Մատչելիության հղումներ

Կառավարությունն աշխատում է Հայաստանում արբանյակների արտադրություն հիմնելու ուղղությամբ


ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյան, Երևան, 25-ը հուլիսի, 2022թ.
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյան, Երևան, 25-ը հուլիսի, 2022թ.

Իր առաջին արբանյակը տիեզերք արձակելուց երկու ամիս անց Հայաստանի կառավարությունը հայտարարում է, թե աշխատում է երկրում արբանյակների արտադրություն հիմնելու ուղղությամբ: Այսօր «Ազատության» հետ զրույցում այդ մասին ասաց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը։

«Հիմնական նպատակը՝ Հայաստանում ունենալ արբանյակների արտադրություն, մենք դնում ենք տենց ամբիցիոզ պլաններ և պետք է ձգտենք դրան։ Թե այս փուլում ինչքան կկարողանանք, որ մասը կկարողանանք էստեղ անել՝ հիմա կատարվում են գնահատման աշխատանքներ, տարբեր ընկերությունների հետ բանակցում ենք, տեսնում ենք՝ ինչ կարողություններ կան Հայաստանում, որպեսզի ճիշտ կարողանանք օգտագործել», - նշեց նախարարը՝ շարունակելով. - «Որովհետև իրականում Սովետական Միության ժամանակաշրջանում նման կարողություններ Հայաստանում եղել են, և այդ կարողությունները, կարելի է ասել, մասամբ պահպանվել են՝ մենք ունենք թե՛ կադրերի առումով, լավ գաղափարներ ունենք էստեղ, մասնագետներ ունենք, ում գիտելիքները կարելի է շատ լավ օգտագործել»։

Հարցին՝ խոսքը կապի՞ արբանյակների մասին է, Խաչատրյանը բացասական պատասխանեց. - «Ոչ, միանգամից ասեմ, որ կապի արբանյակների մասին այս պահին չենք խոսում, մեր արբանյակը կապի արբանյակ չի՝ դա Երկրի հեռահար զոնդավորման արբանյակ է, և հետագա շարունակությունը նույնպես էլի մտածում ենք, այս պահին մտածում ենք հեռահար զոնդավորման արբանյակների ուղղությամբ»։

Նախարարի փոխանցմամբ՝ Հայաստանում արբանյակների արտադրության գործում այս պահին որպես հիմնական գործընկեր բանակցում են իսպանական Satlantis-ի հետ։ Հենց այս ընկերության հետ համագործակցելով Հայաստանի կառավարությունը այս մայիսին տիեզերք արձակեց ArmSat-1 արբանյակը։

Satlantis-ը հիմնադրվել է Միացյալ Նահանգներում 2013 թվականին, մեկ տարի անց կենտրոնակայանը տեղափոխել է Իսպանիա։

«Այս փուլում, այո, մենք աշխատանքները սկսել ենք իսպանական ընկերության հետ, նաև հետագա զարգացումը էլի բանակցում ենք, քննարկում ենք իսպանական ընկերության հետ, բայց մենք բաց ենք համագործակցության նաև մյուս ընկերությունների համար, այսինքն՝ մենք շատ լավ ուսումնասիրում ենք շուկան և գտնում ենք այդ պահի համար ամենանպատակահարմար գործընկերոջը», - ասաց նախարարը։

Նա դժվարացավ նշել ծրագրի ֆինանսական կողմը, թե այս արտադրությունն իրականացնելու համար մասնավոր ի՞նչ ներդրումների մասին է խոսքը. - «Այս պահին չեմ կարող։ Տարբեր մոդելներ ենք քննարկում, այդ թվում նաև, այո, մասնավոր-պետական համագործակցությունն էլ է դիտարկվում որպես հնարավոր տարբերակ»։

Երկու ամիս առաջ Կառավարության նիստում հայտարարելով, որ Հայաստանը տիեզերք է արձակել իր առաջին արբանյակը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև տեղեկացրեց, թե երկրում ստեղծվելու է արբանյակի կառավարման կենտրոն և ընդունիչ կայան:

«Մենք մինչև տարվա վերջ պետք է ունենանք կառավարման և ընդունիչ կայան, աշխատանքները արդեն ընթանում են, մեր գործընկերները, ում միջոցով դա պատվիրել ենք, արդեն սկսում են սարքավորումների մատակարարումը, ուսուցման ծրագրերն են միաժամանակ իրականացվում, մասնագետների վերապատրաստում, այսինքն՝ տենց ընդհանուր, կոմպլեքս աշխատանքներ են արվում», - փոխանցեց Խաչատրյանը։

Հետագա ծրագրերի մասին նախարարը շատ բան չկարողացավ այս պահին ասել. - «Ուղղակի ասեմ, որ, այո, մենք նպատակ ունենք շարունակելու այս ծրագրերը»։

Հայաստանն առաջիկայում տիեզերք է արձակելու իր երկրորդ արբանյակը

Ռոբերտ Խաչատրյանն այսօր նաև տեղեկացրեց՝ առաջիկա երկու տարիների ընթացքում Հայաստանը տիեզերք է արձակելու իր երկրորդ արբանյակը. - «Երկրորդը լինելու է նույնպես նկարներ անող արբանյակ։ Ժամկետներ չեմ կարող ասել, բայց՝ 23 թվականի, 24 թվականի մոտակայքում»։

Պաշտոնական տեղեկության համաձայն, ArmSat-1 արբանյակը գործելու է առնվազն չորս տարի։

XS
SM
MD
LG