Մատչելիության հղումներ

ՔԿ․ Տվյալներ են ձեռք բերվել Հրայր Թովմասյանի կողմից պաշտոնեական լիազորությունները առերևույթ չարաշահելու վերաբերյալ


Հրայր Թովմասյան, արխիվ
Հրայր Թովմասյան, արխիվ

Քննչական կոմիտեն այսօր հաղորդում է, որ տվյալներ են ձեռք բերվել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի՝ որպես արդարադատության նախարար պաշտոնավարման ընթացքում պաշտոնեական լիազորությունները առերևույթ չարաշահելու վերաբերյալ:

Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական գործն առնչվում է Թովմասյանի` որպես արդարադատության նախարար պաշտոնավարման ժամանակահատվածում Արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետի պաշտոնը զբաղեցրած Նորայր Փանոսյանի և նախարարության ու Երևանի քաղաքապետարանի այլ պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունների առերևույթ չարաշահմանը: Գործով նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել առերևույթ կատարված հանցագործություններին Հրայր Թովմասյանի ուղղակի մասնակցության վերաբերյալ, հիմնավորվել է Բաղրամյան 1 փակուղի 14 շենքի թիվ 162 տարածքը Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված աճուրդի արդյունքներով` փաստացի նրա կողմից ձեռք բերված լինելու հանգամանքը, ասված է հաղորդագրությունում:

«Նկատի ունենալով, որ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք են բերվել Հրայր Թովմասյանի՝ որպես ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցրած անձի կողմից իր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված առերևույթ հանցագործություն կատարելու վերաբերյալ տվյալներ, իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 6-րդ և 10-րդ մասերի համաձայն` Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական ծառայություն իրականացնող անձանց` իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների վերաբերյալ գործերով նախաքննությունը կատարում են բացառապես ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչները, ուստի քրեական գործն, ըստ քննչական ենթակայության, ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն», - փոխանցում է Քննչական կոմիտեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG