Մատչելիության հղումներ

Ուկրաինան Ռուսաստանի կողմից բաց ներխուժման վտանգի տակ է․ Խոտին


Ուկրաինան այժմ Ռուսաստանի կողմից հնարավոր բաց ներխուժման վտանգի տակ է, «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց «Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայության գլխավոր խմբագիր Ռոստիսլավ Խոտինը։

Ուկրաինան փաստորեն 8 տարի է, ինչ Ռուսաստանի հետ պատերազմական վիճակի մեջ է, նշեց Խոտինը՝ շեշտելով՝ ուղղակի այս պատերազմը հիբրիդային է, մի տեսակ քողարկված:

«Հիշեցնեմ, որ դեռևս 2014 թվականին Ռուսաստանը բռնակցել է Ղրիմը և Ուկրաինայի արևելքում՝ Դոնբասում հրահրել հակամարտություն: Բայց նա դա անում էր ստորաբար ու խորամանկությամբ: Սրանք 21-րդ դարի հիբրիդային պատերազմի մեթոդներն են, երբ Ռուսաստանը այնտեղ է, բայց ձևացնում է, որ այնտեղ չէ: Այլ կերպ ասած՝ նրա համար հեշտ է ամեն ինչ հերքել», - ասաց «Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայության գլխավոր խմբագիրը։

Խոտինի խոսքով՝ այժմ Ռուսաստանը բացեիբաց, առանց թաքնվելու արդեն 100 հազարից ավելի զորք ու մեծ քանակությամբ զինտեխնիկա է կուտակել Ուկրաինայի հետ սահմանին՝ տարբեր ուղղություններով՝ ինչպես Ղրիմից, այդպես էլ արևելքից ու հյուսիսից: Նրա փոխանցմամբ, Ռուսաստանի զինտեխնիկան ու զինվորները նույնիսկ արդեն մտել են Բելառուս:

«Այսինքն, այնտեղից էլ արդեն Ուկրաինայի համար պոտենցիալ սպառնալիք կա: Այնպես որ, Ուկրաինան այժմ Ռուսաստանի կողմից հնարավոր բաց ներխուժման վտանգի տակ է», - ասաց գլխավոր խմբագիրը՝ նշելով՝ Ուկրաինայում խուճապ չկա և, վկայակոչելով սոցհարցումների տվյալները, նշեց՝ Ռուսաստանի կողմից հարձակման դեպքում ուկրաինացիների մինչև 50 տոկոսը պատրաստ է գրանցվել տարածքային պաշտպանության համար, և ամեն երրորդ ուկրաինացի պատրաստ է զենք վերցնել, եթե Ռուսաստանը հարձակվի Ուկրաինայի վրա:

«Այնպես որ, մոբիլիզացիոն իրավիճակ է», - ասաց Ռոստիսլավ Խոտինը։

Նոյեմբերից Արևմուտքն ահազանգում է, թե Ռուսաստանը Ուկրաինայի հետ սահմանին մեծ քանակով զորքեր է տեղակայել և ծրագրում է նոր ագրեսիա իր հարևանի դեմ։ Մոսկվան հերքում է և պնդում, որ ագրեսիայի ծրագրեր չունի, փոխարենը ՆԱՏՕ-ին մեղադրում իրավիճակը սրելու մեջ։ Վաշինգտոնը գրեթե ամեն օր հայտարարում է, թե ուզում է հնարավորինս անել ուկրաինական ճգնաժամի դիվանագիտական հանգուցալուծման համար: Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն սակայն ասել է, որ եթե որևէ ռուսական ստորաբաժանում հատի Ուկրաինայի սահմանը, դա ներխուժում է և կարժանանա կոշտ և համակարգված տնտեսական պատասխանի։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG