Մատչելիության հղումներ

ՍԴ-ն մերժեց վարույթ ընդունել Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու Աժ դիմումը


Սահմանադրական դատարանը (ՍԴ) մերժեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ԱԺ-ի դիմումը վարույթ ընդունել: Նիստի ավարտից հետո «Ազատությանը» հայտնեց Սահմանադրական դատարանի (ՍԴ) անդամ Ալվինա Գյուլումյանը:

Աշխատակարգային նիստին չեն մասնակցել Հրայր Թովմասյանը և Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը: Հրայր Թովմասյանին հանդիպեցինք Սահմանադրական դատարանի մոտ, նիստի ավարտից հետո: Իր չմասնակցելը հիմնավորեց անաչառության տեսանկյունից:

«Ես մտածեցի, որ անգամ իմ ֆիզիկական ներկայությունը՝ նստել ոչինչ չասել, չէր ստացվի, ինչ-որ բան ասել, եթե քեզ է վերաբերվում, ապա ևս խնդիր էր, իսկ Սահմանադրական դատարանը չունի ընթացակարգ, որ այս նիստին չմասնակցել։ Կարող էի, իհարկե, արձակուրդ չվերցնել, պարզապես նիստին չգնալ, կարծում եմ, ճիշտ չէր լինի», - ասաց Թովմասյանը։

Ազգային ժողովի ընդունած նախագծի հիմքում Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննության ընթացքում Հրայր Թովմասյանի թույլ տված էական կարգապահական խախտումներն են: Շուրջ 100-էջանոց փաստաթղթում ներկայացված է չորս հիմք: Այդ հիմքերից մեկը, որ խախտվել է բարձր դատարանի անաչառության սկզբունքը, ՍԴ նախագահի և Հանրապետական կուսակցության փոխկապակցվածությունն է, Թովմասյանի անդամակցությունը ՀՀԿ-ին, իսկ կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի շահերը համընկնում են Մարտի 1-ի գործով: Հիմքերից է Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանի հետ Հրայր Թովմասյանի քավոր-սանիկական կապը: Բայց, ըստ իշխանական պատգամավորի, խնդիրը ոչ թե բարեկամական կապն է, այլ դրա մասին չբարձրաձայնելը, սեփական անձի վարույթից հեռացվելու հարց չբարձրացնելը: Եվ չորրորդը, Քոչարյանի դիմումը վարույթ ընդունելիս պետք է քննարկվեր դատավորի մասնակցության անհնարինության վերաբերյալ հարցը, բայց այդպիսի որոշում բարձր դատարանը չունի։

Հրայր Թովմասյանի մասնակցության անհնարինության վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը, սակայն ՍԴ-ն շրջանցել է դատավորի միջնորդությունն ու անցել Քոչարյանի դիմումի քննությանը:

Արդյո՞ք նախագծում ներկայացված փաստարկները հիմնավոր չեն եղել, հարցրինք Ալվինա Գյուլումյանին:
«Էս պահին անհրաժեշտ չեմ համարում ինչ-որ բացատրություններ տալ, ուղղակի որոշել ենք վարույթ չընդունել էդքան բան», - պատասխանեց Գյուլումյանը։

Հրայր Թովմասյանը հրաժարվեց մեկնաբանել՝ իր լիազորությունների դադարեցման հիմքերը փաստարկվա՞ծ էին, թե՞ ոչ:

«Դուք տեսե՞լ եք մի տեղ, որ գրված լինի՝ քավոր-սանիկական հարաբերությունները հիմք», - ասաց Թովմասյանը։

«Ազատության» հարցին՝ Վահե Գրիգորյանի միջնորդությունը ինչո՞ւ չի քննվել, որը հիմքերից մեկն է, ՍԴ նախագահը պատասխանեց. «Դուք եք այստեղ այդ հարցը տվել Արևիկ Պետրոսյանին և ստացել եք պատասխան»։

Իշխող մեծամասնություն «Իմ քայլը» խմբակցության հեղինակած նախագծին կողմ քվեարկեց նաև ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, իսկ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը որոշեց չմասնակցել քվեարկությանը: ՍԴ-ի նախագահ Հրայր Թովմասյանն օրեր առաջ տված հարցազրույցում հայտարարել է, որ իր պաշտոնավարման շուրջ Ազգային ժողովի սկսած գործընթացը քաղաքական է:

Հրայր Թովմասյանին հարցրինք՝ ո՞ր դեպքում կհեռանա Սահմանադրական դատարանից, Թովմասյանը պատասխանեց. «Երբ որ կլրանա իր պաշտոնավարման ժամկետը»։

«Ազատության» դիտարկմանը՝ չորս հիմք է ներկայացված, իր կարծիքով ի՞նչ որոշում կընդունեն պատասխանեց. «Ես էդ գործին չեմ մասնակցում, եթե չեմ մասնակցում, ես չգիտեմ ինչ որոշում կընդունեն, ի՞նչ կլինի և այլն, և այլն։ Սահմանադրական դատարանը քննում է հիմա այդ գործը, ինչ որոշում կկայացնի, ապա դա ճիշտ որոշումն է։

Դիտարկմանն էլ, որ իշխանության ընդդիմախոսները, որոնք նախկին իշխանության ներկայացուցիչներ են, սոցիալական ցանցերում շատ են թմբկահարում այն միտքը, որ իր նկատմամբ ճնշումներ է գործադրում իշխանությունը, տեսնո՞ւմ է իր նկատմամբ ճնշումներ, Թովմասյանն արձագանքեց. «Դուք հետևո՞ւմ ես սոցիալական ցանցերին, եթե հետևում եք, ինքներդ հետևություն արեք՝ կան, թե չկան»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG