Մատչելիության հղումներ

Աշոտյան. Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքը օդ է և արագացնում է հականիկոլական կոնսոլիդացիան


Երրորդ նախագահ, մոտ քսան տարի Հայաստանում իշխած Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքը «օդ է և այն արագացնում է հականիկոլական կոնսոլիդացիան», այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Մոտ քառորդ դար Հայաստանում իշխանության մաս կազմած և անցած տարվա թավշյա հեղափոխության արդյունքում իշխանությունից հեռացած Սերժ Սարգսյանին առաջադրվել է մոտ կես միլիարդ դրամ գումարի հափշտակությունը կազմակերպելու մեղադրանք։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Այսօր հրավիրած ասուլիսում Արմեն Աշոտյանը հայտարարեց․ - «Եթե Քոչարյանի նկատմամբ հարուցված գործը ջուր է, Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված գործը օդ է: Անհամբեր կսպասենք պատմության դատին, տեսնենք, թե ում նկատմամբ հարուցված գործը ապագայում կլինի կրակ կամ հուր, և ում նկատմամբ հարուցված գործը կլինի հող: Կարծում եմ, այդ հնարավորությունները մեր պատմությունն ունենալու է: Սարգսյանի հանդեպ հարուցված գործը և մեղադրանքը արագացնում է հականիկոլական կոնսոլիդացիայի գործընթացները: Սա հետևանք է, որի ականատեսը մենք լինում ենք այս վերջին երեք օրերի ընթացքում, և այստեղ իրոք պետք է ասել՝ շնորհակալություն քեզ, Փաշինյան Նիկոլ»:

Ըստ Աշոտյանի, Հայաստանի նախկին ու ներկա սահմանադրությունները գործառութային անձեռնմխելիություն են ամրագրում ցանկացած նախագահի համար՝ պաշտոնից բխող լիազորությունների իրականացման դեպքում․ - «Պաշտպանական թիմը դիմել է Գլխավոր դատախազին՝ ներկայացնելով համապատասխան հիմքերը, Սերժ Սարգսյանին ներկայացված մեղադրանքը առ ոչինչ ճանաչելու համար՝ ելնելով այս պահի դրությամբ գործառութային անձեռնմխելիությունից: Որ ասում եմ անձեռնմխելիություն, չի նշանակում, թե Սերժ Սարգսյանը սխալ բան է արել, բայց ինքը անձեռնմխելի է: Նախ, սխալ բան չի արել, դա գործով կտեսնեք, եթե ավելի մանրամասն սկսեք կարդալ, և մենք ունենանք այդ հնարավորությունը ձեզ հետ կոմունիկացնելու: Երկրորդը, նա անձեռնմխելի է»:

«Եթե հույսը նա է, որ Սերժ Սարգսյանին հանեն արանքից, ՀՀԿ-ն փլվելու է, էդ մարդիկ պատմություն չգիտեն, էդ մարդիկ արժեք չունեն, էդ մարդիկ չգիտեն, որ ՀՀԿ-ն իր քաղաքական ճակատագրի բերումով, ավաղ, երեք լիդեր է կորցրել արդեն և ամեն անգամ վերապրել է», - շարունակեց Աշոտյանը։ - «Երբ լուրը առանք նախագահի մեղադրանքի, ՀՔԾ-ում գտնվելու և այլն, կուսակցությունը եռում էր, այստեղ գտնվում էին տասնյակ մարդիկ մշտապես ողջ օրվա ընթացքում»:

Աշոտյանին հիշեցրեցինք, որ ժամանակին բարձրաստիճան հանրապետականները հայտարարում էին, որ կուսակցությունն ունի շուրջ 150 հազար անդամ, իսկ հեղափոխությանը նախորդած խորհրդարանական վերջին՝ 2017-ի ապրիլի ընտրությունների ժամանակ, ըստ պաշտոնական տվյալների, Սերժ Սարգսյանի առաջնորդած կուսակցությունը ստացել էր ավելի քան 770 հազար ձայն։

Եթե ՀՀԿ կենտրոնական գրասենյակում հավաքվել են ընդամենը տասնյակ մարդիկ, ու՞ր են մնացածը՝ կուսակցական ընկերները, ՀՀԿ-ին ընտրողները՝ հարցրեցին Արմեն Աշոտյանին։

«Կորան», - արձագանքեց ՀՀԿ փոխնախագահը: - «Մեր ընտրողները ոչ միայն կորան, այլ մեր ընտրողները նաև մեր դեմ ցույցեր էին անում: Եթե, ըստ մամուլի, մեր հետ աշխատած նախարարները կարող են նախագահի դեմ շինծու ցուցմունք տալ, բա էլ ընտրողներից ի՞նչ եք ուզում»:

Աշոտյանն անդրադարձավ ղարաբաղյան կարգավորման գործընթացին, բրատիսլավյան բանակցությունների արդյունքներին․ - «Սերժը փրկեց Նիկոլին: Այս մեկ ու կես տարվա ընթացքում Փաշինյան - Մնացականյան զույգի դեգերումները ղարաբաղյան հարցում ավարտվեցին նրանով, որ վերահաս ճգնաժամից և կատաստրոֆայից խուսափելու համար Փաշինյան - Մնացականյան զույգը կրկին բռնվեց Սերժ Սարգսյան - Էդուարդ Նալբանդյան զույգի կողմից մշակված բանակցային փաթեթից՝ որպես փրկօղակից»:

ՀՀԿ փոխնախագահին հիշեցրեցինք Սերժ Սարգսյանի հետևյալ հայտարարությունը 2016 թվականի նոյեմբերին ռուսաստանյան Россия сегодня լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ. - «Հայկական կողմերը՝ Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը թողնում են այն տարածքները, որոնք, որպես անվտանգության գոտի, ներկայում զբաղեցված են: Այսինքն՝ այն տարածքները, որոնց մասին ադրբեջանցիները ասում են, որ դրանք օկուպացված են․ ադրբեջանական յոթ շրջաններ: Մենք թողնում ենք այդ շրջանները, հեռանում ենք»:

Էլ ավելի վաղ՝ 2001 թվականի մայիսին, երբ Հայաստանի նախագահը Ռոբերտ Քոչարյանն էր, ղարաբաղյան խնդրի վերաբերյալ խորհրդարանական լսումների ընթացքում այն ժամանակվա պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը հայտատարել էր. - «Այո՛, ես համարում եմ, որ Աղդամը մեր հայրենիքը չէ»:

Աշոտյանն արձագանքեց․ - «Ինչքան կարելի է ծամել այդ միևնույն ծամոնը՝ մեկ ու կես տարի շահարկելով թեզեր, որոնք, առաջինը՝ Կիսելյովի մասով, կեղծ են, որովհետև հատվածական են վերցված: Այդ հարցազրույցը դիտարկեք ամբողջության մեջ: Նախագահ Սերժ Սարգսյանն ասում է, որ ադրբեջանցիները չէին ստորագրելու, որովհետև նախագահ Սերժ Սարգսյանն ասում էր, որ Ղարաբաղը ունենալու էր վերջնական կարգավիճակ և այլն: Ցույց տվեք ինձ որևէ իշխանություն Հայաստանում, կլինի Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը թե Նիկոլ Փաշինյանը, որը չի ասել, որ լուծումները պետք է լինեն փոխզիջումների մեջ: Կա՞ այդպիսի իշխանություն Հայաստանում»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG