Մատչելիության հղումներ

Հոլոքոստ ապրած ազգի կողմից հանցագործություն է օգնելն Ադրբեջանին, կարծում է հրեա բժիշկը


Իսրայելի բժշկական հաստատություններից մեկում աշխատող երեխաների վիրաբույժ Վալերի Կորտունն ընդգծում է` շարքային քաղաքացիներն ու բժիշկները, որպես հասարակության մի մասը, չեն կարող պատասխանատու լինել «ահաբեկիչներին և ագրեսորներին զենքի մատակարարման հանցագործ գործողություններում»:

Նրան «Ազատությունը» հանդիպել էր օրերս Պետախ Տիկվա քաղաքում, որտեղ տեղի համայնքը կազմակերպել էր մոմավառություն՝ արցախյան պատերազմում զոհված հայ զինվորների ու խաղաղ բնակիչների հիշատակին: Ավելի քան 200 մարդ էր մասնակցում այդ արարողությանը, այդ թվում` Իսրայելում Հայաստանի նորանշանակ հյոuպատոս Նարեկ Ղազարյանը, Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանը: Հայոց ցեղասպանության հուշարձանի մոտ մարդիկ ծաղիկներ էին դնում, խնկարկություն տեղի ունեցավ, ու հարյուրավոր մոմեր վառվեցին:

Վալերի Կորտունի մոր կողմից պապն ազգությամբ հայ է, ու նա 25 տարի ապրել է Հայաստանում, ունի նաև հրեական արմատներ, բարձրագույն կրթությունն էլ Երևանում է ստացել: Համոզված է` Թուրքիայի աջակցությամբ պատերազմ հրահրած ագրեսոր Ադրբեջանին օգնելն ու աջակցելը Հոլոքոստ ապրած ազգի կողմից մեղմ ասած` սխալ է, իր անձնական կարծիքով՝ հանցագործություն: Հայաստանում թե պատերազմի ժամանակ, թե այս օրերին սերտ կապի մեջ է իր գործընկերների հետ և գտնում է, որ վիրավոր զինվորների հետագա ճիշտ բուժումն իրականացնելու համար անհրաժեշտ է օգնություն ցուցաբերել. «Պետք է շարունակել աշխատանքն այս ուղղությամբ, և իշխանությամբ օժտված մարդկանցից են կախված շատ հանգամանքներ, որոնք կարող են առանձնացնել մաքուր քաղաքական բաղադրիչը մարդասիրությունից և առողջ հասարակությունից, որը բնակվում է Իսրայելում և Հայաստանում», - ասում է բժիշկը:

«Ես գործընկերներ ունեմ Իսրայելում, որոնք աշխատում են «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունում, որոնք առաջատար վնասվածքաբաններ են, վիրաբույժներ, ռեանիմատոլոգներ, օրթոպեդներ և պրոթեզավորման մասնագետներ, որոնք կարող են տեղում բարձրորակ բժշկական օգնություն ցուցաբերել վիրավորներին:

Նրանք կարող են օգնել վերականգնվելու այն հիվանդներին, այն զինվորներին, այն վիրավորներին, ովքեր զրկվել են վերջույթներից, որովհետև այդ խմբի կորիզը բարձորակ օրթոպեդներն են, որոնք հետագայում կարող են կրկնակի վիրահատությունների շնորհիվ նաև օգնել նրանց, քանզի պատերազմն ավարտվել է, բայց նրանց կյանքը դեռ շարունակվելու է», - նկատում է բժիշկը:

Քննադատելով սեփական կառավարությանն ու լրատվամիջոցներին, որոնք չէին անդրադառնում հակամարտությանն ու հատկապես հրեական առաջատար հեռուստատեսություններին, որոնք լռում էին Ադրբեջանի ագրեսայի մասին, ասում է` անընդհատ կապի մեջ է եղել Հայաստանի հետ, կարծում է, որ ոչ միայն բժշկական միջազգային կազմակերպությունների շրջանակներում, այլև դեղամիջոցներով ու բժշկական սարքավորումներով է անհրաժեշտ աջակցել Հայաստանի բուժհաստատություններին:

«Հայաստանն այն ոչ մեծաթիվ երկրներից է, որ հակասեմիթականություն չկա, և իմ նկատմամբ թե փողոցում, թե դպրոցում և թե համալսարանում շատ լավ ու հարգալից էին վերաբերվում:

Ես, գտնվելով այստեղ, մինչև օրս չեմ կարողացել շոշափելի օգնություն ցուցաբերել ու աղոթում եմ, որպեսզի հնարավորություններ ունենամ տարբեր բժշկական ծրագրերի շրջանակներում աջակցել բազմաչարչար հայ ժողովրդին», - եզրափակեց իր խոսքը հրեա մանկաբույժը:

XS
SM
MD
LG