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային և հոգևոր ժառանգության պահպանության, այդ թվում՝ բոլոր հնարավոր միջոցներով մշտադիտարկման կազմակերպման՝ կանխելու համար հայերի էթնիկ զտման նպատակով իրականացրած գործողությունները», - հայտարարեց Թովմասյանը՝ շեշտելով․ - «Ապրելով իր սրբացած հողում ՝ մեր ժողովուրդն աշխարհին ապացուցում է, որ Արցախը կա, ապրում է՝ պայքարելով իր երկրում ապրելու, ինչպես նաև մշակութային ժառանգության պահպանման ու պաշտպանության իրավունքների համար»։

Երևանն ու Ստեփանակերտը բազմիցս են ահազանգել, որ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի հսկողության տակ անցած տարածքներում մնացած հայկական գանձերը՝1456 անշարժ հուշարձան, այդ թվում՝ 161 վանք ու եկեղեցի, շուրջ 600 խաչքար, 8 պետական թանգարաններ՝ ավելի քան 19 հազար ցուցանմուշներով, ոչնչացման սպառնալիքի տակ են։ Պատերազմի ավարտից հետո արդեն իսկ բազմաթիվ փաստեր կան հավաքագրված ադրբեջանցիների կողմից արցախյան հուշարձանների պղծման վերաբերյալ՝ Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի, Կանաչ ժամ, Մեխակավանի եկեղեցի, Հադրութի Իշխան գյուղի, Կատարո վանքի խաչքարեր, Թալիշի, Մատաղիսի, Ավետարանոցի հուշահամալիրներ։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG