Մատչելիության հղումներ

Աշխարհը հազիվ է խուսափել միջուկային վթարից․ Զելենսկի


Աշխարհը հազիվ է խուսափել միջուկային վթարից․ Զապորոժիեի ատոմակայանի շրջանում ռուսական հրետակոծության պատճառով ԱԷԿ-ը մի քանի ժամ կտրվել է էլցանցից, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Նրա խոսքով, ռուսական ուժերը ռմբահարել են քարածխով աշխատող էլեկտրակայանին մոտ գտնվող մոխրի հորերը, հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով ԱԷԿ-ը հոսանքազրկվել է։ Սակայն այդ ժամանակ սկսել են գործել դիզելով աշխատող գեներատորները, որոնք շարունակել են էլեկտրաէներգիայի մատակարարումը ԱԷԿ-ին՝ ապահովելով ատոմակայանի գործունեության համար կենսական նշանակություն ունեցող հովացման և անվտանգության համակարգերի աշխատանքը։

Ռուսական կողմն, իր հերթին, Կիևին է մեղադրում ատոմակայանի տարածքի հրետակոծման համար։

Ըստ մասնագետների, Զապորոժիեի ատոմակայանը կառուցված է բավականին անվտանգ նախագծով։ Այն կարող է դիմանալ ուժեղ հարվածների, անգամ եթե օդանավ ընկնի ատոմակայանի վրա, բայց եթե հովացման համակարգը խաթարվի, պաշտպանությունն անզոր կլինի միջուկային շղթայական ռեակցիայի դիմաց։

XS
SM
MD
LG