Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցչությունը շնորհավորել է Ռիքերին ՄԽ համանախագահ նշանակվելու կապակցությամբ


Ֆիլիպ Ռիքեր
Ֆիլիպ Ռիքեր

ԵԱՀԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցչությունը շորհավորել է Ֆիլիպ Ռիքերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ նշանակվելու կապակցությամբ։

«Շնորհավորում ենք Ֆիլիպ Ռիքերին կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդականի և ԵԱՀԿ համանախագահի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ», - գրված է ներկայացուցչության թվիթերյան էջում։

Օգոստոսի 24-ին Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունը հաղորդեց պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով օգնականի նախկին պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի՝ Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ նշանակման մասին։

Բաքուն կոշտ արձագանքեց՝ գրեթե չգործող Մինսկի խումբը «վերակենդանացնելու փորձերը» կարող են հանգեցնել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացից ԱՄՆ-ի հեռացման։ «Ղարաբաղյան հակամարտությունը լուծված է, Ղարաբաղն էլ Ադրբեջանի անքակտելի մասն է», ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաևան։

ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչն էլ, ի պատասխան Բաքվի, հայտարարեց՝ Ռիքերի նշանակմամբ ԱՄՆ-ը նպատակ ունի հասնել հայ-ադրբեջանական համապարփակ խաղաղությանը։ Պաշտոնական Երևանն էլ իր հերթին հայտարարեց՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության մանդատը որևէ մեկը չի չեղարկել։

44-օրյա պատերազմից հետո մոտ երկու տարի եռանախագահության մակարդակով բանակցությունները, փաստացի, փակուղում են։ Մինչ Հայաստանը խոսում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում կարգավորելու անհրաժեշտությունից, Ադրբեջանի նախագահ Ալիևը պնդում է՝ նման հարց այլևս գոյություն չունի, Մինսկի խմբին էլ թոշակի է ուղարկել:

XS
SM
MD
LG