Մատչելիության հղումներ

ԵՄ-ն կոչ է արել Անկարային անհապաղ դուրս բերել զորքերը Սիրիայից


Եվրամիությունն այսօր միաձայն դատապարտեց Թուրքիայի ներխուժումը Սիրիա՝ կոչ անելով Անկարային անհապաղ դուրս բերել զորքերը հարևան պետությունից:

Կառույցի անդամ երկրների արտգործնախարարները, Լյուքսեմբուրգում կայացած հանդիպումից հետո, համատեղ հայտարարությամբ ընդգծեցին՝ Թուրքիայի ռազմական գործողությունները լուրջ վնաս են հասցնում ողջ տարածաշրջանի կայունությանն ու անվտանգությանը:

«Մենք միաձայն որոշեցինք դատապարտել, ընդգծում եմ բայը՝ դատապարտել, ոչ թե մտահոգություն կամ անհանգստություն հայտնել», - հայտարարեց Իսպանիայի արտգործնախարար Ժոզեպ Բորելը՝ նշելով. «Մենք կախարդական փայտիկ չունենք՝ ռազմական գործողությունները դադարեցնելու համար, սակայն հնարավորին շատ ճնշում կգործադրենք, այն, ինչ կատարվում է հիմա, անընդունելի է մեզ համար»։

Քննադատելով Անկարային՝ ԵՄ-ը միաժամանակ խուսափեց որոշում կայացնել Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու, մասնավորապես, զենքի վաճառքը միասնաբար դադարեցնելու հարցում, ինչին կողմ էին Ֆրանսիան և Գերմանիան: Նախօրեին երկու երկրների առաջնորդները՝ նախագահ Էմանյուել Մակրոնն ու կանցլեր Անգելա Մերկելը, հեռախոսազրույց էին ունեցել Թուրքիայի և Միացյալ Նահանգների նախագահների հետ:

«Մեր նպատակն էր մեկ, հստակ ուղերձ փոխանցել Էրդողանին՝ այս հարձակումը պետք է ավարտվի, քանի որ այն սպառնում է անտանելի դարձնել մարդասիրական դրությունը, մյուս կողմից՝ նպաստել, որ «Իսլամական պետություն»-ը վերադառնա այս տարածաշրջան», - հայտարարել էր Ֆրանսիայի նախագահը:

Արտգործնախարար Ժան Իվ Լը Դրիանն, իր հերթին, այսօր ընդգծեց՝ ժամանակն է խոսքից գործի անցնել. «Թուրքական այս ներխուժումը լուրջ մարդասիրական աղետ է ստեղծելու, և Ֆրանսիան ակնկալում է, որ այս հանդիպմանը հստակ որոշում կընդունվի Թուրքիային վաճառվող զենքի վերաբերյալ»:

Անցած տարի միայն Թուրքիան 45 միլիոն եվրոյի զենք-զինամթերք է գնել Եվրամիության երկրներից: Գերմանիան ու Ֆրանսիան անցած շաբաթավերջին արդեն իսկ սառեցրել էին զենքի վաճառքը ՆԱՏՕ-ի դաշնակցին՝ Սիրիայի հյուսիսում սկսված գործողությունների պատճառով, ավելի ուշ այդ որոշմանը միացել էին նաև Ֆինլանդիան, Նորվեգիան և Նիդերլանդները: «Մենք չպետք է աջակցենք այդ պատերազմին», - հայտարարել էր Գերմանիայի արտգործնախարար Հեյկո Մաասը:

«Թուրքական հարձակման արդյունքում քրդերը դաշինք կնքեցին Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հետ՝ է'լ ավելի խճճելով իրավիճակը: Մենք մտավախություն ունենք, որ սա ի վերջո կամրապնդի «Իսլամական պետության» դիրքերը, ինչի նախանշաններն արդեն իսկ տեսնում ենք», - նշել է Գերմանիայի արտգործնախարարը:

Չնայած Փարիզի ու Բեռլինի հորդորներին՝ Եվրամիությունը միասնական արգելանքի փոխարեն որոշեց զենքի վաճառքի սահմանափակման հարցը թողնել անդամ երկրների սեփական հայեցողությանը: Չորս ժամ շարունակված քննարկումներից հետո Իսպանիան, Ավստրիան, Բելգիան հայտարարեցին՝ միանում են նախաձեռնությանը:

«Առաջիկա ժամերին Իտալիան ևս կմիանա», - Ֆեյսբուքում գրեց այդ երկրի արտգործնախարար Լուիջի դի Մայոն, միաժամանակ ընդգծելով՝ արգելանքը կվերաբերի միայն նոր գործարքներին, նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները կշարունակեն մնալ ուժի մեջ:

Անկարան պաշտոնական հայտարարություն դեռ չի տարածել, բարձրաստիճան պաշտոնյաները, սակայն, շտապել են պնդել՝ որոշումները որևէ ազդեցություն չեն թողնի:

«Մենք բավականաչափ արտադրանք ունենք, և կարող ենք նրանց զենքերը շատ ավելի լավ համակարգերով փոխարինել», - ասել է ՄԱԿ-ում Թուրքիայի դեսպան, նախագահ Էրդողանի նախկին խորհրդական Սադիկ Արսլանը:

Նախագահ Էրդողանն իր հերթին անցած շաբաթ սպառնացել էր՝ եթե թուրքական բանակի գործողությունները եվրոպացիները ներխուժում որակեն, ինքը կբացի սահմանն ու Թուրքիայում գտնվող միլիոնավոր փախստականներին կուղարկի Եվրոպա: Չնայած սպառնալիքին՝ Նիդերլանդների արտգործնախարարն այսօր հստակ ընդգծեց՝ Թուրքիան ներխուժել է հարևան երկրի տարածք՝ խախտելով միջազգային նորմերը, Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակն էլ պնդեց՝ Եվրամիությունը չպետք է ընկրկի Էրդողանի սպառնալիքների առաջ:

«Մենք չպետք է վաճառենք մեր սկզբունքներն ու մեր արժանապատվությունը», - ասել է Միրոսլավ Լայչակը:

Թուրքիան Եվրամիության անդամ դառնալու հայտ է ներկայացրել ավելի քան 30 տարի առաջ: 2016-ից, սակայն, անդամակցության շուրջ բանակցությունները սառեցվել են՝ մարդու իրավունքների և ժողովրդավարության շարունակական խախտումների պատճառով: Սիրիայի հյուսիսում սկսած ռազմական գործողություններն ակնհայտորեն է’լ ավելի են սրել երկկողմ հարաբերությունները: Ի նշան բողոքի՝ Ֆրանսիայի արտգործնախարարն այսօր հրաժարվել է ներկա լինել սեփական երկրի և Թուրքիայի ֆուտբոլային հավաքականների հանդիպմանը, ընդ որում, սա միայն Լը Դրիանի որոշումը չէ:

Ֆրանսիայի աջակողմյան ու ձախակողմյան կուսակցությունները հորդորել են չեղարկել խաղը, Թվիթերում ևս այդ պահանջով հատուկ հեշթեգ է ստեղծվել, որին միացել են բազմաթիվ օգտատերեր: Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանը խնդրել է ոստիկանությունից անվտանգության հավելյալ միջոցառումներ ձեռնարկել՝ սադրանքներից խուսափելու համար:

XS
SM
MD
LG