Մատչելիության հղումներ

Ֆրանսահայերն այսօր ցույցեր են անցկացնում Արցախի անկախության ճանաչման պահանջով


Փարիզում և Ֆրանսիայի բոլոր մեծ ու փոքր քաղաքներում ֆրանսահայերը այսօր ցույցեր են անցկացնում Արցախի անկախության ճանաչման պահանջով: Նույն այդ պահանջով մի քանի ցույց արդեն տեղի է ունեցել: Ֆրանսիայում այսօր ցուցարարները համախմբվել են Ազգային ժողովի մոտ և քայլել դեպի Ելիսեյան պալատ:

Հայտնի է արդեն, որ Ազգային ժողովի 22 տարբեր քաղաքական կուսակցությունների պատկանող պատգամավորներ համաձայն են Արցախի անկախության ճանաչմանը: Նրանք ստորագրել են և խորհրդարանի քննարկմանը ներկայացրել բանաձև, որով հրավիրել են կառավարությանը անհապաղ ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը դիվանագիտական հարաբերություններ հաստատել նրա իշխանությունների հետ` հակամարտության վերջնական լուծման համար:

Լիոնի շրջանում գտնվող Լիմոնե քաղաքի քաղաքապետական խորհուրդը երեկ քվեարկությամբ մաղթել է, որ Ֆրանսիան ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը: 27 խորհրդականների կողմից միասնաբան ընդունված բանաձևում նշվում է, թե Ֆրանսիայի կողմից Արցախի Հանրապետության ճանաչումը գրավականն է նրա բնակչության անվտանգության և տարածաշրջանային ու համաշխարհային կայունության:

Հիշեցնենք, որ նախօրեին 170 պատգամավորներ կոչ էին արել Ֆրանսիայի իշխանություններին հրաժարվել Արցախի պատերազմում ունեցած չեզոք դիրքորոշումից: «Մնալ չեզոք նշանակում է պաշտպանել հարձակվողին», - նշել է Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախկին նախագահ, նախկին պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանը` կոչ անելով ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը. - «Լինենք Արցախի անկախությունը ճանաչող առաջին պետությունը, այնպես, ինչպես արեցինք 2001 թվականի հունվարին Հայոց ցեղասպանության ճանաչման դեպքում»:

Ֆրանսիական մամուլն իր հերթին շարունակում է լայնորեն լուսաբանել արցախյան պատերազմը: Libération թերթին տված հարցազրույցում Հայաստանի վարչապետը նշել է` առանց Թուրքիայի միջամտության այս պատերազմը չէր սկսի, որովհետև Թուրքիան է Ադրբեջանին քաջալերել հարձակվել: «Մեր ակնկալիքն այն է, որ Ռուսաստանն ավելի գործուն և կոնկրետ քայլեր կձեռնարկի՝ տարածաշրջանում Ադրբեջանի և Թուրքիայի այս հարձակվողական գործողությունները կասեցնելու համար: Եվ, կարծում եմ, այդ ջանքերում ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահները և ընդհանրապես միջազգային հանրությունը պետք է օգնեն նրան», - շեշտել էր Փաշինյանը:

«Ֆիգարո» օրաթերթն այսօր անդրադարձել է մարդասիրական նոր զինադադարին: Մինչդեռ, հիշեցնենք, կողմերն այսօր դեռ առավոտյան մեղադրեցին միմյանց զինադադարը խախտելու համար: Օրաթերթը երևան է հանել Փարիզի դերը այդ զինադադարի կայացման որոշման մեջ` նշելով Էմանյուել Մակրոնի ունեցած հեռախոսազանգերը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ:

Մամուլում եղած հոդվածներում ուշադրության են արժանանում նաև հայերի ունեցած պայքարը թիկունքում: «Լը փուան» հեղինակավոր շաբաթաթերթի խմբագրականում` «Այդ հայերը, որոնք ուզում են մեռնել կանգուն» վերնագրի տակ քննադատվում են արևմտյան երկրները, որոնք բացի Ֆրանսիայի նախագահի Թուրքիայի ծավալապաշտությունը քննադատող հայտարարություններից, անտարբեր են մնում արևելքի քրիստոնյաների ճակատագրի հանդեպ: Արևմուտքի երկրների անգործության վերաբերյալ քննադատությամբ է հանդես եկել նաև «Մարիան» շաբաթաթերթը, որը իր հոդվածը վերնագրել է «Էրդողան, պատերազմները, որ նա գրգռում է այնտեղ, ցանցերը, որ նա հաստատում է այստեղ»: «Այդ ցանցերը դրանք են, որոնք Էրդողանը ստեղծել է Ֆրանսիայում թուրք համայնքի միջոցով` ազդելու համար Ֆրանսիայի քաղաքականության վրա: Հայերն այսօր վախենում են մի նոր ցեղասպանությունից», - ասված է հոդվածում:

XS
SM
MD
LG