Մատչելիության հղումներ

«Գազպրոմ Արմենիան» սպառողներին վաճառվող գազի սակագները վերանայելու հայտով դիմել է ՀԾԿՀ


Մինչ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը երեկ ռուսաստանյան «Գազպրոմին» առաջարկել է սահմանին գազի գնի նվազեցման շուրջ բանակցություններ սկսել, «Գազպրոմ Արմենիան» այսօր դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ սպառողներին վաճառվող գազի սակագները հուլիսի 1-ից վերանայելու հայտով։

Անցած տարվա հունվարի 1-ից սահմանին 1000 խորանարդ մետր ռուսական գազի համար Հայաստանը վճարում է 165 դոլար (նախկին 150-ի փոխարեն), բայց բնակիչներին հասնող գազի սակագինը չի փոխվել՝ մնալով նույն 290 դոլարը։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը այսօր մինչև հայտը ստանալը «Ազատության» հետ զրույցում ասել էր, որ «Գազպրոմը» մտադիր է այսօրվա գներից միջինը 11 տոկոսի աճի հայտով դիմել․ - «Գործող միջինը 255 դոլար է։ Այսինքն ընկերությունը ուզում է գործող միջին սակագնի նկատմամբ 11 տոկոս աճ»։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը երկու և կես ամիս առաջ ասել էր, թե պայմանավորվածություն կա, որ մինչև ապրիլի 1-ը ոչ միայն գազի սակագնի փոփոխություն տեղի չի ունենա, այլև հայտ չի ներկայացվի։ Փաստորեն «Գազպրոմ Արմենիան» պահեց պայմանավորվածությունը, բայց ապրիլի 1-ը եկավ թե չէ, առանց օր կորցնելու հայտը ներկայացրեց։

Պաշտոնական հայտարարությունների azdarar.am կայքում հրապարակված հայտարարությունից տեղեկանում ենք․ Եթե այժմ սոցիալապես անապահովները տարեկան մինչև 600 խորանարդ մետր գազի 1000 խորանարդ մետրի համար 100 հազար դրամ են վճարում, «Գազպրոմ Արմենիան» առաջարկում է նրանց համար սակագինը դարձնել 135 հազար 909 դրամ՝ ճիշտ նույնքան, ինչ մյուս բնակիչների համար։ Ի դեպ, բնակիրների համար առաջարկում են գինը նվազեցնել մոտ 4 դրամով։ Տնտեսվարողների համար գործող սակագները առաջարկում են բարձրացնել։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի խոսքով, գազ սպառողների հինգ խմբեր կան, որոնց համար տարբեր գներ են սահմանված, վերջնական բաշխումը, թե որ խմբին գազը ինչ գնով է վաճառվելու է, որոշելու է հանձնաժողովը․ - «Բոլոր հինգ խմբերի համար նույն բանն է տվել՝ 283,14 դոլար։ Այսինքն ընկերությունն ասում է՝ իմ միջին անհրաժեշտ գինն այսքան է։ Իսկ թե ինչ խմբերի մեջ ու ինչքան մեծությամբ կբաշխվի, դա արդեն մենք ենք որոշում՝ կախված, թե Կառավարությունը ինչ գերակա ուղղություններ է տվել։ Մասնավորապես, ունենք տված ջերմոցներ և վերամշակողներ, կա «սոցիալապես անապահովներ» սպառողական խումբ առանձնացված, որն ավելի էժան գին է ստանում»։

«Գազպրոմից» առայժմ չեն մեկնաբանում, թե ինչով են հիմնավորում սակագինը բարձրացնելու հայտը, որը հանձնաժողովը պետք է ուսումնասիրի 80 աշխատանքային օրվա ընթացքում։ Կարող են նաև մերժել, գործող գները վերահաստատել՝ եթե, Բաղրամյանի խոսքով, «պահանջը չհիմնավորվի»։

Հանձնաժողովի նախագահը, այդուհանդերձ, սակագնի բարձրացման տեղ տեսնում է․ - «Եթե այսօր գործող սահմանի գինը պահպանվում է, ապա որոշակի բարձրացման հիմնավորվածություն կարող է լինել։ Բայց եթե սահմանի գնի փոփոխություն ունենանք, այս պահին, կախված մեծությունից, նույնիսկ կարող է նվազել»։

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը կարծում է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պետք է մերժի «Գազպրոմ Արմենիայի» հայտը, այն ոչ մի տնտեսական հիմնավորում չունի, գազի շուկայական գինը, տնտեսագետի խոսքով, համաշխարհային շուկայում գահավիժում է․ - «Մտածեցի ապրիլմեկյան կատակ է։ Բայց պարզվում է, «Գազպրոմը» մեր հետ կատակ չի անում։ Կարծում եմ, մենք էլ իր հետ կատակ պետք է չանենք։ Պետք է մերժվի, և ընդհանրապես պետք է քննարվի հակառակ հարցը՝ գազի սակագնի նվազման հարցը»։

Խաչատրյանի խոսքով, տնտեսության համար գազի թանկացումը կործանարար ազդեցություն կունենա․ - «Առաջարկում է ներկայացնում հատկապես տնտեսավարողների վերաբերյալ սակագինը բարձրացնել։ Շղթայական սա գալու է բոլորի վրա։ Այս պայմաններում, երբ որ չգիտեն տնտեսությունը ոնց ա վերականգնվելու։ Երբ որ լրացուցիչ գումարներ են հարկավոր, որպեսզի տնտեսությունը ակտիվացնեն, հիմա «Գազպրոմը» մեզ նվեր ա մատուցում։ Այսինքն «Գազպրոմը» ուզում է, որ մեր տնտեսությունն ընդհանրապես վերանա»։

ԵԱՏՄ անդամ պետությունների որոշ ղեկավարներ, ինչպես պարզ է դառնում պաշտոնական հաղորդագրությունից, գոհ չեն ռուսական գազի գործող սակագներից։ Երեկ Փաշինյան - Լուկաշենկո հեռախոսազրույցի մասին բելառուսական կողմի տարածած հաղորդագրության համաձայն, Հայաստանի և Բելառուսի ղեկավարները կարծիք են հայտնել, որ ռուսական գազի գները գերագնահատված են, ինչը չի համապատասխանում թե՛ համաշխարհային չափանիշներին, թե՛ ստեղծված իրավիճակին։

XS
SM
MD
LG