Մատչելիության հղումներ

Համաճարակաբան. Այս օրերին կորոնավիրուսի ախտանշաններով, բարձր ջերմությամբ Չինաստանից ժամանած ուղևորներ չեն եղել


Armenia -- Passengers are Checked in Zvartnots International Airport. 30Jan.,2020
Armenia -- Passengers are Checked in Zvartnots International Airport. 30Jan.,2020

Չինաստանի Շանհայ քաղաքից տարանցիկ չվերթով Հայաստան ժամանած Յան վստահեցնում է, որ իրենց քաղաքում խուճապ չկա. Շանհայը կորոնավիրուսի տարածման օջախից՝ Հուբեյ նահանգից ավելի քան 800 կմ հեռավորության վրա է:

«Անունը, որտեղ ենք ապրում, որքան ենք մնալու Հայաստանում և ի՞նչ նպատակով ենք եկել». - այդ հարցերը վայրէջքից հետո իրենց տրամադրված ձևաթղթում են եղել։ Նաև այլ հարցեր՝ օրինակ գրիպի ախտանշաններ ունե՞ն, թե՞ ոչ:

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից վստահեցնում եմ, որ այս օրերին «Զվարթնոց» օդանավակայանում Չինաստանից տարանցիկ չվերթներով Հայաստան ժամանած բոլոր ուղևորներն են այդ հարցերին պատասխանում, օդակայանում հեռահար ջերմաչափի միջոցով էլ Հայաստան ժամանողների ջերմությունն են չափում:

«Սահմանված է, որ 38 աստիճանից բարձր տաքության դեպքում է անհրաժեշտ լայնածավալ հակամիջոցառումներ կազմակերպել։ Բայց ելնելով առկա համաճարակային իրավիճակից և ուժեղացված հսկողությունից՝ մենք մի նիշ իջացրել ենք, ու հսկողությունը սկսում ենք նույնիսկ 37 աստիճանից բարձր ջերմողների նկատմամբ», - ասում է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի համաճարակաբան Հայկ Կարապետյանը։

Նրա խոսքով, այս օրերին կորոնավիրուսի ախտանշաններով, բարձր ջերմությամբ Չինաստանից ժամանած ուղևորներ չեն եղել: Նա պարզաբանում է, թե ինչ գործողություններ պետք է իրականացնի տեսչական մարմինը, եթե լինեն այդպիսի ուղևորներ. - «Եթե ժամանում են կլինիկական նշաններով ուղևորներ, իրանք անմիջապես հոսպիտալացվում են օդանավակայանից: Մենք ունենք հատուկ ստերիլ պատգարակներ, մեկուսացվում են այդ պատգարակներով, տեղափոխվում են շտապօգնությունով Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղ նույնպես մեկուսացման պայմաններում ստանում են համապատասխան բուժում»։

Չինաստանի Սիան քաղաքից Հայաստան ժամանած Էրիկ Խաչիկյանը գործընկերոջ հետ է Հայաստան եկել։ Մտահոգություն ուներ՝ իրենք էլ կարող է վարակվեին. - «Մեզ ասվեց, որ եվրոպական բժիշկների օգնությամբ խումբ է կազմակերպվել, որը օդակայանից սկսած փորձում է կանխարգելել կորոնավիրուսի մուտքը Հայաստան։ Այն է՝ ջերմություն չափել, տեսնել ինչպիսին է առողջական վիճակը մանավանդ Չինաստանից ժամանած թե՛ հայերի, թե՛ չինացիների և այլն։ Ժամանելով այստեղ՝ մենք տեսանք լրիվ հակառակ սիտուացիան»։

Հետո էլ, ասում է, իրեն առաջարկել են անվտանգության համար դիմել պոլիկլինիկա. գնացել են՝ ստուգում անցնելու, սակայն պնդում է, թե դռներից դուրս են հայտնվել. - «Հենց որ մտանք գլխավորի մոտ և ասեցինք, որ մենք Չինաստանից ենք եկել, մեզ հրավիրեցին դուրս։ Քանի որ գլխավորի առանձնասենյակը գտնվում էր առաջին հարկում, մեզ հրավիրեցին շենքից դուրս, բացեցին պատուհանը, մենք կանգնած հողերի մեջ, դրսում շփվում ենք գլխավոր բժշկի հետ։ Նա մեզ հայտնեց, որ կապնվում է Առողջապահության նախարարության և այլն, և այլնի հետ։ Եվ մեզ ասեցին, որ պետք է գնալ ինֆեկցիոն [հիվանդանոց]»։

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում նրանք արյան անալիզ են հանձնել ու թոքերն են ախտորոշել։ Արդյունքը դրական է, սակայն ինքը մտահոգ է՝ Հայաստանում հնարավոր չէ պարզել, մարդը կորոնավիրուսով վարակված է, թե ոչ. - «Նորքի ինֆեկցիոնում շատ պարզ, հասկանալի բացատրեցին, իրենք չունեն նույնիսկ հիվանդության նմուշները։ Այսինքն, եթե նույնիսկ նրանք վերցնում են արյան նմուշ կամ նկարում են մեր թոքերը, նրանք ուղղակի չգիտեն դրա հետ ինչ պետք է անեն։ Հա, կարողանում են փաստել, որ մեր թոքերը լավ են կամ վատ են, արյան մեջ ինչ-որ բաներ նորմալ ա կամ նորմալ չի։ Բայց դրանից ավել ոչինչ չեն կարող անել»։

Համաճարակաբան Հայկ Կարապետյանն ասում է, որ Չինաստանից ժամանած բոլոր ուղևորներն առանց բացառությամբ ջերմաչափվում են հեռահար ջերմաչափի միջոցով. - «Բոլոր ժամանողները գտնվում են հսկողության տակ։ Եթե անհրաժեշտություն լինի, իրենք եթե նույնիսկ չունեն այդ միջոցները, որոնցով կարող են անմիջապես տեղում ստուգել, ժամանողից վերցրած նմուշը կարող են ուղարկել համագործակցող այլ պետության լաբորատորիաներ ու ստանալ՝ վարակված է, թե վարակված չի»։

Առողջապահության նախարարությունից պարզաբանում են, թե ինչու Հայաստանում դեռ չկան համապատասխան միջոցներ կորոնավիրուսի ախտորոշման համար: Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնի ներկայացուցիչ Լիանա Թորոսյան. - «Դրանք դեռևս սահմանափակ են։ Նախապատվությունը տրվում է այն երկրներին, որտեղ որ ռիսկը բարձր է։ Հետևաբար խնդրանքը և հորդորը մեր քաղաքացիներին, մասնավորապես նրանց, ովքեր որ վերադառնում են՝ պետք չի խուճապի մատնվել, պետք է լսել բժիշկները ինչ են ասում, պետք է մանրամասն և լիարժեք լրացնել այդ հասցեական ասվածը, որպեսզի բժիշկը կարողանա կարճ ժամանակում տվյալ անհատին գտնել»։

Համաճարակաբան Հայկ Կարապետյանն ասում է, որ կորոնավիրուսի տարածումից հետո Չինաստանից օրական 20 քաղաքացի է Հայաստան ժամանում:

Չինաստանում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանը «Ազատությանը» տեղեկացրեց, Հուբեյ նահանգում 7 ՀՀ քաղաքացի կա, որոնք արձագանքել իրենց. - «Մենք իրենց հետ ամերօրյա հեռախոսային կապի մեջ ենք։ Մենք այսօր հարցրել ենք նրանց, 7 հոգուց ընդամենը 3 հոգին են ցանկություն հայտնել ապագայում, հնարավոր տարհանման դեպքում տարհանվելու վերաբերյալ՝ շատ լավ հասկանալով, որ դա էլ առանձնապես անվտանգ չի»։

Իսկ ընդհանուր առմամբ, ըստ դեսպանի, իրենց սոցիակական ցանցերում արձագանքել մոտ ավելի քան 400 ՀՀ քաղաքացիներ, դեսպանության ունեցած տեղեկություններով, այդ քաղաքացիների շրջանում վարակվածներ չկան, սակայն նրանց որոշ մասը ցանկություն է հայտնել Հայաստան տեղափոխվել:

Վերջին տվյալներով Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 170-ի, վարակվածներինը՝ 7700-ի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG