Մատչելիության հղումներ

Դատարանը մերժեց Մամիկոն Ասլանյանին ազատ արձակելու միջնորդությունը


Մամիկոն Ասլանյանը դատարանի դահլիճում։
Մամիկոն Ասլանյանը դատարանի դահլիճում։

Թեև նախաքննությունն արդեն ավարտված է, և գործն ուղարկված է դատարան, բայց դատավորը համարել է, որ Ասլանյանը ազատության մեջ լինելով կարող է խոչընդոտել նաև դատաքննությանն ու ազդել վկաների վրա։

Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանը կշարունակի կալանքի տակ մնալ. դատարանն այսօր մերժեց նրան ազատ արձակելու փաստաբանների միջնորդությունը։

Թեև նախաքննությունն արդեն ավարտված է, և գործն ուղարկված է դատարան, բայց դատավորը համարել է, որ Ասլանյանը ազատության մեջ լինելով կարող է խոչընդոտել նաև դատաքննությանն ու ազդել վկաների վրա։

Նախկին համայնքապետի կողմնակիցները, որոնք այսօր դատարան էին եկել, հրաժարվեցին մեկնաբանել դատարանի որոշումը։ Դատական նիստի ժամանակ փաստաբաններն ասել էին, թե անհիմն է արդեն վեց ամիս կալանավորված Մամիկոն Ասլանյանին անազատության մեջ պահելը, քանի որ նախաքննության ընթացքում արդեն բոլոր վկաները հարցաքննվել են, և, ըստ փաստաբանների, կոռուպցիայի մեջ մեղադրվող նախկին համայնքապետի դեմ ցուցմունքներ չեն տվել. - «Էդ հարցաքննված անձանց մենք գնանք համոզենք, որ ի՞նչ անեն։ Գան սուտ ցուցմո՞ւնք տան Մամիկոն Ասլանյանի դեմ։ Չկա քրեական գործի նյութերում առկա մի ցուցմունքով արտացոլված հանգամանք, որի հետ որ խոշոր հաշվով համաձայն չլինենք»։

Մամիկոն Ասլանյանը, որ 5 տարի ղեկավարել է Վանաձորը, մեղադրվում է իր պաշտոնավարման տարիներին կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով համայնքապատկան հողատարածքներն օտարելու համար։ Այդ անօրինականությունների համար մեղադրանք է առաջադրված նաև նրա երկու ենթակաների՝ իրավաբանի և համայնքի գլխավոր ճարտարապետի նկատմամբ։ Բայց նրանք կալանավորված չեն, դատաքննության ընթացքում կլինեն ազատության մեջ։

Ասլանյանն ու իր փաստաբանները մշտապես հայտարարել են, թե այս քրեական գործը քաղաքական դրդապատճառներ ունի. - «Այս քրեական գործը ծնվել է չգիտեմ ինչ ընտրովիության սկզբունքի վրա, և մեր վեց հարյուր հիսուն օտարված հողամասերից չգիտեմ ինչ ընտրովիությամբ ընտրվել է չորս, հինգ... Կարելի էր էս գործը դարձնել հազար երեք հարյուր դրվագ, որովհետև մենք վեց հարյուր հիսուն հողամասի առուծախ ենք ունեցել»։

Պաշտպաններն անցած շաբաթ դատարանում պնդեցին, թե որոշումները, որոնք Ասլանյանը կայացրել է իր պաշտոնավարման տարիներին, բխում են օրենքներից։ Ըստ փաստաբան Երվանդ Վարոսյանի, դրանք ապօրինի կարող են համարվել միայն վարչական դատարանի որոշմամբ։ Քանի դեռ վարչական դատարանը վճիռ չունի, դրանք համարվում են իրավաչափ. - «Մեղադրանքի կողմը կարծում է, որ չպիտի նպատակային նշանակությունը համապատասխանեցվեր էն կերպ, ինչպես համապատասխանեցվել է, չպիտի գործառնական նշանակությունը էդ հողատարածքների փոխվեր այնպես, ինչպես փոխվել է... Մենք այլ կարծիքի ենք։ Մենք կարծում ենք, որ ամեն ինչ արվել է հենց այնպես, ինչպես պիտի արվեր։ Բայց այս հարցի քննարկումը քրեական արդարադատության դաշտում չպիտի իրականացվեր, սա վարչական դատարանի քննարկման հարց է»։

Մամիկոն Ասլանյանը պաշտոնից հեռացել էր անցած տարի հոկտեմբերին և մասնակցելով ավագանու ընտրություններին, նրա գլխավորած դաշինքն ամենաշատ թվով ձայներ էր ստացել։ «Հայրենիք» կուսակցության ստացած 2 մանդատների օգնությամբ Ասլանյանը կարող էր համայնքի ղեկավարի պաշտոնում վերընտրվել, սակայն նա կալանավորվեց։

Մեկ ամիս անց վարչական դատարանը կքննի Վանաձորի ավագանու նկատմամբ սահմանած արգելքը, որից հետո միայն ավագանին հնարավորություն կունենա համայնքի ղեկավարի ընտրության հարցով նիստ անցկացնել։

Սակայն Մամիկոն Ասլանյանի կալանքի տակ լինելու պարագայում նրա գլխավորած դաշինքին մեկ ձայն կպակասի Ասլանյանին համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրելու համար։

Արդյո՞ք ավագանու իշխանական խմբակցությունը կգնա նիստերը բոյկոտելու և նոր ընտրությունների ճանապարհով, դեռ հայտնի չէ։ Հայտնի է միայն, որ մեկ ամիս առաջ նշանակված համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարի միջոցով չեն լուծվում անցած կես տարվա ընթացքում առաջացած խնդիրները։

Վանաձորում կառավարման ճգնաժամը շարունակվում է։

XS
SM
MD
LG