Մատչելիության հղումներ

Արցախի հարցով ՄԻԵԴ-ի որոշումը կարելի է հայկական կողմի հաջողությունը համարել. Եղիշե Կիրակոսյան


ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, արխիվ
ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, արխիվ

Արցախի հարցով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կողմից երեկ ընդունված Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի միջանկյալ որոշումը կարելի է հայկական կողմի հաջողությունը համարել, այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ հիմնավորելով նաև, թե ինչո՞ւ։

«Հայաստանի Հանրապետության դիմումի հիման վրա է սա կայացվել, երկրորդը, Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացված ապացույցների հիման վրա է սա կայացվել, երրորդ, դատարանը նույնիսկ հարկ չի համարել այն ուղարկել Ադրբեջանի կառավարությանը լրացուցիչ տեղեկատվություն կամ մեկնաբանություն ստանալու համար, որը սովորաբար 39-րդ կանոնով նախատեսված միջանկյալ միջոցի կիրառման ժամանակ անում են», - ասաց Կիրակոսյանը։

Պատերազմական գործողությունների մեկնարկի արդեն հաջորդ օրը Հայաստանը դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ խնդրելով պարտադրել Ադրբեջանին դադարեցնել քաղաքացիական օբյեկտների ռմբակոծումը Հայաստանի և Արցախի շփման գծի ողջ երկայնքով, ինչպես նաև ձեռնպահ մնալ քաղաքացիներին, քաղաքացիական օբյեկտները և բնակավայրերը թիրախավորելուց։ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը որոշմանը «եզակի» որակումն է տալիս։

«Նման նախադեպ, որ պետության դիմումի հիման վրա դատարանը կայացնում է միջանկյալ միջոց, եզակի դեպքեր են, սա կարելի է թվով ասել՝ երրորդն է։ Առաջին երկուսը Ուկրաինայի դիմումի հիման վրա կայացված որոշումներն են։ Բոլոր դեպքերում էլ դատարանն անդրադառնում է երկու կողմերին էլ, այսինքն այն պետությանը, որը ներկայացրել է դիմումը և այն պետությանը, որի դեմ ներկայացվել է որոշումը»., - նշեց ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչը։

Հայաստանը ՄԻԵԴ էր ներկայացրել փաստական տվյալներ Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայկական բնակավայրերը, քաղաքացիական օբյեկտներն ու բնակչությանը թիրախավորելու վերաբերյալ։ Հայաստանի կառավարության դիրքորոշմամբ՝ ստրասբուրգյան դատարանի երեկվա կայացրած որոշման բեռն առավելապես ընկնում է Ադրբեջանի կառավարության վրա, չնայած դրանում կոչ կա նաև Հայաստանին։ ՄԻԵԴ-ը և՛ Ադրբեջանին, և՛ Հայաստանին կոչ է անում անում զերծ մնալ ռազմական գործողություններից, որոնք կարող են հանգեցնել քաղաքացիական բնակչության կոնվենցիոն իրավունքների խախտման, մասնավորապես, կյանքի իրավունքի և խոշտանգումների արգելման։

«Դատարանի որոշումն ի թիվս այլնի, նաև հիմնվել էր այն խախտումների վրա, որոնք մենք արձանագրել ենք և ներկայացրել ենք որպես ապացույց», - ընդգծեց Կիրակոսյանը։

Հայաստանը պատրաստվում է առաջիկայում նաև նոր տեղեկություններ ներկայացնել ՄԻԵԴ, այդ թվում՝ Վարդենիսի ուղղությամբ՝ տեղի զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ հասցված հարվածների և քաղաքացիական բնակչությանը թիրախավորելու վերաբերյալ, ինչի հետևանքով մեկ քաղաքացիական անձ էր սպանվել։ ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի խոսքով՝ եթե Ադրբեջանը խախտի ստրասբուրգյան դատարանի որոշում, ապա այն ադրբեջանական կողմի համար բարդ հետևանքներ կունենա։ Կիրակոսյանը տեղեկացրեց, որ Հայաստանի կառավարությունը մտադրություն ունի ՄԻԵԴ-ին նաև գանգատ ներկայացնել ընդդեմ Ադրբեջանի, այդ հարցն, ըստ նրա, դեռ քննարկման փուլում է։

ՄԻԵԴ-ից հայտնում են, որ և՛ հայկական, և՛ ադրբեջանական կողմերը պետք է հնարավորինս սեղմ ժամկետում իրենց պարտավորությունների կատարման մասին տեղեկություն ներկայացնեն Եվրոպական դատարան։

XS
SM
MD
LG