Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի ՏԻՄ ընտրացուցակներում Հայոց ցեղասպանությունը ժխտող գործիչներ են հայտնաբերվել


Մարտի 15-ին և 22-ին Ֆրանսիայում տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների` քաղաքապետի ընտրություններ: Հայաստանի և Հայ դատի հանդեպ թեկնածուների դիրքորոշումը գուցե մտահոգություններից առաջինն է ֆրանսահայ ընտրողի համար:

Ֆրանսահայ կազմակերպություններն իրենց բացահայտման աշխատանքների ժամանակ ընտրացուցակներում ծագումով թուրք մի շարք թեկնածուներ են հայտնաբերել, ովքեր ժխտողական վերաբերմունք ունեն Հայոց ցեղասպանության նկատմամբ:

Ապրիլի 24-ի հանձնախումբը, որը ֆրանսահայ կազմակերպությունները համակարգող խորհրդի մասնաճյուղն է, Վալանս քաղաքի ընտրական ցանկերից երկուսում օրերս հայտնաբերել է ծագումով թուրք ֆրանսիացիների մասնակցությունը, որոնք համացանցում ամիսներ առաջ կատարած իրենց տարբեր գրառումներով ի հայտ են եկել որպես Հայց ցեղասպանությունը ժխտողներ: Վերջիններս տեղ են գտել այն ընտրացուցակներում, որոնք գլխավորում են հայերի բարեկամ քաղաքական պատասխանատուներ, ինչպիսիս են օրինակ Վալանսի քաղաքապետ Նիկոլա Դարագոնը և պատգամավոր Միշել Ռիվազին: Վերջիններս, մինչդեռ, հերքում են իրենց ցուցակներում ժխտողականների ներկայությունը:

Ապրիլի 24-ի հանձնախումբը հայտարարություն է տարածել` այդ թեկնածուներին ընտրական ցուցակներից հանելու պահանջով: «Մեր նպատակն է հարգել տալ 2001 թվականի հունվարի 29-ի օրենքը, որով Ֆրանսիայի Հանրապետությունը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, ժխտողականները տեղ չունեն Վալանսի քաղաքական դաշտում», - ասված է հայտարարության մեջ: Միաժամանակ հանձնախումբն ընդգծել է` հակառակ դեպքում մտադիր է արգելք հանդիսանալ այդ երկու ընտրացուցակների քվեարկությանը:

Նմանօրինակ մի դեպք է հայտնաբերվել փարիզամերձ Քրեթեյ արվարձանում տեղի հայկական միության կողմից: Վերջինս ևս պահանջել է քաղաքական մեծամասնությանը պատկանող, ծագումով թուրք թեկնածուի չեղարկումը, որը եթե դրական պատասխանել է տվել իրեն հարցապնդած հայերին Հայաստանի հետ հարաբերությունները շարունակելու վերաբերյալ, ապա լռություն է պահպանել ապրիլի 24-ը իբրև հիշատակի ազգային օր ընդունելու և հայերի Ցեղասպանության ճանաչման մասին:

«Քրեթեյը և Գյումրին համագործակցում են 1997 թվականին կնքված համաձայնագրով, և չպետք է թույլատրել, որ ժխտողականները մաս կազմեն քաղաքապետական խորհրդին», - նշել է տեղի հայերի միությունը իր հաղորդագրության մեջ:

Ծագումով թուրք մի թեկնածուի ընտրությունն էլ Լիոնի ընտրություններում անհանգստացնող է նույնպես: Թեկնածուն, որ ինչպես նշել է ճանաչված լրագրող Ժանին Պալուլյանը տեղական ռադիոկայաններից մեկին տված հարցազրույցում, ամբողջությամբ անմեղ չէ Հայեց ցեղասպանության վերաբերյալ իր տեսակետում:

Դրությունն, ի դեպ, ավելի լուրջ է Փարիզում, ուր քաղաքապետի թեկնածուներից մեկն է արդարադատության նախկին նախարար Ռաշիդ ալ Դատին հանրապետական կուսակցությունից, որի ընտրման հավանականությունը քիչ չէ: Նա Ադրբեջանի շահերի պաշտպանն է Ֆրանսիայում և իր այդ գործունեությունը մի քանի տարի առաջ մերկացրել էր հաղորդումներից մեկի ժամանակ: «Արմենիուս» կայքը երեկ իր առաջնորդողն էր նվիրել այս հարցին «Քաղաքապետական ընտրություններ. ժխտողականության վերադարձը» վերնագրի տակ և երևան էր հանել թափանցիկության պակասը թեկնածուների հակացեղապաշտ, հակաժխտողական դիրքորոշումներում` համարելով, թե քաղաքական կուսակցությունները պետք է աչալուրջ լինեն այդ հարցում, և դա Թուրքիայի կամայականություններին դիմակայելու միջոցներից մեկն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG