Մատչելիության հղումներ

Ադրբեջանի և Պակիստանի նախարարները քննարկել են երկկողմ ռազմական համագործակցությունը


«Երեք եղբայր-2021»` եռակողմ ադրբեջանա-թուրք-պակիստանյան զորավարժությունները
«Երեք եղբայր-2021»` եռակողմ ադրբեջանա-թուրք-պակիստանյան զորավարժությունները

Ադրբեջանի պաշտպանության նախարարը չորեքշաբթի օրը Բաքվում բանակցություններ է վարել Պակիստանի պաշտպանական արդյունաբերության նախարար Զուբայդ Ջալալի հետ։

«Հանդիպմանը { կողմերը} գոհունակություն են հայտնել ադրբեջանա-պակիստանյան հարաբերությունների զարգացման և ռազմավարական գործընկերության մակարդակից, քննարկվել են երկկողմ ռազմական համագործակցության հիմնական վեկտորները», - ասվում է ադրբեջանական կողմի հաղորդագրությունում։

Հասանովն ու Ջալալին, հաղորդագրության համաձայն, քննարկել են նաև Ադրբեջանի, Պակիստանի և Թուրքիայի եռակողմ ռազմական համագործակցության հեռանկարները։ «Հասանովը նշել է համատեղ զորավարժությունների կարևորությունը երեք երկրների ռազմական անձնակազմի մասնագիտական մակարդակի բարձրացման գործում և ընդգծել այդ ոլորտում ջանքերի ավելացման անհրաժեշտությունը»,- փոխանցում է Ադրբեջանի ռազմական գերատեսչության մամլո ծառայությունը:

Ղարաբաղյան 44-օրյա պատերազմի ընթացքում, ըստ Հայաստանի իշխանությունների, ադրբեջանական կողմից ռազմական գործողություններում ներգրավված են եղել նաև Պակիստանի բանակի հատուկջոկատայինները։ Այդ մասին հայտարարել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վերջին տարիներին Բաքուն և Իսլամաբադը հետևողականորեն խորացնում են կապերը ոչ միայն ռազմական, այլ նաև տնտեսական, մշակութային, կրոնական ոլորտներում։ Երկու երկրների հարաբերություններում նշանակալի իրադարձություն էր ադրբեջանցի զինվորականների մասնակցությունը Պակիստանում տեղի ունեցած ռազմական շքերթին։ Մինչ այդ ադրբեջանական զորքը ներկա էր եղել միայն Թուրքիայում և Ռուսաստանում տեղի ունեցած զորահանդեսներին։

XS
SM
MD
LG