Մատչելիության հղումներ

Ադրբեջանն ավարտում է Լաչինի բնակավայրերը շրջանցող ճանապարհի շինարարությունը, հայկական կողմը դեռ չի սկսել


Արագացված տեմպերով շարունակվում է Լաչինը շրջանցող 32 կիլոմետրանոց ճանապարհի շինարարությունը. Ադրբեջանի լրատվամիջոցները տեսանյութ են տարածել, որտեղ արդեն ասֆալտապատման աշխատանքներն են։ Հայաստանն Արցախին կապող ու Լաչինի միջանցքին փոխարինող նոր ճանապարհը Սյունիքի Տեղ, Կոռնիձոր գյուղերով է մտնում Արցախ՝ Բերդաձորի ենթաշրջանի Հին Շեն, Մեծ Շեն գյուղերով: Հայկական այս գյուղերում տարուց ավելի է՝ թուրք ու ադրբեջանցի շինարարներ են աշխատում։

«Ոչ մի միջադեպ չի գրանցվել, Թուրքիայից էլ կան, Ադրբեջանից էլ կան՝ խառը, մեծամասնությունը Թուրքիայից է։ Վերջը մերն ա էլի {համայնքի հատվածը}, մի 10-15 օրից հողայինն էլ կավարտեն», - ասաց Մեծ Շեն համայնքի ղեկավար Դավիթ Դավթյանը։

Եռակողմ հայտարարությամբ երեք տարվա ընթացքում Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման ընդամենը նախագիծ պիտի հաստատվի, Ադրբեջանի նախագահը, սակայն, հայտարարությունից մեկ ամիս էլ չանցած ազդարարեց. «Ավելի շուտ կանենք, ու Լաչին քաղաքը նույնպես կվերադարձվի մեզ»։

Այժմ շինարարության ավարտը որքան մոտենում է, նույնքան ուժգնանում են խոսակցությունները, թե Բերձորն ու Աղավնոն նույնպես հնարավոր է Ադրբեջանի հսկողության տակ անցնեն։

«Ես ամեն առավոտ պատահական մեքենայով գործի եմ իջնում Սուս գյուղ, իրիկունը բարձրանում եմ։ Ինձ ընդամենը մարդիկ հարցնում են՝ բա ձեզ ասե՞լ են՝ դուրս պիտի գաք, ասում եմ՝ բա ձեզ ո՞վ է ասել, որ մենք պիտի դուրս գանք, մենք դուրս չենք գալու, ասում եմ, ինչի՞ համար են այս ավելորդ խոսակցությունները, եթե մենք հանգիստ ապրում ենք։ Մեզ օֆիցիալ ոչ մեկը չի ասել», - նշում է Բերձոր-Լաչինի 56-ամյա բնակիչ Աննա Մարգարյանը։

Նա ասում է՝ քաղաքում տագնապ չկա, ապրում են մոտ 250 հոգով։ Կարծում է՝ եթե քաղաքի բնակիչների թիվն ավելանա, ոչ ոք նրանց չի կարող դուրս հրավիրել իրենց բնակավայրից. «Եթե խոսակցություն կա, որ նրանք ուզում են Բերձորում ապրել, իրենք պատրա՞ստ են մեզ հետ Բերձորում ապրելու։ Մենք պատրաստ ենք, բայց իրենք ռիսկ չեն անելու գան, ապրեն մեզ հետ ստեղ։ Աղավնոյի մասին դե ընդհանրապես խոսք չկա դուրս գալու, քանի որ լրիվ բնակեցված է Աղավնոն»։

Ճանապարհը թող սարքեն, իսկ մենք տեղում ենք, ասում է Աղավնոյի համայնքապետ Անդրանիկ Չավուշյանը։ Նա լուրջ չի ընդունում այսուայնկողմից լսվող ահազանգերը, թե Բերձորն ու Աղավնոն պիտի հայաթափվեն։ Լուրջ չի ընդունում, որովհետև պաշտոնական որևէ աղբյուրից նման բան չի լսել. «Թող ազնիվ լինի մեր ղեկավարությունը, ասի՝ դե չենք կարող պայքարել կամ ինչ-որ մի բան, բայց ես չեմ ստացել ոչ մի կերպ այդպիսի հրաման, որոշում։ Պիտի լինի ղեկավար մարմիններից, Ռուսաստանի մասշտաբով հայտարարություններ, որ կարողանանք խառնվենք իրար ու ասենք՝ վայ մեր հողը տալիս են։ Ո՞վ է տալիս»։

Իսկ հայկական կողմը մինչև այժմ որևէ հստակ խոսք չի հնչեցրել Լաչինի միջանցքին փոխարինող նոր ճանապարհի հայկական հատվածի շինարարության ու դրան հաջորդող քայլերի մասին։ Արցախի տարածքային կառավարման նախարար Հայկ Խանումյանը ադրբեջանցիների ակտիվ ճանապարհաշինության մեկնարկից մեկ տարի անց միայն ասաց՝ այո, որոշվել է, թե որտեղով է անցնելու ճամփան. «Բնականաբար, եթե մի ճանապարհ տալիս ես, մի ուրիշ ճանապարհ պետք է տան, տրամաբանությունը դա է, որ այս ճանապարհի ենթակառուցվածքների փոխարեն իրենք մյուսն են կառուցում», - ասել էր նախարարը։

Հայկական կողմը կկառուցի Կոռնիձոր, Տեղ գնացող հատվածը, ասել էր արցախցի պաշտոնյան։ Հ

Հայկական կողմը որևէ աշխատանք դեռ չի սկսել։

«Իրենք են ավարտում, բայց հայկական կողմը սկսել ա, որ ավարտի՞ .. ճիշտ էլ անում ա», - նշում է Աղավնոյի համայնքապետ Անդրանիկ Չավուշյանը։

Ադրբեջանն ավարտում է Լաչինի բնակավայրերը շրջանցող ճանապարհի շինարարությունը, հայկական կողմը դեռ չի սկսել
please wait

No media source currently available

0:00 0:03:35 0:00
XS
SM
MD
LG